Մանավանդ Սյունիքի մարզում
«Ամբողջ աշխարհում գործարարներին խանդավառությամբ են ընդունում, իսկ Հայաստանում՝ հակառակը, դուրս են շպրտում»,- գործարար Սիլվա Համբարձումյանի այս միտքը ներկայացնում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությանը, ով շատ է սիրում Հայաստանում բիզնես-միջավայր, ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ներդրումները խթանելու մասին տեսական մտքեր արտահայտել: Տիկին Համբարձումյանը «Սիփան-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենն է, Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի փայատերերից: ՀՀ կառավարությունը՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի թիվ 147-Ա հրամանով, հանքը շահագործելու մասին լիցենզիան անվավեր է ճանաչել եւ Սիլվա Համբարձումյանին զրկել այն շահագործելու իրավունքից: Ընկերությունն Արմեն Մովսիսյանի որոշումն այժմ վիճարկում է ՀՀ դատական ատյաններում: Հիշեցնենք, որ հանքավայրի գլխավոր փայատերերը հնդիկ ներդրողներ են: 51 տոկոսը պատկանում է հնդկական ընկերությանը: Մինչ հանքի վերավաճառքը, այն պատկանում էր ավստրալիական մի ընկերության, որը ինչ-ինչ պատճառներով վաճառեց հանքը եւ հեռացավ Հայաստանից: Ի դեպ, այդ շրջանում խոսակցություններ տարածվեցին, որ Սյունիքի՝ քրեական պատմություններից անպակաս մարզպետը՝ Սուրեն Խաչատրյանը (Լիցկա), անընդհատ ահաբեկել է ավստրալիացի ներդրողներին, բավականին գույք է խլել նրանցից եւ «պատվիրել» լռել ու հեռանալ, քանի որ այդ հանքն իրեն է պատկանում: Սուրեն Խաչատրյանը համանման սպառնալիքներով է ներկայացել նաեւ Սիլվա Համբարձումյանին. «Անձամբ ինձ էլ է ասել, որ սա իմ հանքն է, իմ լաբորատորիան է՝ ի՞նչ գործ ունես այստեղ: Ես էլ ասացի՝ եթե գնել ես, խնդիր չէ, բայց եթե ոչ՝ խոսենք: Ինձ թվում է, որ այս իրավիճակը ստեղծվել է Սյունիքի մարզպետի պատճառով, նա սուտ տեղեկություններ է հայտնում հանրապետության նախագահին եւ տարածում է, որ հանքն առել են ու չեն աշխատեցնում»: Մինչդեռ տիկինը պնդում է, որ հանքում 85 մարդ է աշխատում, մեծ ներդրումներ են արված, արտասահմանից անհրաժեշտ սարքավորումներ են ներկրվել, մոտերս պատրաստվում էին նաեւ ձուլման արտադրամաս գնել: Ի դեպ, ասում են, որ վիճահարույց հանքի նկատմամբ անտարբեր չէ նաեւ ծնունդով ղափանցի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Դեռ երեք ամիս առաջ նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրն աճուրդի կհանվի, որ արդեն հետաքրքրվողներ կան, եւ որ առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում ամեն ինչ կորոշվի: Պարզվում է՝ նախարարը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ 2009 թվականի հունիսի 23-ին ՀՀ վարչական դատարանը, դատավոր Ա. Միրզոյանի ձեռամբ, բավարարել էր «Սիփան-1» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարեն Թունյանի միջնորդությունը՝ արգելելով «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման իրավունքն այլ անձի տրամադրելու, փոխանցելու վերաբերյալ որեւէ գործողություն կատարելը, ինչպես նաեւ այլ անձանց, առանց հայցվորի համաձայնության, հանքավայրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը»: Իբրեւ հիմնավորում բերված է այն, որ ընթացող դատական գործով հայցվորը, փաստորեն, փորձում է վերականգնել իր իրավունքները, որը ոտնահարել է ՀՀ կառավարությունը՝ Արմեն Մովսիսյանի թիվ 147-Ա հրամանով, եւ այդ ընթացքում այլ գործողությունների ձեռնարկումը կդժվարացնի, կարող է նաեւ անհնար դարձնել դատական ակտի կատարումը: Հատկանշական է, որ հանքի աճուրդի մասին Արմեն Մովսիսյանի հայտարարությունից հետո, արդեն 2010-ի հոկտեմբերի 14-ին, ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կ. Բաղդասարյանի որոշմամբ, հայցվորի ներկայացուցչի ներկայացրած նույն հիմքով միջնորդությունը մերժում է՝ պատճառաբանելով, որ «հայցվորը չի հիմնավորել, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը»: Թե ինչո՞ւ էին մեկ տարի առաջ նույն հարցի վերաբերյալ հայցվորի ներկայացրած նույն հիմքերը բավարարում ՀՀ վարչական դատարանին, իսկ հիմա՝ ոչ, թողնում ենք ընթերցողի դատին:
Սիլվա Համբարձումյանն «Առավոտի» միջոցով դիմում է ՀՀ նախագահին՝ ուշադրություն դարձնել այս հարցին, մասնավորաբար՝ դատական գործընթացին, որն ընթացքի մեջ է, եւ արդար որոշմամբ սատար կանգնել ներդրողներին: Եթե հայաստանյան դատական համակարգում գերիշխի անարդարությունը, գործարարը արդարություն կփնտրի Եվրոդատարանում: Իսկ մինչ այդ, եթե իր նկատմամբ անօրինականությունների շղթան կանգ չառնի՝ գործարար տիկինը խոստանում է «հետաքրքիր բացահայտումներ» անել: