Թե Հայաստանում աշխատանք լիներ, հայ շինարարները հանապազօրյա հացի համար օտար ափեր չէին հասնի
Արդեն 6 տարի նոյեմբերյանցի որմնադիրների բրիգադը Ռուսաստանում տաճար է կառուցում: 2002 թվականին Կրուտիցկիի եւ Կոլոմնայի մետրոպոլիտ Յուվենալիի օրհնությամբ Մոսկվայի մարզի Ռուզայի շրջանի Լիզլովո գյուղում սկսվել է եկեղեցական համալիրի շինարարությունը: Համալիրը իր մեջ ներառում է Սմոլենկի Տիրամոր սրբապատկերի մատուռը եւ ի պատիվ «Կենսատու աղբյուր» սրբապատկերի՝ կառուցվող մեծ տաճարը, նաեւ՝ հացատուն: Այդ վայրերում 1941 թվականի դեկտեմբերի 13-15-ը 336-րդ Սիբիրյան դիվիզիան փակեց ֆաշիստների մուտքը Մոսկվա, դաժան մարտերում, մի քանի օրում հայրենիքի 3 հազար պաշտպան զոհվեց: Սպիտակաքար մեծ տաճարը հավերժացնելու է զոհված մարտիկների հիշատակը: Դա է պատճառը, որ այս գործի նախաձեռնող, Լիզլովո գյուղի քահանա հայր Ալեքսանդրը որոշել էր տաճարը կառուցել հին ռուսական ճարտարապետության հրաշալի հուշարձանի՝ Ներլիում գտնվող Պոկրովի տաճարի նմանությամբ: Այս տաճարը 1165 թվականին կառուցվել է Կամայի բուլղարների դեմ Վլադիմիրի իշխանության հաղթանակի պատվին: Իսկ ինչպե՞ս հայերը հայտնվեցին ռուսական նոր տաճարի շինարարությունում: Նոյեմբերյան քաղաքի 59-ամյա բնակիչ, որմնադիր Ամրաստան Մամյանի վկայությամբ՝ 2003 թվականին Գյումրիում իրենց բրիգադն աշխատում էր Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող բնակելի տների շինարարությունում: Շինարարական կազմակերպության ղեկավարի մորաքրոջ որդին հայ վարպետներին հրավիրել է Մոսկվայի մարզ: Նոյեմբերյանցի 6 որմնադիրները, սպիտակցի եւ գյումրեցի քանդակագործներ Արտյոմն ու Քաջիկը, անիպեմզացի կռունկավար Սերժիկը կառուցել են հոյակերտ տաճար: Սկզբում հոգեւոր կառույցի շինարարության գումարը մշտապես չի հերիքել: Ամրաստան Մամյանի խոսքերով՝ հաճախ քարի հերթական խմբաքանակ պատվիրելու, արդեն ստացված հումքի պարտքը փակելու համար Հայր Ալեքսանդրը չէր կարողանում գումար ճարել, երեցը վհատվում էր, աչքերին արցունքներ էին հայտնվում: Շինարարությունը թափ առավ, երբ վետերան սպաների աջակցության «Սպայական ժողով» բարեգործական կազմակերպությունը սկսեց օժանդակել տաճարի կառուցմանը: Այդ գործում մեծ դեր խաղաց այն, որ այդ բարեգործական կազմակերպության ղեկավարը, ինչպես եւ հայր Ալեքսանդրը, 1941թ. դեկտեմբերին Լիզլովոյում զոհված սիբիրցի մարտիկների հայրենակիցն էր՝ Օմսկից:
Հայր Ալեքսանդրը «Սպայական ժողով» ամսագրի 2009թ. մայիսյան համարին տված հարցազրույցում բարձր է գնահատել հայ շինարարներին: «Գտնվեցին հրաշալի մարդիկ՝ ճարտարապետներ, քարագործ վարպետներ: Մենք Հայաստանից հրավիրեցինք վարպետներ, ովքեր սպիտակ քարի մշակման մեծ փորձ ունեին (տաճարի շինարարության մեջ օգտագործվում է Ղրիմի Ինկերմանի քարհանքի սպիտակ կրաքարը: Հայ վարպետները նախկինում ֆելզիտի հետ շատ են գործ ունեցել, իսկ սա նման է կրաքարին- Ո. Ս.): Բարեխիղճ մարդիկ են, իրենց աշխատանքի համար ես խոնարհվում եմ նրանց առջեւ: Նրանք տաճարի շինարարության համար շատ ջանք են թափել եւ աղոթել»,- ասել է հայր Ալեքսանդրը: Իսկ երբ աշխատանքային բրիգադը վերադառնում էր Հայաստան, հայր Ալեքսանդրը տաճարի պատկերով գրքույկի վրա նրանց համար «պահպանիչ» խոսքեր է գրել, որպեսզի օդանավակայանում հայ վարպետները խնդիրներ չունենան: Իր պատկերի ներքո քահանան գրել է. «Այս մարդիկ 6 տարում մարտական փառքի համար տաճար են կառուցել: Խնդրում եմ նրանց նկատմամբ բարի եղեք»: Մոսկվայի օդանավակայանում, «մաղարիչ» տալուց հետո են միայն հայ շինարարները միգրացիոն ծառայության աշխատողներին ցույց տվել սույն «պահպանագիրը»: Վերջիններս թեեւ զարմացել են, սակայն կաշառքը չեն վերադարձրել:
Այսօր Ամրաստան Մամյանը եւ նրա ընկերները կառուցում են եկեղեցական համալիրի մաս կազմող հացատունը: Իսկ տաճարի ներքին հարդարումն ու շրջակայքի բարեկարգումն արդեն ռուս շինարարները կկատարեն: