Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերապատրաստումից մինչեւ Youtube-ամանիա

Հոկտեմբեր 19,2010 00:00

Կամ՝ ինչից են գոհ ու դժգոհ մանկավարժները

Երեւանի ավագ դպրոցների 254 մանկավարժների համար կազմակերպված չորսշաբաթյա վերապատրաստման դասընթացն արդեն ավարտվել է: 28 օր շարունակ ԿԳ նախաձեռնությամբ մանկավարժները սերտել են նեղ մասնագիտական ու ընդհանուր կրթական ուղղությամբ դասեր, հմտացել գնահատման նորագույն ձեւերի ու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեջ: Դասընթացներն իրականացվել են հայոց լեզու, գրականություն, պատմություն, ինֆորմատիկա, աշխարհագրություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաների գծով: Երեկ մասնակիցները որակավորման սերտիֆիկատներ ստացան հենց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ձեռքից: Դասընթացի արդյունքից գոհ նախարարը նկատեց, որ մասնակիցների մի մասը սովորաբար լուրջ չի վերաբերվում որակավորման բարձրացման դասերին եւ մոտիվացված չէ իր հմտությունները կատարելագործելու հարցում. «Առաջիկա տարիներին մենք մանկավարժական համակազմում կպահենք միայն այն ուսուցիչներին, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով ի վիճակի կլինեն մատուցել նոր տեսակի որակյալ հանրակրթական ծառայություններ»:
Նա նաեւ նշեց, որ ավագ դպրոցում խնդիրը դրված է ոչ միայն անվանափոխության, առանձնացման, այլ կրթական ծրագրերի բովանդակության եւ մատուցվող ծառայությունների որակի բարելավման վրա. «Որակի բարելավումը միայն շենքային կամ նյութատեխնիկական պայմաններով չպետք է լուծվի, դասավանդման որակը պետք է բարելավվի մանկավարժական կադրերի շարունակական վերապատրաստմամբ, նրանց հմտությունների կատարելագործմամբ եւ մանկավարժական նորագույն նվաճումներին նրանց հաղորդակից դարձնելով»:
Ի տարբերություն նախարարի, դասընթացից գոհ չէին մասնակիցները:
«Առավոտի» հետ զրույցում թիվ 127 դպրոցի ներկայացուցիչ Հակոբ Ասլանյանը նկատեց, որ դասընթացը կազմակերպչական առումով շատ խնդիրներ ուներ, մասնակիցներին հստակ չէին տեղեկացրել ընթացակարգերի մասին. «Թե ինչ էինք սերտելու՝ ոչինչ չգիտեինք, առանձնապես մեծ բաներ չտվեց մեզ, կուզենայի՝ շեշտը դրված լիներ մեթոդների ուսուցման վրա, որ շատ դասեր չնմանվեին բարձր կարգի դասախոսությունների»:
Թիվ 149 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Կարինե Մովսիսյանն էլ մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ ավագ դպրոցի դրական կողմերին. «Այն աշակերտին ուղղորդում է մասնագիտության ընտրության հարցում: Կրթական ծրագիրը բավականին բարդացել է, ինչի հետեւանքով երեխայի գիտելիքների ու ընդհանուր պատրաստվածության շեմն է բարձրացել, բայց դրանով ավագ դպրոցի խնդիրները չեն պակասել, ավագ դպրոցներն այսօր ունեն տեխնիկական վերազինման, կաբինետային համակարգի ստեղծման անհրաժեշտություն: Հույս ունենք, որ, ինչպես խոստացավ նախարարը, մինչեւ տարեվերջ խնդիրները կլուծվեն»:
ԿԳ նախարարն էլ անդրադառնալով Youtube-ում հանգստյան օրերին տեղադրված տեսանյութին, որտեղ այս անգամ էլ կին մանկավարժն էր աշակերտին ծեծում, պարզաբանեց. «Այդ տեսանյութի հերոսուհին Արաբկիր համայնքի դպրոցներից մեկի ուսուցիչ է, ով մեկ շաբաթ առաջ է աշխատանքից ազատվել իր դիմումի համաձայն: Դպրոցի տնօրենն ինձ պատմել է, որ նրա հետ կապված պարբերաբար դժգոհություններ է ստացել: Նա մի քանի տարի առաջ անձնական մեծ կորուստ է ունեցել՝ դստերն է կորցրել ու առողջության հետ կապված խնդիրներ ունի…»: Նույն կնոջ մասին էլ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասել էր, թե թիվ 129 դպրոցի մանկավարժ է, տեսանյութն էլ 4 տարվա վաղեմություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել