Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.15-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ անհայտ քաղաքացի է տեղափոխվել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը վիճաբանել է 1982 թ. ծնված Ռոբերտ Մոսինյանի հետ, հրազենով կրակել նրա վրա եւ պատճառել վնասվածք:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 03.15-ին, Ռ. Մոսինյանը հիվանդանոցում մահացել է:
Պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 7-րդ կմ-ին գործող քարի արտադրամասին հարակից տարածքում:
Ըստ ՀՀ ոստիկանության, դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել են 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան եւ 2 պարկուճ, ինչպես եւ` «Մերսեդես Բենց» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի զննությամբ ետեւի անվաթեւի վրա հայտնաբերվել է հրազենային երկու հետք:
Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում են միաժամանակ 4 անձինք՝ 1988 թ. ծնված Կամո Շահվերդյանը, Զորայր Շ.-ն, 1981 թ. ծնված Ռոմիկ Մ.-ն եւ 1989 թ. ծնված Պերճ Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հոկտեմբերի 17-ին, ժամը 19-ին դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, 1 պարկուճ, 20 մմ տրամաչափի 2 փամփուշտ եւ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 պարկուճ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: