Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պենտագոնը շունչը պահած սպասում է նոր սկանդալային բացահայտումների

Հոկտեմբեր 19,2010 00:00

\"\"Ամերիկացի զինվորականները 120 մարդուց բաղկացած մի խումբ են հավաքել՝ Wikileaks կայքում իրաքյան պատերազմի վերաբերյալ 400 հազար էջանոց փաստաթղթերի հրապարակման հնարավոր հետեւանքները ուսումնասիրելու համար: BBC-ի մատուցմամբ, ենթադրվում է, որ հրապարակվելիք այդ փաստաթղթերը վերաբերելու են ռազմական գործողություններին, անվտանգության իրաքյան ուժերին եւ խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերին:
Հրապարակման կոնկրետ օրը հայտնի չէ, բայց արդեն հասկանալի է, որ նոր արտահոսքը կարող է նույնիսկ ստվերել նույն կայքում այս տարվա հուլիսին աֆղանական պատերազմին առնչվող 70 հազար փաստաթղթերի հրապարակումից հետո ծագած սկանդալը: Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Դեյվ Լեյպենը հայտարարել է, թե փաստաթղթերը, որոնց մասին խոսվում է, պահվել են իրաքյան արխիվում եւ պարունակում են բավականին կարեւոր նյութեր: Նրա ասելով, Պենտագոնում սպասում են, որ աղմկահարույց հերթական հրապարակումը կայքում կլինի երկուշաբթի կամ երեքշաբթի օրը: Ամերիկացի զինվորականները հայտարարում են, որ ուզում են իրաքյան արխիվից վերադարձնել այդ նյութերը՝ անցանկալի տեղեկությունների հրապարակումից խուսափելու համաչ: Գնդապետի մատուցմամբ, այդ փաստաթղթերը պետք է վերադարձվեն Պենտագոնին, որովհետեւ «մենք չենք հավատում, որ Wikileaks-ը կամ որեւէ այլ մեկը տիրապետում է այդ փաստաթղթերի վերծանման համար անհրաժեշտ գիտելիքներին»:
Առայժմ Wikileaks կայքը անհասանելի է՝ «տեխնիկական վերազինման կապակցությամբ»: Շվեդական դատախազությունը դեռ քննում է կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջի (նկարում) նկատմամբ սեքսուալ բնույթի հանցագործությանն առնչվող գործը: Հիշեցնենք, որ Ասսանջը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, թե դրանք շինծու են եւ կազմակերպված են իր հակառակորդների կողմից, որոնք փորձում են այդկերպ իր հետ հաշվեհարդար տեսնել՝ կայքում աֆղանական պատերազմի վերաբերյալ սկանդալային փաստաթղթերի հրապարակման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել