Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՅՑ ՖՈՐՈՒՄԸ ԿՊԱՀԱՆՋԻ՞

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"Երեկ ընդդիմությունն ու «Մարտի 1»-ի զոհերի հարազատները ԵԽ համաժողովին առաջարկեցին ՀՀ իշխանություններից պահանջել քաղբանտարկյալների ազատ արձակում եւ մարտիմեկյան սպանությունների բացահայտում:

Երեկ Երեւանում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը: Ճիշտ այն պահին, երբ համաժողովի պատվիրակները Կառավարության ընդունելությունների տան դահլիճում քննարկում էին Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքների եւ մարտահրավերների թեման, ընդունելությունների տան դիմացի մայթին ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանում տեղի ունեցող զարգացումների եւ առկա վիճակի նկատմամբ ԵԽ-ի ոչ ադեկվատ պահվածքի դեմ բողոքի պիկետ էր անցկացնում: Հայրենի ոստիկանները հենց սկզբից արգելեցին պիկետի մասնակիցներին մոտենալ ընդունելությունների տան դարպասներին եւ դրա համար նախապես շենքին հարակից մայթին երկաթյա եւ դեղին ժապավենով արգելափակոցներ էին տեղադրել: Որտեղ այդպիսիք չկային, ոստիկաններն իրենք էին կենդանի պատնեշ կազմել: Ակցիայի մասնակիցների մի մասը քշվել էր շենքի դիմացի մայթ՝ «պոնչիկանոցի» մոտ: Այստեղ ՀԱԿ երիտասարդները, որոնք կալանավորի զոլավոր հագուստներ էին կրում եւ ձեռքներին բռնել էին անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների լուսանկարներ՝ նրանց ազատ արձակման կոչով, եւ Ազատության հրապարակի պատկերով ցուցապաստառներ, իրենց սեփական պլաստմասսե ճաղերը դրեցին՝ իհարկե, ոստիկանների հետ բանավեճ-թեթեւ քաշքշոցից հետո: Ճաղերի ետեւում տեղադրվեց նաեւ հեռուստացույց, որի էկրանին «Ա1+» հեռուստաընկերության լոգոն էր, որը հիշեցում էր, թե ՀՀ-ում երբեւէ հեռարձակված միակ անկախ հեռուստաընկերությունը դեռ եթերազրկված է: Պիկետի մասնակիցները նաեւ պարզել էին ԵԽ-ին ուղղված անգլերեն լեզվով գրված ու մոտավորապես այսպիսի բովանդակությամբ մի պաստառ՝ «Դուք լռում եք, եւ դա հավասար է, թե դուք մարդասպանների հետ եք»: Ոստիկանների՝ համաժողովի մասնակիցների «անդորրը» ապահովելու մտադրությունն այնքան հաստատ էր, որ նրանք նույնիսկ թույլ չտվեցին ՀԱԿ ներկայացուցիչներին ԵԽ համաժողովի պատվիրակներին նամակ հանձնել: Դա արեց համաժողովի մասնակից, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ նամակում ընդդիմությունը ԵԽ պատվիրակներին հիշեցրել էր, որ Հայաստանն այդպես էլ չի կատարել ԵԽԽՎ չորս բանաձեւերից որեւէ մեկի պահանջները: Ավելի ուշ, արդեն հանրահավաքում, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հույս հայտնեց, թե անցկացված պիկետի արդյունքները շատ շուտով տեսանելի կլինեն:

Վեցժամյա պիկետին հաջորդեց խոստացված հանրահավաքը: Ու թեեւ երեկ բավականին տաք ու արեւոտ եղանակ էր, բայց պիկետին ու հանրահավաքին մասնակցում էր անհամեմատ քիչ մարդ, քան նույնիսկ հոկտեմբերի 15-ի հանրահավաքին, որն ընթանում էր հորդառատ անձրեւի տակ: Երեկվա հանրահավաքում հնչած ելույթները երկարաշունչ չէին: Նախ, միջոցառումը վարող Լեւոն Զուրաբյանն ասաց, թե հանրահավաքն անցկացվում է ԵԽ համաժողովի մեկնարկի օրը, եւ դա փայլուն հնարավորություն է 2008թ. նախագահական ընտրություններից եւ մարտիմեկյան սպանդից հետո Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամի իրողությունը, ընդդիմության ու ժողովրդի պահանջները ԵԽ-ին եւ միջազգային հանրությանը տեսանելի եւ լսելի դարձնելու համար: Նա հավելյալ անգամ թվարկեց այն պահանջները, որոնք ընդդիմությունը ներկայացնում է ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ԵԽ-ին. անհապաղ ազատ արձակել բոլոր 13 քաղբանտարկյալներին, բացահայտել եւ պատժել մարտիմեկյան սպանությունների հեղինակներին, վերաբացել «Ա1+»-ը: «Բայց մենք ունենք շատ կարեւոր նաեւ այլ պահանջներ. անցկացնել խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրություններ»,- Զուրաբյանի այս հիշեցմանը ներկաներն արձագանքեցին «Հիմա» վանկարկումով:

Հանրահավաքում ելույթ ունեցավ «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ զոհվածներից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը: Նա իր եւ մյուս զոհերի ծնողների անունից հայտարարեց, թե օգտվելով ԵԽ ներկայացուցիչների Երեւանում լինելու առիթից՝ մտադիր են մի շարք, այդ թվում՝ ծայրահեղ ակցիաներ նախաձեռնել, նստացույց եւ հացադուլ հայտարարել՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանում կատարվող ապօրինությունների վրա հրավիրելու համար: Նա համաժողովի ներկայացուցիչներից պահանջեց ընդունել հայտարարություն, որը կդատապարտի ՀՀ իշխանություններին «Մարտի 1»-ի սպանությունների չբացահայտման համար, ինչպես նաեւ կպահանջի անհապաղ ջանքեր գործադրել մարդասպաններին ի հայտ բերելու ու դատապարտելու ուղղությամբ:

Ելույթ ունեցավ նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա տարակուսանք հայտնեց, որ ԵԽ-ն որպես «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողով անցկացնելու վայր է ընտրել մի երկիր, որտեղ «ոտնահարվում է ժողովրդավարության հիմնական հենասյունը՝ ընտրական համակարգը, մարդու հիմնարար ազատությունները»: Նա հայտարարեց, թե Հայաստանում ավազակապետության արմատավորման մեջ իր մեղքի մեծագույն բաժինն ունի Արեւմուտքը, որն ի դեմս իր դիտորդների, յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո դրանք գնահատել է որպես քայլ առաջ, ու այդ «քայլ առաջը», բանախոսի մատուցմամբ, 2008-ին տվեց իր դառը պտուղները՝ մարտի 1-ի սպանդ, հարյուրավոր քաղբանտարկյալների առկայություն: Նա, որպես նախկին քաղբանտարկյալ, իր եւ ընկերների անունից ԵԽ համաժողովի մասնակիցներին առաջարկեց՝ Երեւանում իրենց գտնվելն ինչ-որ չափով արդարացնելու եւ իմաստավորելու, իրենց մեղքի բաժինը թեթեւացնելու համար համաժողովի անունից հանդես գալ 13 քաղբանտարկյալներին անհապաղ ազատելու պահանջով:

Հանրահավաքը հակիրճ ելույթով եզրափակեց ՀՀ առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նախ՝ շեշտեց, թե այդ օրվա միջոցառումը ոչ այնքան հանրահավաք, որքան ցույց է, որի նպատակն է ցույց տալ ԵԽ-ին, որ «հակառակ միջազգային հանրության գործադրած ջանքերին, ՀՀ իշխանությունները շարունակում են զնդաններում պահել մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալների, ոչ մի քայլ չեն անում մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ եւ ամենեւին մտադիր չեն հրաժարվել խոսքի ու հավաքների ազատության սահմանափակման հակաօրինական պրակտիկայից»: Որ ՀՀ իշխանությունները «բացարձակապես չեն կատարել ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի պահանջները, դրանով արտահայտելով իրենց ակնհայտ արհամարհական վերաբերմունքն այդ հեղինակավոր կազմակերպության նկատմամբ»: Որ ԵԽԽՎ-ն, իր հերթին, «հետեւողականություն ու սկզբունքայնություն հանդես չի բերել նշված բանաձեւի կատարման ընթացքի վերահսկման հարցում եւ իր պասիվությամբ փաստորեն խրախուսել է ՀՀ իշխանությունների հանցավոր վարքագիծը»: Որ միջազգային կազմակերպությունների «որդեգրած մեղմ կամ գուրգուրիչ քաղաքականությունը, որի էությունը ՀՀ իշխանություններին բարեփոխումների դաշտ ներքաշելու ձգտումն է, իրականում տվել է հակառակ արդյունքը», որովհետեւ «փորձը ցույց է տալիս, որ վերջիններս դրական քայլեր կատարելու հակում են ցուցաբերում միայն պատժամիջոցների սպառնալիքի առկայության պարագայում»: Եվ վերջինը. Լ. Տեր-Պետրոսյանի մատուցմամբ, ընդդիմության նպատակն է համաժողովի մասնակիցներին ցույց տալ, որ «հայ ժողովուրդը լի է վճռականությամբ՝ մինչեւ վերջ պայքարելու իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար՝ օգտագործելով դրան հասնելու բոլոր օրինական միջոցներն ու միջազգային կազմակերպությունների ընձեռած հնարավորությունները»:

Հանրահավաքից հետո տեղի ունեցավ նաեւ երթ, որը հավելյալ անգամ ապացուցեց, որ Ազատության հրապարակը ընդդիմության համար շարունակում է փակ մնալ: Երթը մեկուկես պտույտ արեց հրապարակի շուրջ, իսկ այդ ողջ ընթացքում ոստիկանության աշխատակիցները շրջափակել էին հրապարակի բոլոր մուտքերն ու թույլ չէին տալիս, որ այնտեղ մտնեն ոչ միայն ցուցարարները, այլեւ «շարքային» քաղաքացիներն ու լրագրողները:

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, Երեւանում անցկացվելիք մի այլ միջազգային համաժողովի առթիվ, որը կայանալու է ԵՄ հովանու ներքո եւ նվիրված է լինելու Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել