Կիրակի օրը Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում 14 մարդ է զոհվել եւ եւս 11-ի ճակատագիրն անհայտ է:
Երկրամասի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդել էր 13 զոհերի մասին, որոնցից 12-ի դին ճանաչվել է: Զոհվածների մեծ մասը, BBC-ի մատուցմամբ, կանայք են: Զոհերի թվում երեխաներ չկան: Բացի այդ, բժշկական օգնություն ստանալու համար շրջանային հիվանդանոց է դիմել 26 մարդ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է «ցրտահարություն» ախտորոշմամբ: Հոկտեմբերի 18-ը Տուապսեում սգո օր է հայտարարված:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Տուապսեում հորդառատ անձրեւներ էին տեղացել, որի արդյունքում լեռնային Պշենախա եւ Տուապսինկա գետերի մակարդակը բարձրացել եւ ողողել էր շրջակա շուրջ 20 բնակավայր, ավելի քան 1000 տուն ջրասույզ էր եղել, ավերվել էր ութ կամուրջ: Քանդված տներից փրկարարները տարհանել էին ընդհանուր առմամբ 280 մարդ, այդ թվում՝ 70 երեխայի: Շրջանում արտակարգ դրություն էր հայտարարվել:
Տուապսեի իշխանությունների տվյալներով, տարերային աղետի հասցրած վնասը կարող է գերազանցել 500 մլն ռուբլին: Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը հրահանգել է տուժած բոլոր ընտանիքներին փոխհատուցում տրամադրել: Ընդսմին, Տուապսեի շրջանում ջրհեղեղից տուժած շրջաններից տարհանված մարդիկ սկսել են վերադառնալ իրենց լքած տները: