Ապրելու եւ ստեղծագործելու բանաձեւ՝ ըստ բազմամյա լրագրող, մշակութային գործիչ Ռիտա Շառոյանի
ՀՀ նախագահի հրամանագրով Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանին վերջերս շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալ: Նա իրեն հատուկ անկեղծությամբ պատասխանում է «Առավոտի» հարցերին:
– Ի՞նչ է հարցազրույցը Ձեզ համար, մանավանդ՝ լրագրող եք եւ Դուք եք սովորաբար հարցազրույցներ վարել:
– Հարցազրույցը ժուռնալիստիկայի կարեւոր եւ հետաքրքիր ժանրերից է՝ տեղեկատվություն ստանալու, մարդ-անհատի բնութագիրը, աշխարհայացքը, մտածողությունը, վերաբերմունքը բացահայտելու, նրա ապրումները վեր հանելու համար: Ի դեպ, հավասարաչափ կարեւոր են եւ՛ տրվող հարցերը, եւ՛ պատասխանները:
– Կաշխատեմ չհիասթափեցնել իմ հարցերով…
– Ես էլ իմ պատասխաններով (ժպտում է- Գ. Հ.):
– Ո՞վ եք դուք:
– Մարդ, սովորական մարդ: Թույլ եմ տալիս ասել՝ լավ մարդ:
– Ո՞վ է լավ մարդը:
– Լավ մարդը նա չէ, ով քեզ հետ կամ ինձ հետ լավ է: Լավ մարդը նա է, ով վատ բան չի կարող անել:
– 2005-ից դուք Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրենն եք. չե՞ք կարոտել Ձեր մասնագիտությանը:
– Ոչ այնքան, քանի որ ժուռնալիստ լինելը ապրելակերպ է, աշխարհայացք, անհաշտություն է եւ պայքար՝ ստորի, ցինիզմի, մարտնչող տգիտության եւ մնացյալ վատ բաների դեմ: Որտեղ էլ որ աշխատեմ, նույն մարդն եմ՝ չեմ փոխվելու:
– «ՀայԱրտ» մշակութային կենտրոնն առանձնանում է հետաքրքիր գեղարվեստա-փաստագրական ֆիլմերի ստեղծումով, որոնց հեղինակն եք. ինչո՞ւ ստանձնեցիք այդ աշխատանքը:
– Մինչ «ՀայԱրտում» աշխատելը՝ ես 15 տարի ԱՄՆ-ի «Հորիզոն» հայկական հեռուստաընկերության տնօրենն էի, այդ ժամանակահատվածում ձեռք բերած փորձությունն ու պրոֆեսիոնալիզմը ինձ օգնեցին պատմամշակութային եւ ազգային թեմաներով ֆիլմաշարեր ստեղծել: Դրանց շարքում են «Անցյալ կատարյալ», «Հայ հնագույն նվագարաններ», «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարերը:
– Ի՞նչ արձագանքներ ունեն այդ ֆիլմերը:
– Տեսնո՞ւմ եք, դրանք Ձեզ հետաքրքրել են ու հարց եք տալիս: Այդ ֆիլմերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում տարբեր սերնդի հանդիսատեսի համար՝ իմացական, ճանաչողական, գեղագիտական, քարոզչական առումներով:
– Իսկ կոմերցիո՞ն…
– Կոմերցիոն՝ ոչ, որովհետեւ, եթե հայ վարպետները դեռ միջնադարում կառուցել են Ախթալայի հրաշագեղ վանական համալիրը, կոմերցիոն մտածողությունը իսպառ գոյություն չի ունեցել: Իսկ ես՝ սովորական մեկս, Ախթալային նվիրված մի համեստ ֆիլմ եմ պատրաստել, կոմերցիայի մասի՞ն պիտի մտածեի: Կամ հայկական ծիրանափողի մասին ֆիլմ ստեղծելիս բիզնե՞ս պիտի անեի… դժվար թե:
– «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարում ովքե՞ր են ներկայացվել:
– Ոչ թե ներկայացվել են, այլ փորձել եմ հանրությանը հայտնի դեմքերին, օրինակ՝ Հրանտ Մաթեւոսյանին, Գրիգոր Գուրզադյանին, Հովհաննես Չեքիջյանին, առաջիկայում՝ Տիգրան Մանսուրյանին եւ այլոց նվիրված ֆիլմերով յուրօրինակ երկխոսություն ստեղծել մեր մեծերի եւ յուրաքանչյուր հանդիսատեսի միջեւ. այստեղից էլ ֆիլմաշարի անվանումը՝ «Խոսիր ինձ հետ»:
– Ինչպե՞ս եք հոգում նյութական կարիքները, չէ՞ որ ֆիլմ ստեղծելը թանկ հաճույք է:
– Դուք իրավացի եք՝ մասամբ, ֆիլմը թանկ է, բայց ոչ հաճույք, թանկը նպատակն է, ավելի թանկը՝ այդ նպատակին հասնելու միջոցները:
– Ի՞նչ ունենք այսօր մեր մշակութային դաշտում:
– Լավ բաներ շատ ունենք, բայց եւ ունենք բաղեղի պես անհատնում «աստղեր» ու «գերաստղեր»: Հիշեցի Կանտի խոսքերը. «Երկու բան այս աշխարհում հիացնում են ինձ եւ սարսափեցնում միեւնույն ժամանակ՝ աստղալից երկինքն իմ գլխավերեւում եւ բարոյակայության օրենքներն իմ մեջ»: Իսկ ինձ՝ սովորական մահկանացուիս սարսափեցնում են «աստղալից հասարակությունը», կլիպախեղդ իրականությունը եւ ինքնամատույց… չգիտեմ ինչերը:
– «ՀայԱրտում» մշտապես կազմակերպվող գեղանկարչական ցուցահանդեսները, ֆիլմերի, գրքերի շնորհանդեսները, դասական երաժշտության երեկոները առանձնանում են ինտելեկտուալությամբ. ինչո՞վ է դա պայմանավորված:
– Ինտելեկտով, մտածողությամբ, ճաշակով, մոտեցումով… մեր այցելուներն էլ հիմնականում մտավորականներ են: Մտավորական՝ չի նշանակում մտավոր աշխատանքով զբաղվող մարդ: Դա այն խավն է, որ կոչվում է ինտելիգենցիա, որը տվյալ հասարակական-քաղաքական կյանքի շարժիչ ուժը պիտի լինի, ժամանակներ եւ գաղափարներ ձեւավորի:
– Դուք ակտիվ կին եք, կանացին եւ ակտիվը ինչպե՞ս են համատեղվում Ձեր մեջ:
– Կներեք, բայց տանել չեմ կարողանում ակտիվ բառը, մանավանդ իմ դեպքում. ես ակտիվ կին չեմ, ես աշխատասեր եմ, իսկ աշխատասիրությունն ու կանացիությունը իրար միշտ լրացնում են: