Որոշ կոլեկտիվներ միայն այս պայմանով են ուզում գործել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ներքո
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը
«կտյունինգավորվի» Կամերային երաժշտության ազգային կենտրոնի:
«Առավոտը» ժամանակին տեղեկացրել է ստեղծվելիք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի մասին: Նաեւ ներկայացրել որոշ գործիչների բացասական վերաբերմունքը այդ կառույցի վերաբերյալ: Թե ի՞նչ կտա կամերային կենտրոնը կոլեկտիվներին, որոնք հնարավոր է ընդգրկվեն ստեղծվելիք կառույցում, մեկնաբանում են կոլեկտիվների ղեկավարները:
«Հովեր» կամերային երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյան.- Մեզ համար իդեալական եւ ցանկալի տարբերակ չէ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում ընդգրկվելը: Ուզում ենք առանձին ու ինքնավար գործել: Մշակույթի նախարարի հետ օրերս կայացած զրույցից հասկացա, որ պետությունը, զուտ ֆինանսական ծախսերից ելնելով, չի կարող առանձին-առանձին ՊՈԱԿ-ներ ստեղծել, հետեւաբար որոշել է մի քանի կոլեկտիվներ ընդգրկել մեկում:
Երեւանի կամերային երգչախմբի ղեկավար Էդուարդ Թոփիկյան.- Շուրջ երկու տարի է՝ հրաշալի համագործակցություն է սկսվել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի հետ: «Առնո Բաբաջանյան» սրահում ելույթ ենք ունեցել, անձամբ վարել եմ Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված երեկոները, Եղեգնաձորում էլ համերգ ենք ունեցել՝ կազմված Էդգար Հովհաննիսյանի խմբերգերից… Պետք էր տեսնել, թե ինչ կապ էր ստեղծվել կատարողի ու հանդիսատեսի միջեւ: Պարոն Մանասյանի հետ ունենք ծրագրեր՝ ձայնագրել ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Պատրաստ էինք անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակի առիթով ձայնագրել նրա ժողովրդական երգերի մշակումներն ու խմբերգերը, ինչը, ֆինանսավորում չլինելու պատճառով, այդպես էլ չիրականացրինք: Ակնհայտ է, որ տնօրեն- գեղարվեստական ղեկավար անհատների ամբիցիաների պատճառով կազմալուծվում են կոլեկտիվներ (հավանաբար նկատի ունի Հայաստանի պետական կամերային նվագախումբը- Ս. Դ.): Այս պահին դժվարանում եմ ասել՝ մեկ միավորման մեջ ընդգրկվելը ի՞նչ կտա մեզ:
«Տաղարան» անսամբլի ղեկավար Սեդրակ Երկանյան.- Մենք դեռ նման որոշում չենք ստացել: Ոչ մեկը հստակ չի ասում՝ ե՞րբ կստեղծվի այդ կենտրոնը: Եթե մեզ՝ հիսուն տարեկան անսամբլին կօգնի, օրինակ՝ կազմակերպչական հարցերով, լավ է, թե չէ՝ անսամբլը իր ստեղծագործական խնդիրների 10 տոկոսից ավելին չի կարողանում իրականացնել… Մի խոսքով՝ ժամանակը ցույց կտա:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնակատար Անահիտ Ծփնեցյան.- Տարուց ավելի է՝ մեր կոլեկտիվը գլխատված է: Եթե այս պահին ունենայինք գեղարվեստական ղեկավար, համոզված եմ՝ նա չէր համաձայնի ընդգրկվել նորաստեղծ կենտրոնում: Ո՞վ իր անկախությունը կթողնի ու կմիանա ընդհանուր մի բանի: Երկար տարիներ աշխատելով «Հայհամերգում», կարող եմ ասել, որ այդ կենտրոնն իրեն չի արդարացնի, թեեւ ասում են՝ որոշումը եղել է, բայց դեռ կենտրոն, որպես այդպիսին, չկա:
Մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Զավեն Վարդանյան.- Գուցե լավ է, որ դասական արվեստի մի քանի կոլեկտիվ կունենա մեկ ղեկավար՝ հանձին ստեղծվելիք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի: Կամ գուցե նախարարությունը դասակարգո՞ւմ է դասական կոլեկտիվներն ու ժողովրդականը, այդպես հստակություն մտցնելով իր աշխատանքներում… Մի բան հաստատ է, որ կենտրոնի կոլեկտիվներն անձեռնմխելի կլինեն, եկող նախարարը չի լուծարի եւ ոչ մի կոլեկտիվ: Իսկ եթե մնանք այսպես առանձին-առանձին, եկողն էլ կարող է ասել, թե ձեր կարգավիճակը պարզ չէ…
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյան.- Կենտրոնի գործունեությունը դեռեւս չի սկսվել, հետեւաբար գնահատական տալ չեմ կարող: Մեզ հավաստիացրել են, որ ընդգրկվելով կենտրոնում, ոչ ոք բացարձակ չի խառնվելու կոլեկտիվի գործունեությանը, ծրագրերին, ավելին՝ կունենանք մենեջեր, առանձին հաշվեհամար… Մի կողմից էլ լավ է. եթե այդ մենեջերը օգուտ կտա տարին մեկ կամ երկու տարին մեկ՝ զուտ կազմակերպչական հարցերով: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, մանավանդ որ, կենտրոնը, ինչպես հավաստիացնում են, սեփական ինքնուրույնությանս չի կպչի: