Համենայնդեպս՝ այդպես էին խոստացել
Մի շարք երթուղային տաքսիների վերջնականգառները դարձել են իսկական գլխացավանք: Երթուղայինները կանգառում են այնպիսի հատվածներում, որ շատ հաճախ խանգարում են թե՛ անցորդներին, թե՛ կանգառներում կանգնած ուղեւորներին ու հարակից տարածքի գրասենյակների աշխատանքներին: Օրինակ՝ թիվ 31 երթուղու վերջնականգառը Հարավ-արեւմտյան թաղամասի Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների հատման մասում է: Այս տարածքում են գտնվում տարբեր գրասենյակներ, բանկերի մասնաճյուղեր եւ խանութներ: Մեզ հետ զրույցում գրասենյակներից մեկի աշխատակիցները դժգոհեցին, որ թիվ 31 երթուղայինների վերջնականգառը իրենց համար շատ անհարմար վայրում է: Միանգամից 7-8 մեքենաներ կանգնում են այնպիսի վայրում, որ փակում են գրասենյակ տանող ճանապարհը. «Այդ երթուղայինները ժամերով կանգնած են լինում գրասենյակների դռների առջեւ, իսկ մեր հիմնարկի մեքենաները չեն կարողանում մոտենալ ոչ միայն գրասենյակին, այլեւ մայթին: Ստիպված բավականին հեռու են կանգնեցնում մեքենաները, հետո ծանր-ծանր ապրանքները գրկած բերում մինչեւ օֆիս: Բացի այդ, ամբողջ փողոցը գրավել են, նույնիսկ օֆիսների աշխատողներն իրենց սեփական մեքենաները չեն կարողանում մոտիկ տեղ կանգնեցնել»:
Այս խնդրին «Առավոտն» արդեն անդրադարձել է իր 15.07.2009-ի «Կանգառը բռնագրավել են» հրապարակումով: Այն ժամանակ Երեւանի քաղաքապետարանից մեզ վստահեցրել էին, որ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք հաստատված երթուղային ցանցով նախատեսված է եղել, որ տվյալ երթուղայինները որպես վերջնակետ կայանեն հենց այդ կանգառներում: Վարչությունը մեկ տարի առաջ նաեւ վստահեցրել էր, որ իրենք նոր ցանց են մշակում, որն ամենաուշը 2 ամիս հետո կհաստատվի, որով նախատեսվում է Երեւանի կենտրոնի բեռնաթափում՝ երթուղայիններից: Ոլորտի պատասխանատուները մեկ տարի առաջ նաեւ խոստացել էին, որ մեր ներկայացրած դժգոհությունները հաշվի կառնեն:
Երեկ «Առավոտը» փորձեց ճշտել քաղաքապետարանից, թե ինչո՞ւ իրենց խոստմանը տեր չեն կանգնել: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արմենակ Ադամյանի ներկայացմամբ. «Բոլոր մրցույթները 2005 թվականին են եղել: Նոր մրցույթի ժամկետները երկարաձգվել են: Երթուղայինների եւ երթուղագծերի մասով քննարկումներ են գնում, հաշվի են առնվում նաեւ քաղաքացիների դիմումներն ու բողոքները: Երթուղայինների ցանցի վերաբերյալ նոր մշակումներ ենք անում, որոնք կիրականացվեն նոր մրցույթից հետո: Ինչ վերաբերում է թիվ 31 երթուղուն, ապա մասնագետներ կուղարկենք, տեղում կստուգեն, եթե այդ երթուղու համար այլ վերջնակետ լինի՝ գուցեեւ ժամանակավոր տեղափոխվեն»: