Հաշվի առնելով մազաբուժության կենտրոններում գոյացող հերթերը, կարելի է կարծել, որ հայերն իրենց խելքի ձեռքը կրակն են ընկել:
Վերջին շրջանում Հայաստանում սկսել են իրար հետեւից բացվել մազաբուժության եւ մազաթափության դեմ պայքարող նորանոր կենտրոններ: Բնականաբար, պահանջարկն է ստիպում այդ առաջարկի ձեւավորումը: Չնայած ասում են, որ ճաղատությունը խելացիության նշան է, բայց երբ խոսքը 17-18 տարեկանի ճաղատանալու մասին է, պարզ է, որ ոչ մի երիտասարդ չի ուրախանա խելքի առկայության նման դրսեւորումից:
«Մազաթափությունը խնդիր է, բայց՝ ոչ դժբախտություն». այս կարգախոսով հեռուստատեսությամբ ամեն օր գովազդում են տարբեր կենտրոններ, որոնք բոլորը խոստանում են ճաղատներին կարճ ժամանակահատվածում փարթամ, փայլուն ու առողջ մազեր պարգեւել: Իրականում շատ կենտրոնների համար մարդկանց գլուխը փորձադաշտ է, եւ այստեղ էլ պետք է բախտ ունենալ՝ լավ մասնագետների հանդիպելու համար, հակառակ դեպքում ոչ միայն մազաթափությունը չի դադարի, այլեւ սխալ ախտորոշումից ու անլուրջ բուժման մեթոդներից մարդու օրգանիզմը կարող է երկար տարիներ ուշքի չգալ: Այդ դեպքում անգամ գլխի վրա մազ կրակելն էլ չի փրկի:
Այս առնչությամբ «ԷԼՕՍ ՀՈՄ» էսթետիկ բժշկության եւ երիտասարդացման կենտրոնի բժիշկ-կոսմետոլոգ Արգինե Դավթյանն «Առավոտի» հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց, որ վերջին շրջանում իսկապես շատերն են դիմում մազաբուժության կենտրոնների օգնությանը. «Պատճառը էկոլոգիան է, սխալ սնունդը, սթրեսները, ինչպես նաեւ մազերի խնամքի համար օգտագործած կասկածելի բաղադրությամբ նյութերը, որոնք այսօր հրամցվում են մեր սպառողներին: Մեր կենտրոնին հավասարապես դիմում են թե՛ տղաները, թե՛ աղջիկները, ինչպես գիտեք, այսօր նորաձեւության ետեւից ընկնելով՝ տղաները սիրում են տարատեսակ նյութեր՝ մուս, ժելե օգտագործել իրենց սանրվածքի համար, ինչն էլ հաճախ նպաստում է մազաթափությանը»: Արգինե Դավթյանի խոսքերով՝ եթե նախկինում մազաթափությունը բնորոշ էր մեծահասակ մարդկանց, հիմա այդ նույն խնդիրներն ունենում են 17-30 տարեկանները, եւ մազաբուժության կենտրոններին ամենաշատ դիմողը հենց այդ տարիքային խումբն է:
Տարբեր կենտրոններ մազաթափության դեմ իրենց մեթոդներն ունեն, բայց, ըստ մասնագետի, ամենակարեւորը ճիշտ ախտորոշումն է, որը ոչ բոլորին է հաջողվում. «Մենք առաջին հերթին մազի միկրոէլեմենտի անալիզ ենք վերցնում, որն ուղարկում ենք Մոսկվա, որովհետեւ մեր երկրում նման լաբորատորիա չկա: Եթե պատասխանից մազաթափության մակարդակը հաստատվում է, արդեն անցնում ենք բուժմանը, որը հնարավոր է թե՛ հաբերով, թե՛ քսուքներով, թե՛ ներարկման միջոցով, նայած, թե ինչ խնդիր է: Շատ կենտրոններում, որտեղ ճիշտ ախտորոշում չեն ունենում՝ կարող են մարդուն լուրջ վնաս պատճառել, օրինակ՝ նշանակել ցինկի ընդունում, որն օգնում է մազաթափության դեմ, սակայն եթե դրա պակասը չէ ճաղատության պատճառը, հնարավոր է մարդու օրգանիզմում ցինկի ավելցուկ լինի ու մեծ առողջական խնդրի առաջ կանգնի»: Բժիշկները հորդորում են մինչ քաչալանալը ճիշտ խնամել մազերը եւ օգտագործել լավ նյութեր: Այսօր մազերի համար նախատեսված նյութերի, ներկերի, շամպուն-բալզամների ու դիմակների շուկան այնքան մեծ է, որ սպառողները չեն կողմնորոշվում ինչ գնել՝ հաճախ նախապատվությունը տալով այն ապրանքին, որը գովազդվում է: Պարզ է, որ գովազդում ցուցադրվող շլացուցիչ շողշողացող մազերն ընդամենը լավ «լուսավիկի» աշխատանքի արդյունք են, բայց մարդիկ հավատում են գովազդներին: Ուստի մեր հարցին, թե ո՞ր նյութերն է ճիշտ օգտագործել ու ո՞րն է մազերի համար անվնաս՝ Ա. Դավթյանը պատասխանեց. «Չեմ ուզում կոնկրետ ընկերության անուն տալ, պարզապես պետք է ծանոթանալ բաղադրությանը, լավ կողմնորոշվել՝ նոր գնել շամպուն: Եթե նորմալ կամ չոր մազ ունեցողը պարբերաբար յուղոտ մազերի համար շամպուն օգտագործի՝ խնդիրներ կունենա»: Հատկապես բարակ ու նոսր մազերն արագ վնասվում են նաեւ հաճախակի ֆենելուց, արհեստական գանգրացումից կամ նյութերով հարթացումից, ինչպես նաեւ մազերի փոխպատվաստման սխալ միջոցներից, որոնք այսօր շատ արդիական են:
Նշենք, որ, բացի մազաթափությունից, վերջին շրջանում մեր երկրում երիտասարդացել է նաեւ մազերի ճերմակումը: Հաճախ դեռ դպրոցական երեխաների մոտ կարելի է տեսել ճերմակած մազեր: Առաջին սպիտակած մազերը հայտնաբերելուն պես՝ շատերը խուճապի են մատնվում ու պոկում-կտրում են այն կամ դիմում ներկերի օգնությանը: Մինչդեռ վաղ տարիքում ճերմակած մազը պետք է ոչ թե թաքցնել, այլ՝ բուժել: Եթե մազերը շուտ են ճերմակում, դա, ըստ բժիշկների, կարող է կա՛մ ուժեղ սթրեսների, հոգեկան լարվածության պատճառ լինել, կամ՝ վկայել օրգանիզմում տարբեր վիտամինների պակասի մասին: Նույնիսկ ալկոհոլի կամ կոֆեինի չարաշահումը կարող է նպաստել մազերի սպիտակելուն: Ուստի այս դեպքում եւս ինքնագործունեության փոխարեն անհրաժեշտ է դիմել մասնագետների, իմանալ բուն պատճառը՝ հետո անցնել բուժման: