Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապագա մայրերին հիասթափեցնում են

Հոկտեմբեր 19,2010 00:00

Հղի կանանց իրավունքներով մտահոգված՝ շուրջ 12 հասարակական կազմակերպություններ ՀՀ նախագահին իրենց մտահոգությունն են հայտնում ներկայումս ԱԺ-ում քննարկվող «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Սույն ուղերձով ցանկանում ենք ձեր ուշադրությունը բեւեռել կենսական նշանակություն, ավելին՝ պետական ռազմավարական ուղղվածություն ունեցող խնդրի վրա: Խոսքը վերաբերում է 05.10.2010թ. ՀՀ Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ցանկացած քաղաքակիրթ երկրում օրենքի ամեն մի փոփոխություն հանգեցնում է տվյալ բնագավառի կատարելագործմանը, առաջընթացին ու զարգացմանը, սակայն, չգիտես ինչու, մեր օրենսդիրների մոտ արվում է ճիշտ հակառակը՝ քիչ թե շատ նորմալ օրենքները փոխարինվում են աբսուրդի, հանգեցնում սոցիալական ցնցումների եւ պետության ու իշխանությունների նկատմամբ անվստահության աճի:
Հարց է ծագում, մի՞թե հայոց պետականության օրենսդիր մարմնի նպատակը ժողովրդի մեջ իշխանությունների հանդեպ արհամարհանքի եւ ատելության սերմանումն է: Եթե այո, ապա Ազգային ժողովը դա հրաշալի մակարդակով իրականացնում է:
Հարկ չհամարելով ներկայացնել օրենքի նախագծի բոլոր թերությունները, ուղղակի ձեր ուշադրությունն ենք հրավիրում այդ նախագծի միայն մի քանի կետերի վրա, որոնք վերաբերում են աշխատող կանանց մայրության համար տրվող վճարովի արձակուրդին, ինչպես նաեւ նպաստները եւ միջին աշխատավարձը հաշվարկելու կարգին:
Ներկա օրենսդրությունը («Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության» մասին օրենք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք) հնարավորություն է տալիս աշխատող կանանց տանելի կենսամակարդակ ապահովել երեխայի համար՝ օրենքով մայրությանը տրամադրված ամիսների ընթացքում չաշխատելով եւ չստանալով աշխատավարձ, քանի որ գործող օրենսդրությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկվում է միջին աշխատավարձից եւ նույնիսկ 100%-ի չափով, որից չեն կատարվում պահումներ եւ վճարումը լինում է 140 օրացուցային օրերի համար ամբողջությամբ: Սույն օրենսդրական դաշտը կարող է որոշ չափով ստեղծել արժանավայել ներկա եւ ապահովված ապագա՝ մայրերի, նաեւ պետության եւ ազգի ռազմավարության համար: Սակայն վերոնշյալ օրենքի նախագիծը սահմանափակում է ոչ միայն մայրերի՝ աշխատավարձի չափով ստացվելիք նպաստը, այլեւ ավելին, այդ գումարը դիտվում է որպես եկամուտ, որից պետք է կատարվեն նաեւ օրենքով սահմանված պահումներ եւ հարկեր, դեռ վճարումն էլ կատարվում է ոչ թե 140 օրացուցային օրերի համար ամբողջությամբ, այլ նշված 140 օրերի մեջ ընդգրկված աշխատանքային օրերի քանակությամբ: Նախագծով սահմանված աշխատավարձի սահմանափակումը կայանում է նրանում, որ եթե վարձու աշխատողների միջին աշխատավարձը ավելի է, քան 150 000 դրամ գումարը, ապա նպաստները հաշվարկելու համար հիմք է լինելու 150 000 դրամ գումարը: Նշված հոդվածով սահմանված նպաստների վճարման եւ հաշվարկման կարգը վերաբերում է բոլոր տեսակի նպաստներին, այդ թվում՝ նաեւ հղիության եւ ծննդաբերության նպաստին:
Նախագծում սույն դրույթների առկայությունը արդեն իսկ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաեւ մի շարք միջազգային նորմերին, կոնվենցիաներին: Իրավական առումով սույն նախագծի հակաօրինական եւ հակասահմանադրական լինելու վերաբերյալ հիմնավորումները կներկայացվեն առանձին փաթեթով՝ հղում կատարելով կոնկրետ այն իրավական նորմերին, որոնց հակասում են սույն նախագծի դրույթները: Միջազգային համապատասխան նորմերի առկայությունը արդեն իսկ վկայում եւ պարտավորեցնում է պետությանը՝ աշխատող կանանց ապահովել եւ տրամադրել հղիության ու ծննդաբերության վճարովի արձակուրդ եւ արձակուրդի ամբողջ ժամանակահատվածի համար երաշխավորել աշխատող կանանց համար առնվազն իրենց հիմնական կամ միջին վարձատրությունը:
Իհարկե, նշված օրենքի նախագծի հեղինակների եւ մասնագետների հոծ բանակը կփորձի հիմնավորել, որ սույն օրենքով սահմանված միջոցառումներն ուղղված են գործատուների կողմից իրականացվող անօրինականությունները կանխելուն, որպեսզի վերջիններս չկարողանան աշխատանքի ընդունել հղիության վերջին ամիսներում գտնվող կանանց՝ զուտ պետության հաշվին նպաստներ ստանալու նպատակով: Սակայն այդ հանգամանքը որեւէ հիմք չի տալիս կոնկրետ համապատասխան պետական մարմիններին նմանատիպ օրենքներ սահմանել եւ ավելին՝ կիրառել: Նմանատիպ օրենքների ընդունումը չի վերացնում անօրինական նպաստների ձեւակերպման երեւույթը, այլ իրականում «հավասարեցնում» է օրինապաշտ եւ տարիներ շարունակ պետբյուջե՝ օրենքով սահմանված կարգով եւ իրենց աշխատավարձին համապատասխան տոկոսադրույքով վճարումներ կատարող աշխատող կանանց եւ խարդախ վարքագիծ ցուցաբերող գործատուներին:
Նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ուղղակի համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ սահմանել գործատուների համար, կամ տվյալ գործատուի մոտ աշխատողի աշխատանքային ստաժի առկայությամբ պայմանավորված գումարային տարբերությունը, որը ավելի կլինի օրենքով սահմանված 150000 դրամից, ավելի գումարի վճարման պարտականությունը դնել գործատուի վրա, օրինակ՝ 12 ամսվա անընդմեջ աշխատանքային ստաժից պակաս լինելու դեպքում: Նման օրենսդրական դաշտի ստեղծումը կբացառի անօրինական նպաստների ձեւակերպումը, այլ ոչ թե հակառակը՝ աշխատող կանանց վերաբերյալ հակասահմանադրական օրենքների ընդունումը, ինչը ոչ այլ է, եթե ոչ՝ ազգի սպիտակ եղեռն:
Մեծարգո նախագահ, համոզված եմ, որ կկիսեք մեր անհանգստությունը եւ ձեր վճռական ու կառուցողական միջամտությունը կբերեք խնդրի հումանիստական եւ ազգանպաստ կարգավորման գործում: Այսօր, ավելի քան երբեւէ, հայ ժողովուրդը հասկանալի պատճառներով կարիք ունի ժողովրդագրական աճի: Վստահ ենք, որ թույլ չեք տա Ազգային ժողովի պատգամավորներին՝ նման «օրենսդրական նախաձեռնություններով» խարխլել հայոց պետականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել