Հանուն ճանապարհային ոստիկանության հարստացման
Խոսքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի, մասնավորապես՝ 3-րդ եւ 4-րդ մասերի մասին է: Տարօրինակ մի օրենք է, որն ուղղված է վարորդների կեղեքմանը:
Մի կողմից հոդվածի 1-ին մասն ասում է, որ վարչական իրավախախտում կատարած անձի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելուց հետո 15 օրվա ընթացքում: Այս ժամկետում չվճարելու դեպքում, ըստ նույն Օրենսգրքի 298-րդ հոդվածի, այն ենթակա է հարկադիր կատարման, ինչն ի կատար պետք է ածվի որոշումը կայացրած մարմնի կողմից:
Թվում է՝ ամեն ինչ պարզ է. 15 օրում տուգանքը չես մուծել, կպատժվես լրացուցիչ դատական եւ հարկադիր կատարման ծախսերի վճարումով: Բայց մյուս կողմից պարզվում է, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ. պարզ է բոլորի համար, բացի վարորդներից` միայն նրանց վրա չի տարածվում նշված հոդվածի 1-ին մասը: Խեղճ վարորդներ: Նրանք եթե 30 օրում տուգանքը չվճարեն, ապա 3-րդ մասի համաձայն ստիպված պիտի լինեն վճարել տուգանքի եռապատիկը, իսկ եթե 60 օրվա ընթացքում չվճարեն, ապա 4-րդ մասի համաձայն պետք է վճարեն հնգապատիկը: Բայց ինչո՞ւ, իսկ 305-րդ հոդվածի 1-ին մասը կամ 298-րդ հոդվածը: Պարզվում է, որ այդ դրույթները վարորդների համար չեն: Օրենսդիրը նրանց առանձնացրել է վարչական տույժի ենթարկվող մնացած քաղաքացիների բանակից:
Մի՞թե վարորդները մեր երկրի քաղաքացիները չեն:
Ինչո՞ւ է նրանց նկատմամբ խտրականություն կիրառվում:
Ինչո՞ւ 15 օրից հետո վարչական մարմինը որոշման կատարման համար չպետք է դիմի հարկադիր կատարման, այլ՝ պետք է սպասի մինչեւ տուգանքը հնգապատկվի:
Կամ, ինչո՞ւ հարկադիր կատարման 15-օրյա ժամկետի փոխարեն վարորդի համար սահմանվում է 2 ամիս: Բարի՞ նպատակով: Իհարկե՝ ոչ: Այս ժամանակը օրենսդիրը ձգել է, որպեսզի տուգանքը չաղանա, հնգապատկվի: Հանուն ինչի՞: Իհարկե՝ հանուն ճանապարհային ոստիկանության հարստացման, առանց այն էլ զգալի տուգանքով արդեն ծանրաբեռնված վարորդի հաշվին:
Եվ, ի վերջո, ինչքանո՞վ է այս բոլորը օրինական եւ սահմանադրական եւ, ինչո՞ւ չէ, բարոյական: Չենք կարծում, որ մեր վարորդների եկամուտներն այնքան մեծ են, որ ի վիճակի են մուծել առանց այն էլ մեծ տուգանքները, էլ ուր մնաց՝ հնգապատիկը: Թեկուզ մեկը մտածե՞լ է, թե որտեղից պիտի վարորդը հայթայթի 300 000 դրամը, որ 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում էլ վճարի 1 500 000 դրամ:
Դրա սկիզբը դրվեց այն պահից, երբ 2005թ. ճանապարհային երթեւեկության բնագավառում իրավախախտումների համար տուգանքները մեծացվեցին ընդհուպ մինչեւ 350 000 դրամ, իսկ 2007թ.-ին ճանապարհային ոստիկանության համար սահմանվեց արտաբյուջետային ֆոնդ եւ տուգանքների գումարները պետք է փոխանցվեն այդ արտաբյուջետային ֆոնդին (ոչ պետբյուջե): Այդ ֆոնդից նախատեսված է նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար հավելավճարներ: Արտաբյուջետային ֆոնդը սահմանվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու միջոցով, ինչը նշանակում է, որ տուգանքների եռապատկումը կամ հնգապատկումը, ինչպես նաեւ սպասելը, որ տուգանքը հնգապատկվելուց հետո միայն հարկադիր կատարման դիմել, պետք է բարձրացնի ճանապարհային երթեւեկության անվտանգությունը: Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով: Ստացվում է, որ եթե տուգանքները փոխանցվում էին պետբյուջե, ճանապարհային երթեւեկության անվտանգությունը չէր ապահովվում, իսկ եթե փոխանցվեն ճանապարհային ոստիկանություն, ապա կապահովվի: Այսինքն՝ տեսուչները եւ ճանապարհային ոստիկանության այլ աշխատակիցներ պետբյուջեից ստացվող աշխատավարձով իրենց պարտականությունները չէին կատարում եւ միայն հավելավճարներ ստանալու դեպքում կկատարեն:
Մի կողմ թողնելով արտաբյուջետային ֆոնդի օրինականության հարցը, անդրադառնանք եռապատկման եւ հնգապատկման օրինականությանը:
ՀՀ սահմանադրությունը սահմանում է (Հոդված 14.1). «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ»:
Մինչդեռ բոլոր քաղաքացիների համար սահմանված դրույթները վարորդների վրա չեն տարածվում: Նրանց համար սահմանված են անտրամաբանական, մեր կարծիքով՝ հակասահմանադրական, անարդար, անօրեն տուգանքներ:
Ոչ մի իրավական ակտով տուգանքը ժամանակին չվճարելու համար տուգանք չի նախատեսվում եւ չի էլ կարող նախատեսվել. դա աբսուրդ է: Տուգանքը պարտք չէ. պարտքի ժամանակին չվճարման դեպքում է, որ պայմանագրով կամ օրենքով կարող է նախատեսվել տուգանք: Օրինակ, գույքահարկի պարտքի դեպքում օրենքով նախատեսված է օրական 0,15% տուգանք, այն էլ ոչ ավելի, քան առաջին 365 օրվա համար, որը կազմում է պարտքի ընդամենը մոտ 50%-ը: Իսկ տուգանքի դեպքում ընդամենը պետք է կիրառվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասը եւ 298 հոդվածը, այլ ոչ թե հարկադիր կատարման դիմելու փոխարեն կամայական չհիմնավորված տուգանքներ սահմանվեն, նույնիսկ մեկ օր ուշացման համար՝ 200 եւ 400 տոկոսի չափով:
Պարզ է, որ այս փոփոխություններն առաջարկողներն ուղղակի շահագրգռություն են ունեցել: Բայց ինչո՞ւ հաշվի չեն առել, որ դրանք հակասում են Սահմանադրությանը, գործող օրենքներին, առողջ տրամաբանությանը եւ համաչափ չեն մեր քաղաքացիների սոցիալական վիճակին: Թե՞ մտածել են, որ դրանք մեր երկրին չեն վերաբերում, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի առաջին իսկ նախադասությունն ազդարարում է՝ «Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրն է պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը… քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ սահմանադրությանը…»: Այդ դեպքում ինչո՞ւ է այդ օրենսգիրքը կիրառվում ամենեւին էլ ԽՍՀՄ չհանդիսացող մեր հասարակարգում: Մի՞թե մեր հասարակարգը դեռ պետք է ղեկավարվի ԽՍՀՄ օրենքներով:
Կարծում ենք, որ օրենսդիրը պետք է անհապաղ վերացնի 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը, իսկ նոր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծի ընդունումը պետք է դառնա առաջնահերթ հարց, իհարկե՝ առանց վարորդների տուգանքների բազմապատկման: