Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

12,5 միլիոն դրամ

Հոկտեմբեր 19,2010 00:00

\"\"Հենց այսքան է Կապանի անտառտնտեսությունում անտառախախտումներից առաջացած վնասը

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2009-2010թթ. «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացրած տարեկան ստուգումների արդյունքում մեծ թվով անտառխախտումներ են արձանագրվել: Ըստ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ անտառխախտումների նյութական վնասի չափը 12,5 միլիոն դրամ է կազմել: 2008-2009 թվ. համանման ստուգումների ժամանակ 750 հազար դրամի խախտում էր գրանցվել: Կապանի անտառտնտեսության պետ Վլադիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայտնաբերված մեծաթիվ ապօրինի ծառահատումները իր պաշտոնավարման ժամանակ չեն եղել: «Ես 2010թ. փետրվարից եմ աշխատում այս կառույցում եւ իմ ղեկավարման օրից մինչեւ օրս ընդամենը 3 անտառխախտման դեպք է արձանագրվել: Եթե նախորդ տարիներին մեծ մեքենաները վառելափայտը բարձած շրջում էին քաղաքի թաղամասերով, փայտ վաճառում, ապա այսօր նման բանի հաստատ չեք հանդիպի: Այս տարի փայտը դեֆիցիտ է դարձել, խիստ հսկողություն ենք իրականացնում, որպեսզի օրինական դաշտով ծառահատում իրականացվի»,- ասում է Կապանի անտառտնտեսության պետը:
Այս տարի Կապանի անտառտնտեսությանը թույլատրվել է հատել ընդամենը 2500 խմ վառելափայտ եւ 16 անհատ մարդկանց հետ պայմանագրեր է կնքվել: Հատումներն իրականացնում են այդ մարդիկ՝ իրենց տեխնիկայով: «Մենք չունենք համապատասխան տեխնիկա, համապատասխան միջոցներ, որպեսզի կարողանանք հատումներ անել, պահեստավորել ու բավարարել պահանջարկը: Իսկ քանի որ հնարավորություն չունենք կատարելու առաջադրված պլանը՝ պայմանագրեր ենք կնքում անհատների հետ: Գազը թանկացել է, եւ խոսակցություններ կան, որ գազի սակագնի նոր թանկացում է սպասվում, մարդիկ սկսել են գազից խուսափել ու գալիս են դեպի անտառ, դա մեր գործը կրկնակի դժվարացնում է: Պահանջարկ՝ իհարկե կա: 1 խմ փայտն արժե 4320 դրամ, գումարած հատողների կատարած աշխատանքները՝ մոտ 4000 դրամ: Այսինքն՝ մոտավորապես 8 հազար դրամ կարժենա 1 խմ վառելափայտը»,- նշում է Կապանի անտառների թիվ մեկ պատասխանատու Վլադիկ Միրզոյանը:
Անտառին հարակից հատվածների գյուղերի համար անտառտնտեսությունը հատուկ ծրագիր է մշակել, որպեսզի զերծ մնան ապօրինի ծառահատումներից: «Միեւնույն է, գյուղացին օգտվելու է անտառից, պիտի վառարանը վառի: Մասնագետներ ենք ուղարկել Վաչագան, Ծավ, Սրաշեն եւ մի քանի այլ գյուղեր, հանդիպումներ ենք կազմակերպել գյուղացիների հետ, ցուցակագրել այն մարդկանց, ովքեր ձմեռվա համար վառելափայտ են ցանկանում գնել, եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ թույլատրելի հատվածներում չափագրումներ են արվելու եւ ըստ դրանց հատումներ կատարվելու: Օրինակ՝ մեկ ծառը 4 կամ 5 խմ վառելափայտ է անելու, ասում ենք՝ արի դու քո ձեռով կտրի եւ մետրը 4320 դրամով տար, եթե չէ՝ պիտի դիմեն հատող անհատ մարդկանց եւ ավելի թանկ գնեն»,- նկատեց մեր զրուցակիցը:
Ձմեռն արդեն հեռու չէ, թե որքանով կարդարացնեն Կապանի անտառտնտեսության այս աշխատանքները՝ պարզ կլինի հետագայում միայն: Մինչ այդ Կապանի անտառտնտեսությունում փորձում են լուծել կառույցի համար կարեւորագույն՝ տեխնիկա ձեռք բերելու խնդիրը, սպասելով բնապահպանության նախարարության աջակցությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել