Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՑ «ՀԱՐՍԱՆԻՔԻՆ» ԱՐԳԵԼԵՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Հոկտեմբեր 19,2010 00:00

Տաթեւում օրը տոնական էր, բայց ոչ տաթեւցիների համար

\"\"
Սվետլանա Գրիգորյանն ու իր ընկերուհիները նեղացած են
ճոպանուղու բացմանը չմասնակցելու պատճառով:

\"\"
Այս երիտասարդն էլ ներկայացնում էր ազգային նվագարանները:

\"\"
Անդրանիկ Միքայելյանն էլ ճոպանուղու հետ մեծ հույսեր է կապում:

Այսուհետեւ Տաթեւից Հալիձոր հասնելու համար ժամերի փոխարեն կպահանջվի ընդամենը 11 րոպե: Գործարկվել է որոշ չափանիշներով աշխարհի ամենաերկար՝ «Տաթեւի թեւեր» անունը կրող ճոպանուղին, որն ունի 5,7 կմ երկարություն եւ ձգվում է Որոտան գետի կիրճի վրայով՝ կապելով Հալիձոր-Տաթեւ գյուղերի մոտակայքում տեղակայված երկու կայանները: Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Տաթեւում օրը տոնական էր: Վանք տանող ճանապարհը ազգային մոտիվներով էր հագեցած: Հին հայկական տարազներով երեխաները երգում ու պարում էին, աղջիկները ավանդական թանն էին պատրաստում, իսկ մի անկյունում էլ մեր օրերում հազվադեպ հանդիպող լարախաղացներն էին ելույթ ունենում: «Այսօր այս բնապատկերը ժամանակակից ճոպանուղով կոչված է նոր հմայք հաղորդելու Որոտանի կիրճին: Աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցմամբ նպատակ չունեինք որեւէ մեկին զարմացնել: Մեր նպատակները համեստ են, բայց ունեն մեծ նշանակություն մեր երկրի ռազմավարության համար»,- իր ելույթում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գյուղն այդքան բարձրաստիճան այցելու երբեք չէր ունեցել: Ճոպանուղու խորհրդանշական բացումը Տաթեւում էր համախմբել երկրի ղեկավարին, բարձրաստիճան պաշտոնյաներին ու արտասահմանցի հյուրերին: Մուտքը խստիվ արգելված էր միայն տեղացի բնակիչների համար: Հալիձորից մինչեւ Տաթեւ ոստիկաններով շրջապատված բնակիչները, բակերում հավաքված, դիմավորեցին հյուրերին ու միայն հեռվից կարողացան հետեւել պատմական իրադարձությանը:
«Սա անելու բան չէր, շա՜տ վիրավորված ենք… Մեր տանն այսօր երկար սպասված հարսանիք է, բայց մեզ արգելում են մասնակցել, եկել են մեր տուն ու առանց մեզ տոնում են, ուրախանում, մենք էլ անկոչ հյուրերի պես էստեղ կանգնած կմնանք»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհում էր գյուղի մանկապարտեզի երկարամյա դաստիարակչուհի Սվետլանա Գրիգորյանը՝ մխիթարվելով, որ գոնե թոռնիկը տոնակատարությանը մասնակցելու հնարավորություն է ստացել. «Թոռս գնացել է Սերժին դիմավորելու, գյուղի դպրոցներում վիճակահանություն կազմակերպեցին, հաղթող 7 աշակերտները հնարավորություն ստացան նախագահի հետ ճոպանուղի նստել»: Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Անդրանիկ Միքայելյանն էլ ասաց. «Պետերը դեռ շաբաթներ առաջ են մեզ տեղեկացրել, որ մեր իսկ շահերից ելնելով՝ չեն թողնի մասնակցենք, ասացին՝ շատ հյուրեր կան, մենք ոտքի տակ կընկնենք: Բայց ճոպանուղին շատ լավ բան է, մեր նախնիները Հալիձոր-Տաթեւ կամուրջը տեսնելու երազանքով մեռան: Ճոպանուղու գոյությամբ արդեն մեզ կհիշեն, մեր գյուղը կբարգավաճի, երիտասարդները հաճախակի կայցելեն գյուղ, միայն 30 երիտասարդ անցած տարի գյուղը լքեց, իսկ ամենակարեւորը՝ մեր բախտը բերեց, որ գյուղի ճանապարհները կառուցեցին, մեր օգուտը էս էր»:
Ներկայումս 980 բնակիչ ունեցող Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ ճոպանուղին գյուղի համար իսկական փրկություն է. «Գյուղը գնալով դատարկվում էր, միայն վերջին շրջանում 150 բնակիչ դռները փակեց ու հեռացավ: Ճոպանուղին գյուղի համար ոչ միայն ճանապարհ, այլեւ նոր աշխատատեղեր բացեց: Գյուղացու հոգսը կիսով չափ թեթեւացած է: Աննախադեպ ավելացել է զբոսաշրջիկների թիվը: Այսօր տաթեւցիները զբաղված են տները նորոգելով ու կահավորելով, էլ չեն հասցնում զբոսաշրջիկներին հյուրընկալել»: Իտալիայում ու ընդհանրապես Եվրոպայում հայկական ճարտարապետությունը շատ ընդունված է: Մեզ հետ զրույցում նկատեց հուշարձանների վերականգնման իտալացի փորձագետ Գայանե Կասնատին. «Տաթեւը շատ նշանավոր ու կարեւոր հուշարձան է: Եվրոպացի զբոսաշրջիկին այն շա՜տ դուր կգա ու կգրավի: Հայկական հուշարձանները օտարերկրացուն գրավում են հենց յուրահատուկ բնությամբ: Այն նաեւ մատչելի է զբոսաշրջիկի համար»: 6000 դրամ արժողությամբ ճոպանուղու տոմսը թե որքանով մատչելի կլինի տեղացի զբոսաշրջիկի համար՝ փորձեցինք պարզել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից: «Առավոտի» հետ զրույցում վարչապետը նշեց, որ բոլոր մարզերում մեծ հետաքրքրություն կա Տաթեւի վանքի ու ճոպանուղու նկատմամբ. «Ճոպանուղին առայժմ անվճար կգործի հարակից գյուղերի բնակիչների համար: Պարզ է, որ այն եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում, բայց այստեղ աշխատող մոտ 30 հոգին պետք է կարողանան իրենց աշխատավարձը վաստակել հենց ճոպանուղու շահագործումից ստացվող եկամուտներից: Այդ հաշվարկները կկատարվեն, եւ մոտ օրերս հանրությանը կհայտարարվի, թե ինչքան կարժենա: Մի բան շատ կարեւոր է՝ աննախադեպ կաճի նաեւ ներգնա տուրիզմը, նախկինում 5-6 ժամ էր հարկավոր Տաթեւ հասնելու համար, իսկ հիմա նորոգված ճանապարհների շնորհիվ այստեղ կարելի է հասնել ընդամենը 3 ժամում»:
Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազյանն էլ նշեց, որ տնտեսական զարգացմանը զուգահեռ, Տաթեւում մեծանում է բնապահպանական խնդիրների վտանգը. «Դրա համար պետք է խիստ սահմանափակենք կառույցների նախագծերը: Ճոպանուղու բացումից անմիջապես հետո այստեղ կժամանի անգլիացի մասնագետների խումբ, որոնք մեզ հետ պետք է մշակեն ամբողջ Հարավային առանցքի տուրիստական մաստեր-պլանը, որով հստակ կսահմանվի՝ որտեղ կարելի է ներդրում անել, իսկ որտեղ՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել