Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-Ն ԵՎ ԸԸՀ-ՆԵՐԸ՝ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ԸՕ-ի փոփոխությունների նախագծի մեխը հենց սա է համարում

– Ըստ որոշ տեղեկությունների, դուք շուտով պաշտոնանկ եք արվելու, տեղյա՞կ եք այս մասին:

– Ես շարունակում եմ պաշտոնավարել «Ընտրական օրենսգրքով» սահմանված ժամկետներում եւ իրականացնում եմ օրենսգրքով նախատեսված իմ պարտավորությունները, ինչ վերաբերում է պաշտոնանկությանը, ապա ԿԸՀ-ի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել միայն ԸՕ-ով նախատեսված դեպքերում, դրանցից մեկը իր դիմումի համաձայնն է, ես չեմ պատրաստվում նման դիմում ներկայացնել:

– ԸՕ-ի փոփոխությունների նախագծում կոալիցիան առաջարկում է հանձնաժողովները ձեւավորել պրոֆեսիոնալիզմի սկզբունքով, արդյոք կլինի՞ բավարար ժամանակ, որպեսզի մարդիկ պատրաստվեն, եւ կա՞ քաղաքական կամք՝ կուսակցականացվածությունը հանձնաժողովներից թոթափելու համար:

– ԸՕ-ի նախատեսվող փոփոխությունները սկսվել են շատ ավելի վաղ, եւ բոլորս պիտի հիշենք, որ նախորդ դեպքերում փոփոխությունները ուժի մեջ էին մտնում ընտրություններից 5-6 ամիս առաջ, այս դեպքում մեկ տարուց ավելի ժամանակ կա, եւ, կարծում եմ, ԱԺ-ն խնդրին կմոտենա այնպես, որ կկարողանանք 2011-ի գոնե առաջին ամիսների ընթացքում հասնել նրան, որ օրենքը պատրաստ լինի, եւ մինչեւ ընտրություն կմնա մոտ մեկ տարի: Իսկ ԿԸՀ-ն, ընդհանրապես ընտրական համակարգը այդ ժամանակահատվածում ի վիճակի կլինի իրականացնել այն բոլոր փոփոխությունները, որոնք կբխեն արդեն նոր ԸՕ-ից: Պիտի գոհունակություն հայտնեմ այն մասին, որ 1999-ից հետո առաջին անգամ մենք փորձում ենք ունենալ ոչ թե ԸՕ-ի փոփոխություն, այլ ԸՕ` նոր խմբագրմամբ: Սրանք էականորեն տարբեր բաներ են: Ինչ վերաբերում է հանձնաժողովներին, ապա առաջին երկու մակարդակներում՝ ԿԸՀ եւ ԸԸՀ-ներում, այո, նախատեսվում է ունենալ պրոֆեսիոնալ հանձնաժողովներ: Սա համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ միջազգային լավագույն փորձին:

– Կոնկրետ այս պահին ԿԸՀ-ի անդամներից քանի՞սն են պրոֆեսիոնալ:

– Պրոֆեսիոնալ ասելով մենք հասկանում ենք ոչ անձին, որը պիտի նշանակվի, այլ՝ առաջին հերթին, նախագծի տրամաբանությունն է դա, թե ո՞ւմ կողմից է առաջադրվելու: Եթե կուսակցական առաջադրում է, եւ կուսակցության ամենագիտակ հանձնաժողովականին առաջարկում են, բայց՝ կուսակցության կողմից, սա արդեն չի կարող դիտվել որպես հանձնաժողովի պրոֆեսիոնալ կազմավորում: Օրենքի մեխն այն է, որ առաջին երկու մակարդակներում կուսակցական առաջադրում չկա, իսկ մեր նման ժողովրդավարական ուղիով ընթացող երկրներում, համարյա բոլոր դեպքերում, մեծ մասամբ հանձնաժողովների անդամները առաջնորդվում են ոչ թե օրենքի պահանջով, այլ իրենց կուսակցական շահով:

– Կուսակցականացվածությո՞ւնն է խանգարում կարգին ընտրություններ անցկացնել:

– Դա խոչընդոտում է արդյունավետ ընտրական վարչարարություն իրականացնել: ԿԸՀ նախագահի իմ փորձն ասում է, որ մենք պիտի ունենանք այնպիսի օրենսգիրք, որը հնարավորություն կտա առաջին հերթին իրականացնել ընտրական վարչարարություն եւ ունենալ ընտրությունների այնպիսի բաց գործընթաց, որ ընտրությունների մասնակիցները հնարավորություն ունենան հետեւելու ընտրական գործընթացներին:

– Ընդդիմությունը եւս մի շարք առաջարկներ է ներկայացրել, օրինակ՝ առաջարկվում է, որ հանձնաժողովները ձեւավորի պետությունը, եւ ընտրությունների համար պատասխանատվությունը եւս ամբողջությամբ իր վրա վերցնի պետությունը, առաջարկվում է հրապարակային դարձնել ընտրությունը կատարածների ցուցակները եւ այլն:

– Օրենքի նախագծում կան առաջարկներ, որոնք համընկել են ընդդիմության առաջարկներին: Ընդդիմությունը տարբեր իրարամերժ առաջարկներ է ներկայացնում, մինչդեռ ավելի օգտակար գործ արած կլինեին, եթե կարողանային ընդհանուր ձեւակերպում տալ եւ ներկայացնել պետաիրավական հարցերի հանձնաժողովին՝ մինչեւ նոյեմբերի 11-ը:

– ԿԸՀ-ն մշտապես եղել է ընտրությունների թիվ մեկ թիրախը, «նկարիչը»…:

– Համաձայն չեմ, որովհետեւ ամենաքիչ քննադատվող ԿԸՀ-ն 2005-ից հետո աշխատող ԿԸՀ-ն է, որտեղ ունեցել ենք դատական դեպարտամենտի 2 ներկայացուցիչ, նախագահի ներկայացուցիչ, նկատի ունեմ, որքան ունենում ենք ոչ կուսակցական առաջադրումներ, այնքան ընտրական վարչարարություն իրականացնելու արդյունավետությունը մեծանում է: Մինչեւ 1999-ը մեզ մոտ եղել են բացառապես կուսակցական առաջադրումներ, եւ եվրոպական կառույցների գնահատականը եղել է մեկը՝ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: 2003-ից հետո բոլոր ընտրությունները ունեն նույն գնահատականը՝ «համապատասխանում են միջազգային չափանիշներին», ստորակետ՝ «բայց»…: Հիմա այդ «բայցից» հետո է, որ պիտի կարողանանք աշխատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել