Հայաստանի հեռուստաընկերություններով հեռարձակվող հաղորդումները մեծ մասամբ դուր չեն գալիս սփյուռքահայերին: Ըստ news.am-ի՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց չեխական «Օրեր» երկամսյա պարբերականի խմբագիր Հակոբ Ասատրյանը: «Կա ե՛ւ ճաշակի, ե՛ւ գովազդի, ե՛ւ սերիալների ու տարբեր տեսակի հաղորդումների բովանդակության խնդիր: Օրերս կայացած լրագրողների 5-րդ համաժողովին ես բարձրացրի նաեւ հայկական հեռուստաեթերում մանկապատանեկան հաղորդումների բացակայության խնդիրը: Մուլտֆիլմեր եւ մանկական հաղորդումներ չկան, որ մեր երեխաները դիտեն եւ գոնե հայերեն հաղորդումների միջոցով սովորեն, հատկապես Չեխիայի այն շրջաններում, որտեղ հայկական կիրակնօրյա դպրոցներ չկան»,- ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ սփյուռքահայությունը Հայաստանի մասին տեղեկատվություն ստանում է հիմնականում հեռուստաընկերություններից եւ ինտերնետից:
Անդրադառնալով Սփյուռքի նախարարության հոկտեմբերի 12-16-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված «21-րդ դարի տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով համաժողովին, նշեց, որ համաժողովի ընթացքում առաջադրված եւ քննարկված խնդիրներից եթե գոնե մի քանիսը մոտ ապագայում լուծվեն, ապա դրական արդյունք կլինի: Նշենք, որ «Օրեր» պարբերականը լույս է տեսնում Չեխիայում՝ 1999 թվականից եւ բաժանվում է անվճար: