Հայաստանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար Հայոց համազգային շարժում կուսակցությունն օգնության է կանչել եվրոպացի լիբերալներին, թեեւ այս ընթացքում եվրոպացիները քանիցս արժանացան ընդդիմադիր ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախատինքներին: Երեկ «Հայացք» ակումբում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ ի հեճուկս ՀՀՇ վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանի, ով կարծում է, թե ՀՀՇ-ն նահանջել է լիբերալ արժեքներից, ներկայացրեց ՀՀՇ-ի ձեռքբերումներն այդ դաշտում: Մասնավորաբար, անցյալ շաբաթ Հելսինկիում Եվրոպայի Lիբերալ-դեմոկրատների կուսակցությունը, որին, ի թիվս 58 քաղաքական ուժերի, անդամակցում է նաեւ մեր ՀՀՇ-ն, բանաձեւ է ընդունել, որով կոչ են անում Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վերջ տալ ընդդիմախոսներին հետապնդելու պրակտիկային: «Ամբողջ աշխարհը, բոլոր կառույցները արձանագրել են, գիտեն իրականությունը, որ որեւէ մեղք գործած մարդ մենք չունենք նստած, բոլորը անմեղ քաղաքական գործիչներ են: Բոլոր այդ 58 կուսակցություններին, բոլոր այն կուսակցական ներկայացուցիչներին, որոնք ղեկավարում են եվրոպական կառույցներ, բոլոր այդ մարդկանց ուժերը, հնարավորությունները, բոլոր մեր ծանոթներին ներգրավելու ենք այս գործում: Խնդիրը սա է՝ Հայաստանը չպետք է ունենա քաղբանտարկյալներ»,- հայտարարեց պարոն Մանուկյանը:
Անդրադառնալով Պոտսդամում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի լիբերալ կուսակցությունների ստորագրած հռչակագրին եւ այդ առիթով Հայաստանում հնչած որակումներին՝ բանախոսն ասաց, թե դա շատ համարձակ փաստաթուղթ է, որը նվիրված է համամարդկային արժեքների ներմուծմանն ու դրանց համար պայքարին: Նրան չեն հետաքրքրում այդ առիթով ՀՀԿ-ականների եւ ՀՅԴ-ականների մեղադրանքները, ավելին, ինքը գիտեր, որ այդպես էլ լինելու է. «Սերիալի մակարդակի քաղաքական գործիչը, բնականաբար, պետք է մեղադրի, երբ թշնամի երկրի որեւէ կառույցի հետ նստում ես ինչ-որ բան խոսելու կամ ստորագրելու»: Նրա համոզմամբ՝ Հարավային Կովկասում պետք է խաղաղություն լինի, որը պետք է հաստատվի բանակցային սեղանի շուրջ: Նույնը վերաբերում է Թուրքիային. «Որ իրենք սկսել էին Թուրքիայի հետ սիլի-բիլի անել, ֆուտբոլ, տոլմա ուտել եւ այլն… Լավ էին անում, ո՞վ էր իրենց բան ասում: Թշնամու հետ խաղաղություն հաստատվում է ստորագրելով եւ սեղանի շուրջ նստելով: Ես կողմնակից եմ բոլոր տեսակի բանակցություններին, բոլոր տեսակի շփումներին, որոնք երկրին, տարածաշրջանին խաղաղություն են բերում, եւ այն, որ մենք ստորագրել ենք, որ հակամարտությունը պետք է խաղաղ լուծվի, միջազգային դրույթ է»: