Հոկտեմբերի 16-ին Գորիս քաղաքը նշում էր ծննդյան 140-ամյակը: Քաղաքի փողոցներում՝ ինչպես առանձնատների, այնպես էլ բազմաբնակարան շենքերի դիմաց մարդիկ սեղաններ էին գցել եւ յուրաքանչյուր անցնող-դարձողի հրավիրում էին համտեսելու իրենց պատրաստած խորովածը, «Ճըխթթոն»՝ կարմիր բազուկի թթուն, նոր քաշած մաճառն ու թթի օղին, տնական գաթան, աշնանային մրգերը… Քաղաքային զբոսայգում տոնական տրամադրություն էր, իսկ հրապարակում բացվեց Գրիգոր Տաթեւացու հուշարձանը: Թե տոնական օրն էր պատճառը, թե արեւոտ ու ջերմ եղանակը՝ բայց մեզ հանդիպած գորիսեցիներից ոչ մեկը չէր ուզում խնդիրներից խոսել, միայն բարեմաղթանքներ էին անում, ժպտում եւ գոհունակություն հայտնում, որ ողջ-առողջ են՝ «փառք Աստծո»…