Երեկ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորման ենթարկվեց հոկտեմբերի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված՝ 36-ամյա Վլադիսլավ Բագրատի Եդիգարովը:
Ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, հոկտեմբերի 14-ին Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցները Նորքի 2-րդ զանգվածի Բագրեւանդ թաղամասի փախստականների համար նախատեսված բնակելի շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել էին տղամարդու դիակ: Պարզվել էր, որ տեղի էր ունեցել սպանություն եւ սպանվածն էլ 32-ամյա, նախկինում 3 անգամ դատապարտված Վադիմ Վալերիի Անդրեասյանն է: Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 hոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն, ուրիշի կյանքը ապօրինաբար զրկելը): Վ. Անդրեասյանը մահացել էր կրծքավանդակին եւ թիկունքին ստացած սուր-կտրող-ծակող առարկայի հարվածներից: Տարածքի ոստիկանապետի գլխավորությամբ ստեղծվում է օպերատիվ քննչական խումբ, որտեղ ներգրավվում են շրջանի դատախազության եւ քննչական բաժնի աշխատակիցները: Մինչ քննչական խումբը կպարզեր, թե ովքեր են նշված ժամանակահատվածում եղել սպանության վայրում, համայնքի ոստիկանապետը օպերատիվ տեղեկություն է ստանում այն մասին, որ հիմնական կասկածյալը՝ նախկինում 4 անգամ դատապարտված Վ. Եդիգարովը հարբած վիճակում գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի փողոցի գյուղմթերքների շուկայում: Քննչական խումբը Կոմիտասի շուկայում հայտնաբերում է փախուստի դիմած կասկածյալ Եդիգարովին, որն էլ բերման է ենթարկվում ոստիկանություն: Ի դեպ, հարբած Եդիգարովը հայհոյանքներ էր տալիս իրեն զսպող ոստիկաններին:
«Առավոտի» տեղեկություններով, տեղի է ունեցել վեճ՝ կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Եդիգարովը խոհանոցային դանակով հարվածել է Անդրեասյանին եւ նրան թողնելով անօգնական վիճակում՝ դիմել է փախուստի: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ սպանվածն ու սպանություն կատարողը Ադրբեջանից բռնագաղթածներ են, նաեւ նախկինում կատարած հանցանքի համար միասին գտնվել են նույն ազատազրկման վայրում:
Մարդասպանին սպառնում է 6-12 տարվա ազատազրկում: