Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՍՏ ԵԽԽՎ-Ի՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է

Հոկտեմբեր 20,2010 00:00

Երեւանում փորձում են սահմանել ժողովրդավարության 2020 թվականի տեսքը

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի մասնակիցներից ոմանք ելույթներում երեկ անդրադարձան այն փաստին, որ իրենց աշխատանքները Երեւանում ուղեկցվում էին բողոքի ցույցերով: «Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 30 տարի առաջ: Ասեմ՝ այն ժամանակ փողոցներում ցույցեր չկային»,- նկատեց Շվեյցարիայի ժողովրդավարության հարցերով դեսպան Մարիա Լեյսները: «Աշխարհի այս մասում ժողովրդավարությունը որդեգրվել է խանդավառությամբ՝ տոնելու նման: Եվ ժողովրդավարությունն ընկալվեց որպես համադարման, թեեւ բոլորս էլ գիտենք, որ դա այդպես չէ,- ելույթում ասաց ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի գործադիր ղեկավար Ռոլանդ Ռիչը:- Եվ ցուցարարների առկայությունը փողոցի մյուս կողմում ցույց է տալիս՝ կյանքը շարունակվում է»: Հնչեցին եւս 1-2 այս կարգի ակնարկներ, որոնցից ակնհայտ էր՝ հանրահավաքները, ցույցերը կամ գործադուլները Եվրոպայի խորհրդի պատվիրակների համար դիտվում են իբրեւ ժողովրդավարական մթնոլորտի արտահայտություն: ԵԽԽՎ փոխնախագահ լորդ Ջոն Պրեսկոտը, որը խոսեց ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի անունից՝ ասաց. «Ես Մեծ Բրիտանիայից Հայաստան եմ հասել 9 ժամվա ընթացքում, դե գիտեք՝ արհմիությունները գործադուլ են անում: Եվ այդ ժողովրդավարական գործընթացի պատճառով ես քիչ էր մնում չմասնակցեի ժողովրդավարության մասին ֆորումին»:

Ելույթում նա մասնավորապես ասաց, թե այս ֆորումը սահմանել է «չափազանց հավակնոտ, բայց անհրաժեշտ նպատակ՝ նայել դեպի ապագա եւ փորձել կանխատեսել, թե ինչ տեսք է ունենալու մեր ժողովրդավարությունը 10 տարի անց»: Ըստ նրա՝ մենք յուրօրինակ խաչմերուկում ենք, քանի որ «վերջին տարիների տնտեսական եւ սոցիալական խորը ճգնաժամի հետեւանքով» ժողովրդավարությունն այժմ կարիք ունի ամրապնդման ու քաղաքացիական հասարակության մասնակցության նոր ձեւերի: Եվ շարադրեց, թե ինչ նոր մարտահրավերների առջեւ է ժողովրդավարության ավանդական եվրոպական մոդելը: Մասնավորապես՝ «կարճատեսություն» անվանեց այն, որ քաղաքական առաջնահերթությունները սահմանվում են ըստ ընտրական արդյունքների կամ հասարակական կարծիքների, այլ ոչ երկարաժամկետ պահանջների համապատասխան: Նշեց, թե աճում են «պոպուլիստական, ծայրահեղական քաղաքական ուժերը, ինչպես նաեւ ազգայնական հռետորաբանությունը»: Այստեղ բարձրախոսներից աղմուկ լսվեց, ու պրն Պրեսկոտը կատակեց, թե դա երեւի հավանության նշան է: Ընդհանրապես՝ նա երեկ բավական շատ էր կատակում: Ասենք՝ հեգնանքով արձանագրեց այն փաստը, որ ինքը՝ լորդ լինելով, խոսում է ժողովրդավարության մասին: Կամ այդ պահին, երբ ելույթն ընդհատվեց աղմուկի պատճառով՝ կեսկատակ սպառնաց, թե նորից կսկսի խոսել՝ հարուցելով դահլիճի ծիծաղը: Այսուհանդերձ՝ քիչ անց իրոք ասաց, թե աշխարհում մտահոգիչ միտում է արձանագրվում, որն ուղղակի մարտահրավեր է ժողովրդավարությանը՝ «ռասիզմի, քսենոֆոբիայի եւ կրոնական տարբեր համոզմունքների դեմ բոլոր տեսակի դրսեւորումների անհանդուրժողականության աճը: Այս ամենը մեր հասարակությունների առօրյա կյանքի իրողություններն են: Այս դրսեւորումները կարող են լինել կոպիտ կամ նուրբ, բայց արդյունքը նույնն է՝ խտրականություն, սոցիալական օտարում եւ բացառում, լարվածություն համայնքների միջեւ եւ քաղաքական ծայրահեղականություն»: Ըստ նրա՝ չկան ընդհանրական բաղադրատոմսեր ծայրահեղականության դեմ պայքարի համար. «Բայց մեր առաջին խնդիրն է խորքային պատճառները պարզելը եւ խտրականության դեմ վճռական գործողություններ ձեռնարկելը»:

Նշենք, որ ելույթների նման ոգին եւ ոճն ընդհանրական էր ֆորումի համար: Բոլորն ասում էին, թե ժողովրդավարությունն անկում է ապրում, ընտրական ժողովրդավարության քողի ներքո արձանագրվում են ավտորիտար միտումներ եւ այլն: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն իր տեսաուղերձում որպես ժողովրդավարության հիմնական խնդիրներից մեկը նշեց այն, որ խորհրդարանները դառնում են «կնքող մարմին», եւ արձանագրեց. «Որտեղ խորհրդարաններն ակտիվ են՝ այնտեղ մարդու իրավունքներն ավելի լավ են պաշտպանված»: Իսկ Շվեյցարիայի ժողովրդավարության հարցերով դեսպանը սարսափով արձանագրեց փաստը, որ Շվեդիայի խորհրդարանում հայտնվել է մի ռասիստական կուսակցություն: Բայց մինչ այդ էր Լեհաստանի «Gazeta Wyborcza» թերթի գլխավոր խմբագիր Ադամ Միչնիկը, որին ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Յան Միցալլեֆը ներկայացրեց որպես նախկին այլախոհի, որը մի քանի տարի անցկացրել է բանտում՝ պատմել, որ երբ վերջին անգամ Մոսկվայում էր՝ իրեն հարցրել են, թե արդյոք Լեհաստանում կա՞ ժողովրդավարություն. «Պատասխանեցի՝ այո՛, կա, քանի որ երբ մեզ մոտ ընտրություններ են, մինչեւ վերջին պահը ոչ ոք չգիտի, թե ով է դառնալու նախագահ: Բայց կան երկրներ, որտեղ նույնիսկ մեկ ամիս առաջ արդեն բոլորը գիտեն, թե ով կդառնա նախագահ: Նկատի ունեի, իհարկե, Ուզբեկստանը»:

Հայաստանյան իրականությանն էլ այս ֆորումի ընթացքում անդրադարձներ եղան եւ գերազանցապես՝ հենց Պրեսկոտի կողմից: «Հայաստանում մենք բազմաթիվ խնդիրներ ենք վեր հանել,- ասաց նա:- Արդեն 7-րդ անգամ եմ այցելում Հայաստան: Կինս գիտի, թե Հայաստանում եմ ապրում»: Բայց պնդեց, թե միայն զեկույցներ գրելու համար չէ, որ գալիս է Երեւան՝ փոխել են օրենքները, փորձել պաշտպանել մարդու իրավունքները. «Դա այն է, ինչ մենք կարող ենք անել: Մինչդեռ այսպիսի երկրներում մտածում են, թե մենք իշխանություն ենք. պետք է գանք ու թելադրենք, թե ինչ պետք է անել: Դա՛ չէ ժողովրդավարությունը: Մենք չե՛նք կարող դա անել: Ժողովրդավարության համար անհրաժեշտ են փոփոխություններ, թափանցիկություն, փոխըմբռնում: Քաղաքացիական հասարակությունը պետք է պայքարի եւ մասնակցի ժողովրդավարության հաստատման գործընթացին»:

Ի դեպ, թեեւ որպես կառավարման թերություն Ջոն Պրեսկոտը նշում էր նաեւ «Եվրոպայի խորհրդի անդամ որոշ պետություններում՝ մի քանիսի ձեռքին լրատվամիջոցների չափից ավելի կենտրոնացումը», պարզվեց, որ նա, մեղմ ասած, չի սիրում լրագրողներին. «Ահավոր է մամուլը. նրանք միայն ուզում են իրենց թերթերը վաճառած լինել»: Զայրույթով արձանագրեց, որ իրեն լուսանկարել են, երբ կնոջ հետ Փարիզում պիցցա ուտելիս է եղել՝ «Հաշիվը կազմեց 100 եվրո», եւ պնդեց, թե մասնավոր կյանքին անդրադարձը պետք է սահմանազատված լինի հանրային գործունեության լուսաբանումից: Քննարկումը վարողը՝ ֆրանսիական «Էքսպրես» հանդեսի խմբագիր Քրիստիան Մակարյանն անպատասխան մնացած հարց տվեց՝ գուցե պետք է նոր կանոննե՞ր սահմանել ԶԼՄ-ների համար:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որն իրեն ներկայացնելիս նաեւ ասաց՝ «40 տարուց ավելի է՝ զբաղվում եմ իրավապաշտպան գործունեությամբ, այսօր քաղաքական գործիչ եմ», քննարկման մասնակիցներին հարց ուղղեց, թե «արդյոք, ինչպես եղավ համապարտադիր մարդու իրավունքների հռչակագիր, ժամանակը չէ՞ մտածել ժողովրդավարության համընդհանուր, համապարտադիր հռչակագրի մասին: Մի հռչակագիր, որը կվերացնի այն թյուր պատկերացումը, թե ամեն երկրում կարող է լինել ի՛ր ժողովրդավարությունը»: Շվեյցարիայի ժողովրդավարության հարցերով դեսպան Մարիա Լեյսները հիշեցրեց, թե նման տարածաշրջանային հռչակագրեր արդեն ունեն՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ այլն. «Բայց իմ կարծիքով, սա վերեւից պարտադրվող բան չի կարող լինել»: Իսկ ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի գործադիր ղեկավար Ռոլանդ Ռիչը նկատեց. «Չեմ կարծում, թե նոր օրենսդրություն է պետք, ինչպես մեր հայ գործընկերն առաջարկեց: Այնքա՜ն ունենք՝ չենք գործադրում»: Նա վերափոխեց մի երգի բառերը. «Չես իմանա՝ ինչ ունես, քանի չես կորցրել այն: Սա վերաբերում է նաեւ ժողովրդավարությանը»:

Հ. Գ. Ֆորումի ճեմասրահում ի շարս տարբեր հրատարակությունների՝ բաժանում էին նաեւ Հելսինկյան ասոցիացիայի 2009-ի զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների մասին, նյութեր քաղբանտարկյալների մասին, ՀԱԿ նամակը ԵԽ գլխավոր քարտուղարին եւ այլն: Դրանցով հետաքրքրվեցին ոչ միայն ԵԽԽՎ տարբեր երկրների, այլ նաեւ Հայաստանի պատվիրակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել