Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օդանավ համար մեկ»-ի բացահայտումները

Հոկտեմբեր 19,2010 00:00

Որակյալ հաղորդման անսպասելի օրինակ

Մի քանի օր առաջ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Օդանավ համար մեկ» հեռուստատեսային ֆիլմ-հաղորդումը: Ընդհանուր առմամբ, բավականին հաջողված այս հաղորդումը առիթ է, որպեսզի մեկ անգամ եւս խոսենք մեր հեռուստատեսության մասին:  Ինձ, ճիշտն ասած, անակնկալի բերեց հեռուստատեսությամբ, այն էլ «Հ1»-ով նման որակով հաղորդման հեռարձակման փաստը:  Որովհետեւ վաղուց արդեն տպավորություն է ստեղծվել, որ մեր հեռուստատեսություններում նստած է «հակացենզուրա», որը եթեր է թողնում միայն անորակ, ռաբիս, «պլինտուսից ցածր» մակարդակի, բայց, ինչպես իրենք են ասում, «ռեյծինգ» ունեցող հաղորդումներ: Բացառություն են կազմում, թերեւս, նույն այդ Ռաֆայել Հովհաննիսյանի եւ Արտակ Ալեքսանյանի հեռուստանախագծերը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «ռեյծինգը» ստեղծվել է հատուկ ազգին դեգրադացնելու համար:
Վերադառնանք բուն հաղորդմանը:  Փաստորեն, հայկական հեռուստատեսությամբ կարելի է ցուցադրել հաղորդում նախագահի կամ իշխանությունների մասին, որտեղ առաջին պլանում լինի ոչ թե պնակալեզությունն ու «կացնային» գովերգությունը, այլ, ասենք, նույն այդ նախագահի, լրագրողների, դիվանագիտական կառույցների եւ այլ ծառայությունների աշխատանքի որոշ ասպեկտների բացահայտումը: Օրինակ, հաղորդումը դիտելուց հետո շատ հեռուստադիտողներ իրենց համար պարզել էին, որ Բաղրամյան 26-ը ոչ միայն ՀՀ նախագահի նստավայրն է, այլեւ շատ ու շատ մարդկանց, որոնք, ի դեպ, ոչ թե անիմաստ հայացքով «կնոպկա սեղմող» անգրագետներ են, այլ բավականին կրթված երիտասարդ պրոֆեսիոնալներ:  Երկար տարիներ մեր հեռուստատեսությունները իշխանությունների մասին անգամ նեյտրալ նյութեր չէին հեռարձակում: Կամ լավը, կամ ոչինչ: Կարծում եմ, մեր հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների աշխատակիցները գիտեն, թե այս սկզբունքը ում է վերաբերում: Երեւի թե հենց այդ պատճառով էր, որ մեր իշխանավորները հասարակության համար մեռած էին: Իսկ այս հաղորդումից հետո պարզ դարձավ, որ նախագահը եւ նախագահականի աշխատակիցները կարող են ոչ միայն սառը դեմքով ինչ-որ ճառեր արտասանել, այլեւ հումոր անել, շփվել միմյանց եւ ուրիշների հետ` սփյուքահայերի, օտարերկրացիների, ինչպես նաեւ «մահկանացու» լրագրողների եւ տեխնիկական աշխատողների, երեխաների նման ուրախանալ շոուներով եւ կենդանիներով: Մի խոսքով, պարզվում է, որ «նրանք էլ մեզ պես մանուկ են եղել»:  Ես հասկանում եմ, որ, օրինակ, Ազգային ժողովի մասին, անգամ մեծ ցանկության պարագայում, պարոն Հովհաննիսյանը դժվար թե կարողանա նման ֆիլմ նկարահանել: Որովհետեւ, լավագույն դեպքում, Գալուստ Սահակյանը հերթական անգամ երկար ու իրար հետ կապ չունեցող ֆրազներ կարտահայտի, որից ոչ մի հեռուստադիտող այդպես էլ  ոչինչ չի հասկանա: Սակայն նրանց եւս չէր խանգարի իմանալ, որ «կամ լավը, կամ ոչինչ» սկզբունքը հանգուցյալներին է վերաբերում: Հեղինե Բիշարյանը պետք է որ այս մասին իմանար: Սակայն դատելով Արթուր Բաղդասարյանի հասցեին նրա դիֆերամբներից, կարելի է եզրակացնել, որ չգիտի: Տիկին Բիշարյան, ինչպես կասեր դասականներից մեկը` «Ափսոսեր էր երեխան», այդքան երիտասարդ, բայց արդեն կամ լավը, կամ` ոչինչ:
Այս հաղորդման ցուցադրությունը եւս մի բան բացահայտեց: Մինչ օրս մեր հեռուստաընկերությունների լրատվականները ամեն ինչը գցում էին նախագահականի վրա: Թե իբր այն, ինչ ցուցադրվում է՝ իրենց մեղքը չէ: Իբր այդ կացնային գովաբանությունը այնտեղից են պահանջում: Պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չէ: Պարզապես մեր լրատվականները սիրում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»: Թեեւ մեր հեռուստատեսային լուրերի պարագայում այս ասացվածքը լիովին չի բնորոշում դրանց բովանդակությունը: Մերոնք ուզում են «Քրիստոսից ավելի քրիստոնյա լինել»:
Ինչեւէ, «Օդանավ համար մեկ» հաղորդումը ցույց տվեց, որ որակը դժվարությամբ եւ առայժմ քիչ դոզաներով կարողանում է մտնել գրեթե ամբողջովին «ապականված» հայկական եթեր: Միայն մեկ նկատառում: Կարծում եմ, որ նման հաղորդումներում կարելի է ավելի խորը ներկայացնել այն, ինչն իրոք «կուլիսների» ետեւում է մնում: Հեռուստադիտողի համար հենց դա է հետաքրքրություն ներկայացնում: Հուսով լինենք, որ նմանատիպ հաջորդ հաղորդումներում մեր այս նկատառումը Ռաֆայել Հովհաննիսյանը հաշվի կառնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել