Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻԿԻ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂԻՑ Է ԿԱԽՎԱԾ

Հոկտեմբեր 20,2010 00:00

Հողագործի ընտանիքում ծնված կույր երեխայի աչքի լույսը կարող է վերականգնվել, եթե հավաքվի վիրահատության համար անհրաժեշտ գումարը:

\"\"
2-ամյա Ալլայի աչքերի լույսը կախված է մեզնից:

Oրեր առաջ լուսանկարում պատկերված փոքրիկ Ալլայի ծնունդն էր: Նա դարձավ 2 տարեկան: Սովորաբար այդ տարիքում երեխաները վազվզում են, չարաճճիություններ անում, տան իրերն են ուսումնասիրում: Ալլան զրկվել է այդ ամենից, որովհետեւ կորցրել է տեսողությունը: Տատիկի՝ Ալվարդ Սահակյանի պատմելով, կույր երեխան վախենում է քայլել, տանը տեղաշարժվում է միայն հարազատների ձեռքն ամուր բռնած, ծարավ լինելու դեպքում չի կարողանում հասկացնել, որ ջուր է ուզում, որովհետեւ չգիտի, թե մորը ինչ կամ որ կողմը ցույց տա. «Շատ դժվար է թե՛ երեխայի, թե՛ մեր բոլորի համար, որովհետեւ նա անընդհատ լալիս է, իսկ մեզ մնում է միայն գուշակել, թե ինչ է ուզում»:

Հարազատների պատմելով՝ Ալլայի կուրությունն ի ծնե չէ. «Նա ծնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Քանի որ երեխան 6 ամսական էր ծնվել, նա 1 ամիս մնաց հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Առաջին 15 օրը նրան պահում էին մանկական հատուկ խցիկում, որովհետեւ թերքաշ էր՝ 1 կգ 180 գրամ: Հիվանդանոցից դուրս գրելուց առաջ բժիշկները հավաստիացրին, որ երեխան իսկական հրաշք է՝ առողջ եւ կարող ենք տանել տուն: Ավելի ուշ՝ մի պատահական ստուգման ժամանակ հայտնաբերեցինք, որ մեր բալիկը կույր է: Նրան դիֆթերիայի պատվաստման էինք տարել, մի քանի օր ջերմությունից աչքերն արագ-արագ թփթփացնում էր, տարանք մեր Արմավիրի մարզի Մեծամորի հիվանդանոց, այնտեղ էլ իմացանք ամեն ինչ ու միանգամից թեւաթափ եղանք»:

Ալլային հետազոտել են Հայաստանի բոլոր ճանաչված ակնաբույժները. «Մալայանն ու Շաքարյանն էլ որեւէ հույս չտվեցին, ասացին, որ մեր երկրում նման վիրահատություններ չեն անում, պետք է տանեք Պետերբուրգ, ընդ որում՝ շատ արագ, որովհետեւ, եթե երեխայի 10 ամսականը լրանար՝ վիրահատությունը կարող էր օգուտ չտալ»: Ամբողջ խնդիրն այն է, որ Ալլան ծնվել է սովորական, օրվա հացի փողը հազիվ վաստակող հողագործի ընտանիքում՝ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում: Ծնողների միակ եկամուտը խաղողագործությունն է: Այս տարվա ողջ խաղողի բերքը եղել է ընդամենը 1,5 տոննա, որն էլ հանձնել են 190 հազար դրամով, 25 հազարը ծախսել են ճանապարհածախսի վրա, մնացած 165 հազար դրամով պետք է հողի, ջրի վարձ տան, հագնեն, ուտեն, պատրաստվեն ձմռանը: Մինչդեռ Սանկտ Պետերբուրգում Ալլային վիրահատելու համար պահանջվում է 4-5 հազար դոլար: 10 ամսականում առաջին վիրահատության համար ծնողները կարողացել են բարեկամներից, այստեղից-այնտեղից, բարեգործ մարդկանցից գումարը հավաքել ու երեխայի երկու աչքն էլ վիրահատել: Բայց աչքի լույսը վերադարձնելու համար նրան անհրաժեշտ է 4-5 նման վիրահատություն: Բժիշկները մոտ 70 տոկոսով երաշխավորում են, որ վիրահատությունն արդյունավետ կլինի, բայց անհրաժեշտ է, որ բոլոր վիրահատություններն արվեն ճիշտ տարիքային ժամանակահատվածում: Ալլայի մյուս վիրահատությունը, ըստ Սանկտ Պետերբուրգի գլխավոր ակնաբույժի նշանակման, պետք է լինի նոյեմբերին, այսինքն՝ ընդամենը 1 ամսից, իսկ երեխայի ծնողներն արդեն չգիտեն, թե ում դուռը թակեն՝ վիրահատության գումարը հավաքելու համար: Նա ընտանիքի առաջնեկն է, նաեւ առաջին թոռը եւ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ նա ամբողջ կյանքում կարող է այդպես էլ չտեսնել իրեն շրջապատող աշխարհն ու հարազատներին, հատկապես, որ հնարավոր է վերադարձնել նրա աչքի լույսը. «Եթե ի ծնե կույր լիներ, ինչ-որ տեղ մեզ սիրտ կտայինք, որ նրան Աստված այդպես է ստեղծել, բայց Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցի մասնագետների, նաեւ մեր երկրի ակնաբույժների գնահատմամբ՝ երեխայի տեսողությունը վնասվել է Հանրապետական հիվանդանոցում՝ թերքաշ երեխաների համար նախատեսված խցիկի լույսերն ազդել են նրա աչքի հատակի վրա»: «Արմենիա» բուժկենտրոնի տնօրենը, բնականաբար, հերքել է, որ իրենց պատճառով է փոքրիկը կուրացել՝ վստահեցնելով, որ նա կույր է եղել ի ծնե: Այդ դեպքում անհայտ է, թե ինչու են Հանրապետական հիվանդանոցի բժիշկները երեխային դուրս գրել՝ նրա առողջությունը որակելով գերազանց եւ ակնարկ անգամ չանելով, որ երեխայի տեսողության հետ կապված որեւէ խնդիր կա: Երբ երեխան ծնվում է, նրան պարտավոր են հետազոտել եւ առողջական վիճակի մասին հստակ պատկերացում ունենալ, ոչ թե հիվանդանոցից դուրս գրելուց ամիսներ հետո ծնողներին նետել, թե «ձեր երեխան կույր է ծնվել»:

Այս պահին Ալլայի հարազատները զբաղված են փոքրիկի վիրահատության համար գումար հայթայթելով, եւ հաշվի առնելով, որ «Արմենիա» բուժկենտրոնին հակառակն ապացուցելը ոչնչով չի օգնի իրենց բալիկին՝ պատասխանատվության չեն կանչել հիվանդանոցի բուժանձնակազմին:

Նշենք, որ «Հայէկոնոմբանկի» Արմավիրի մասնաճյուղում Ալլա Հովհաննիսյանի համար Ալվարդ Սահակյանի անունով հաշվեհամար է բացվել՝ 163108014917: Ալլայի ծնողները հույս ունեն, որ կգտնվեն բարեգործներ, որոնք թեկուզ չնչին գումարով կօգնեն փոքրիկին՝ մտնելու գույների աշխարհ: Երեխայի տատիկը վստահեցնում է, որ ով թեկուզ մեկ անգամ լսի, թե ինչպես է երգում փոքրիկ Ալլան, չի կարող անտարբեր լինել նրա առողջության նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել