Բուռն քննարկումներ՝ սոցիալական ցանցերում, բլոգներում ու ֆորումներում
Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Գեորգիզովի տեսանյութը youtube-ում ու Facebook-ում հայտնվելուն հետեւեցին Երեւանի քաղաքապետի, ԿԳ նախարարության համապատասխան քայլերը: «Կտամ մատերս կմտնի մեջդ, ուռոդ, դեբիլ…»,- սրանք աշակերտին ծեծող այդ մանկավարժի խոսքերն էին: Զարմանալի էր միայն, որ միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա մարտին, սակայն ինտերնետում տեղադրվել էր հոկտեմբերի 11-ին: Ու բնական էր, որ դպրոցի ղեկավարությունը դրանում կրթօջախը վարկաբեկելու միտում տեսավ:
Մի քանի օր անց էլ մեկ ուրիշ «դպրոցական դետեկտիվ» հայտնվեց youtube-ում՝ «VochPakasTurk» վերնագրով: Այստեղ էլ ուսուցչուհին է հրում-գցում, ծեծում երեխային՝ սկզբում գրքով, ապա ձեռքերով, վերջում էլ «դեմ է տալիս» պատին ու քիչ է մնում վատ ոստիկանին հարիր՝ քացով խփի երիկամներին: Այս պատմությունը եւս լուրջ քննարկումների տեղիք է տվել զանազան բլոգներում ու ֆորումներում: youtube-ում նույնիսկ կեղտոտ հայհոյանքներ կան ծեծող «մանկավարժի» հասցեին, որոնք արժանացել են մյուս youtube-ականների քննադատությանը: Ի դեպ, այս տեսանյութը եւս հին է՝ դատելով «հերոսների» ձմեռային հագուստներից: Ավելի ուշ պարզվեց, որ դա կատարվել է 4 տարի առաջ, Երեւանի թիվ 129 դպրոցում, մաթեմատիկայի դասի ժամանակ: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Panorama.am-ին ասել է, որ այդ ուսուցչուհին հեռացվել է աշխատանքից:
Սադիստ ուսուցչուհու մասին տեսանյութը youtube-ում դիտած MindWalker123-ը գրում է, թե կարոտել է իրենց՝ Երեւանի թիվ 156 դպրոցը: Ասում է՝ 15 տարի առաջ է ավարտել, բայց տեսնում է, որ ոչինչ էլ չի փոխվել հայրենի դպրոցներում:
Babsedo-ն գրում է. «Մի տեսակ սկսվել է youtube-ամանիա… Մեր խղճուկ հեռուստաալիքներից ոչ մեկի հանդեպ վստահություն չկա: Դրա համար էլ մարդիկ տեղադրում են այստեղ ու գլխացավանքից պրծնում… Բոլորդ նկարեք ամեն ինչ՝ փարոսներում, քաղմասներում, սոցապներում, չաստերում…Առա՜ջ, youtube-ստան»:
Shahnur 79-ն էլ գրում է. «Մեր ժամանակ էլ (1985-1995թթ.) էին նման բաներ լինում ու նույնիսկ ավելի ահավոր: Իհարկե, այն ժամանակ ձեռքի հեռախոս չկար, որ այդ ամենը նկարվեր, բայց երեւույթը կար, միշտ էլ եղել է ու երեւի կլինի»: Նրա կարծիքով, այս ամենի արմատներն ավելի խորն են եւ չարժե ամեն ինչի մեջ միայն ուսուցիչներին մեղադրել, որոնք «անկախ ամեն ինչից, իրավունք չունեն նման բան անել եւ պղտորել մանկավարժի անունը»:
Inchvorban-ի կարծիքով՝ Ծեծը աշակերտի թերացման միակ հնարավոր պատժամիջոցը չէ. «Նույնպիսի արդարացումները հիմք ընդունելով, մարդկությունը լեգիտիմ է համարել նաեւ բռնության այնպիսի տեսակ, ինչպիսին ցեղասպանությունն է… Ինքնատիրապետումը կորցնելը մասնագիտական թերացում է, իսկ որ աշակերտը կարող է լկտիանալ ուսուցչի առաջ՝ դա խոսում է նրա խարիզմայի պակասի մասին…»:
Akumb.am-ի այցելուներից «Յոժիկը» հետեւյալ կարծիքի է. «Ինչ վերաբերում ա ուսուցիչներին՝ 90%-ը հիստերիկ են ու ներվային, թող գնան վերապատրաստվեն, հոգեբանություն սովորեն, նոր գան դպրոցներում դաս տան: Ոչ մի ուսուցիչ իրավունք չունի իր ընտանեկան պրոբլեմները երեխային փոխանցի՝ հիստերիկ պոռթկումներով: Ես (ինձ վրա բերեմ օրինակը) դպրոցում ամենալավ սովորողների եռյակում էի, օրինակելի տիպար, բայց դասղեկը մի անգամ նենց գոռաց վրաս՝ անտեղի տեղը, որ մեկ ամիս դասի չգնացի… Ուղղակի որոշ ուսուցիչներ իրենց դնում են երկրորդ հայրերի ու մայրերի տեղը եւ սկսում իրենց արեւին դաստիարակչական աշխատանքներ տանել՝ չկենտրոնանալով հիմնական խնդրի՝ դասավանդման վրա»:
ministr-ը այլ համոզմունքի է. «Նորմալ, դաստիարակված, դասը չխանգարող, ոչ լպիրշ աշակերտին նման վերաբերմունքի չեն արժանացնում: Ուսուցիչը երեխա պատժելուց կամ ներվեր փչացնելուց կայֆ չի բռնում: Իրան ի՞նչ ա պետք՝ դասը մատուցի, աշակերտներին դաս հարցնի, գիտելիքը տեղ հասցնի, հանգիստ անցնի մյուս դասին, որ օրվա վերջում գոնե մի քանի կիլոջոուլ էներգիա մնա մեջը»:
katka-ն գրում է. «Ծնողները, որ երեխուն դպրոց են ուղարկում, մոռանում են, որ պիտի նաեւ հետաքրքրվեն: Իրանց թվում ա՝ դասատուն ամեն ինչի պատասխանատուն է: Սխա՛լ է: Ծնողն է ամեն ինչի մեղավորը: Երեխադ դաստիարակված է, ուրեմն ծեծ չի ուտի: Ու ծնողները պետք է միշտ հետաքրքրվեն դպրոցի անցուդարձով»:
«Ձայնալարը» կոնկրետ լուծում է առաջարկում. «Եթե մի անգամ էդ դպրոցի դասատուին գործից հանեն, տնօրենին էլ հետը հանեն, հաջորդ անգամ դասատուն ավելի զգույշ կլինի պոռթկալիս, տնօրենն էլ ավելի զգույշ՝ դասատու ընտրելիս: Եթե տնօրենին բանտ նստեցնեն ատեստատ վաճառելու համար, իսկ աշակերտին անուղղելի վատ վարքի համար դուրս շպրտեն դպրոցից կամ նույն դասարանում թողնեն, աշակերտն էլ, իր ծնողն էլ ավելի զգույշ կլինեն՝ ուսուցչի ներվերը ուտելիս: Էսօրվա դպրոցում գոյություն ունեցող լպիրշության աղբյուրը, ակունքը դպրոցում չի, դպրոցից դուրս է, բարեհաճեք խնդրի գլոբալ լուծման մասին մտածել, ոչ թե ինչ-որ մեկի երեխայի ծեծվելու հաշվին՝ խնդրի հերթական անգամ չլուծվելը ապահովեք»:
Akumb.am-ից Երվանդը նշում է. «Ուսուցիչը չպետք է էդքան ցածրանա, որ երեխային ծեծի, դա չէ ուսուցչի կոչումը, ուսուցիչը պետք է կրթի ու դաստիարակի, իսկ ծեծը ոչ մի կերպ չի նպաստում դաստիարակությանը: Բացի դրանից, երեխայի մեջ առաջացնում է վիրավորանքի ու ստորացման զգացողություն, ինչը, օրինակ, չի առաջանում, երբ երեխան կռվում կամ ծեծվում է, ասենք, դասարանցիների կողմից: Հնարավոր է՝ երկար ժամանակ դուրս չգա էդ վիրավորանքը ու իրեն դրդի ավելի վատ քայլերի…»:
Tert.am-ի բլոգում «Բյուրակը» հիշում է. «Մեր դպրոցում էլ էին լավ ծեծում… Ոչ բոլոր դասատուները: Էնքան հետաքրքիր էր՝ դասատուի գիտելիքները հակադարձ համեմատական էին ծեծելու չափին: Էն ամենալավ դասատուները կյանքում ձեռք չէին բարձրացնում աշակերտի վրա»:
Վահան Իշխանյանն էլ, պատասխանելով մեկնաբանություններից մեկին՝ գրում է. «Դպրոցներում բռնությունը վերացնել կարող է ԿԳ նախարարությունը: Սակայն նախարարի ընդունակությունները իրոք չեն հերիքում ոչ միայն բռնությունը վերացնելուն, այլեւ կրթության որակը բարձրացնելուն»:
Ակնհայտ է, որ բոլոր կարծիքներում էլ ճշմարտության հատիկ կա: Մինչ ԿԳ նախարարությունը պաթետիկ հայտարարություններ է անում, թե. «Երեխայի իրավունքների պաշտպանությունը՝ ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնասյուներից է, եւ բռնության յուրաքանչյուր դրսեւորում դպրոցում անընդունելի է ու դատապարտելի», Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը ավելի անկեղծ է արձագանքում. «Բոլորս միմյանց մեջ մեղավորներ ենք փնտրում, մինչդեռ եթե կրթության վարչություն-դպրոց-ծնող եռանկյունին ճիշտ աշխատի, հաստատ նման դեպքեր չեն լինի»: Որքան էլ մերժելի ու դատապարտելի են նման երեւույթները, կարծում ենք՝ չարժե այս պահին շղթայի թույլ օղակ հանդիսացող դպրոցի վրա «հարձակվել»: Նախ պետությունը պետք է բարի լինի բոլոր առումներով դպրոցին որպես դպրոց վերաբերվել՝ զերծ պահելով քաղաքական, կուսակցական, թայֆայական եւ այլ խժդժություններից ու խաղերից…