Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ԷԼԻ ՓՈԽՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 20,2010 00:00

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկելու է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ: Ներկայացվել է ոչ միայն լրամշակված օրինագիծ, որում սահմանված են այլընտրանքային, հեղինակային, փորձարարական, միջազգային կրթական ծրագրեր հասկացությունները, այլ անգամ ամփոփաթերթիկի փոփոխված տարբերակ, որում ներառված են նաեւ կոալիցիայի առաջարկները:

Սակայն գլխավոր փոփոխությունը հետեւյալն է՝ այսուհանդերձ նախատեսվում է «Լեզվի մասին» օրենքում կատարել հետեւյալ լրացումը. «Միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով»: Մինչդեռ սեպտեմբերի 27-ի խորհրդարանական լսումների ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե այս փաթեթը քննարկվել է ՀՀ նախագահի եւ կոալիցիայի հետ, եւ առաջարկվել վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը՝ հիմք ընդունելով մասնավորապես հետեւյալ մոտեցումը. «Հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով՝ օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»: Նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էր կառավարության անունից հայտարարել, թե պատրաստ են չանել փոփոխություններ «Լեզվի մասին» օրենքում:

Ուրեմն՝ ինչո՞ւ է այնուամենայնիվ արվում փոփոխություն: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն «Առավոտին» պարզաբանեց. «Բովանդակային առումով որեւիցե բան չի փոխվել. իրականում մնում է սահմանափակումը, որ կրթության եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Այն, ինչ կտեղավորվի առանձնահատկության վերաբերյալ ավելացվող նախադասության մեջ՝ կընդունենք, չի տեղավորվի՝ էլի չենք ընդունի: Շատ ենք խոսել՝ ուղղակի մեզ բացատրեցին, որ իրավական առումով սա շատ ավելի գրագետ ձեւակերպում է, որ այդ դրույթը լինի «Լեզվի մասին» օրենքում: Մենք երեւի թե պիտի զգացմունքներին հագուրդ չտայինք, եւ եթե կարող ենք զուտ իրավական առումով ավելի գրագետ գործել՝ պետք է այդպես վարվենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել