Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-Ն ԻՐ ԿՈՂՄԻՑ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍԱՀՄԱՆԵԼ ՈՉ ՄԻ ՊԱՅՄԱՆ

Հոկտեմբեր 19,2010 00:00

\"\"Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն առաջիկա մրցույթներից առաջ նախորդների օրինակով պարզաբանում է, թե ինչ արժեն մրցութային խոստումները:

– Կարելի է կանխատեսել, թե ինչ եք պատասխանելու հարցին՝ ինչո՞ւ ՀՌԱՀ-ը չի վերահսկել, որ հեռուստաընկերությունները կատարեն այն խոստումները, որոնք մրցութային առաջարկներում ներկայացրել էին ծրագրային քաղաքականության վերաբերյալ. բազմիցս ասել եք, թե եթերի բովանդակությանը միջամտելը գրաքննություն կլիներ: Այսուհանդերձ՝ ծրագրային քաղաքականության վերաբերյալ խոստումները մրցութային առաջարկի մաս էին եւ ըստ այդմ՝ պետք է կատարվեին:
– Հայաստանում մրցութային առաջին գործընթացի ընթացքում մենք տվել էինք մեկնաբանություններ, որ հեռուստաընկերությունները կարիք չունեն կոնկրետ նշել հետագայում իրենց թողարկելիք ծրագրերը, հաղորդումները, քանի որ հասկանալի էր՝ արտոնագրման երկարատեւ ժամանակաշրջանում հնարավոր չէ կանխատեսել ե՛ւ հանրային պահանջը, ե՛ւ հեռուստածրագրերի առօրեականությունը: Սակայն մի շարք ընկերություններ (եւ պիտի ասեմ՝ դա ընդհանուր երեւույթ էր այն տարիների մասնակիցների համար) ներկայացնում էին ե՛ւ իրենց կողմից արդեն իրականացրած հեռուստածրագրերը, ե՛ւ թե ինչ հեռուստածրագրեր են պատրաստվում իրականացնել: Սրանք չեն կարող դառնալ մրցույթում մրցակցային պայմաններ, քանի որ հանձնաժողովի համար այն ժամանակ եւս գլխավորը ոչ թե որոշակի հեռուստածրագրի անվանումն էր, ձեւաչափը կամ դրա լրագրողական իրականացման ձեւը, այլ կարեւոր էր հասկանալ եթերի ընդհանուր բազմազանությունը՝ այն դեպքերում, երբ թեմատիկ ալիքներ հայտարարված չէին, եւ անհրաժեշտ էր գնահատել թեմատիկ գերակշռությունը, որը մենք մրցույթի պայմաններով նվազագույն շեմերով սահմանել էինք մասնագիտացված ալիքների համար՝ մանկական, երաժշտական եւ այլն: Բնականաբար, ՀՌԱՀ-ն այն մրցույթներում հաղթող ճանաչելիս չի հենվել կոնկրետ հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի համեմատության վրա: Եվ կարծում եմ՝ դրանք չեն կարող համարվել արտոնագրման պայման:
– Սակայն եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ 2002 թվականին ՀՌԱՀ անդամ Մուշեղ Հովսեփյանը «Ա1+»-ին իր «2» գնահատականը պատճառաբանել էր հենց ծրագրային քաղաքականությամբ, որը հիմա ասում եք, թե արտոնագրման պայման չէ: Իսկ այն ժամանակ բացասական գնահատականի պատճառներից մեկը հենց ծրագրային քաղաքականությունը չմանրամասնելն էր ներկայացվում. «Ախր, ես ինչպես կարող եմ 7 տարի վերահսկել «Ա1+»-ին»:
– Ծրագրային քաղաքականության ներկայացում ու մանրամասնություն ասելով՝ ՀՌԱՀ-ը հասկանում էր հաղորդումների ընդհանուր կոմպոզիցիան ըստ ոլորտների՝ հասարակական, քաղաքական, լրատվական, մանկական, մշակութային եւ այլն: Այն, որ Մուշեղ Հովսեփյանին այն ժամանակ բավարար մանրամասնած չի թվացել նման բաշխումը՝ կարծում եմ, արդարացված է:
– 2002-2004 թվականների մրցութային առաջարկների վերաբերյալ մեր շարքում չանդրադարձանք տրված տեխնիկական եւ ֆինանսական խոստումներին, որոնց համապատասխանությունը հետագա տարիներին իրականացվածին կարիք կունենար լուրջ փորձաքննության: Իսկ արդյոք ՀՌԱՀ-ն անցած տարիների ընթացքում հետեւե՞լ է մրցութային առաջարկներով ստանձնած այդ կարգի պարտավորությունների կատարմանը:
– Այդ պարտավորությունների ստանձնումը երաշխավորում էր մեկ ելք՝ տեխնիկական իմաստով որակյալ հեռուստաեթեր: Այս իմաստով բացթողումներ չկան: Եվ ասեմ նաեւ, որ այն տարիների համար նույնիսկ շատ ռիսկային մրցութային առաջարկներ էին ներկայացված, որտեղ մաքսիմալացվում էր արվելիքը: Բայց այն, ինչ 2002-2004-ին թվում էր դժվար իրականացվելիք պարտավորություն՝ հետագայում իրականացվեց ավելի մեծ չափով, քան նախատեսվում էր:
– Մրցութային պայմաններից մեկն էլ ծրագրային ցանցից շեղման թույլատրելի չափն է: Կարելի է պնդել, որ գրեթե բոլոր հեռուստաընկերություններն ամեն օր են խախտում այս պայմանը: Կվիճարկե՞ք այս պնդումը:
– Ցավոք, տոկոսային կամ գումարային պահանջները, որոնք առաջադրվել են նախորդ մրցույթներում որպես մրցույթի պայմաններ, երբեմն ընկալվել են բացարձակ արժեքով՝ եթերաժամի ամեն հատվածի համար: Բայց կան պահանջներ, որոնք պիտի ընկալվեն գործունեության ընթացքում՝ միջինացված ձեւով: Եթերային ցանցերն ունենալով իրենց կայունությունը՝ այնուամենայնիվ, հարաբերական կայուն ցանցեր են. նրանք կարող են փոխվել օրվա ընթացքում՝ տեղի ունեցած հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի, արտակարգ իրավիճակների պատճառով կամ մշակութային, սպորտային եւ այլ իրադարձությունների հետ կապված: Եվ այդ պատճառով նախապես նախատեսված ծրագրային ցանցը փոփոխություններ է կրում, ու հնարավոր են շեղումներ: Ծրագրային ցանցի նկատմամբ նման պայմանն ընդամենը հետապնդում էր պահանջ հեռուստալսարանի համար կանխատեսելի դարձնել սպասվող ծրագրերը: Բացի դրանից՝ որեւէ լուրջ նպատակ չէր հետապնդում այդ պայմանը: Կարող եմ փաստել, որ հայ հեռուստադիտողն իր նախընտրած հեռարձակումներում, ըստ էության, ունի բավականաչափ կանխատեսելիության երաշխիքներ:
– Ի դեպ, այս անգամ ՀՌԱՀ-ն իր կողմից մրցույթի ոչ մի պայման չի սահմանել՝ հանել եք պարտադիր լրատվության ծավալի վերաբերյալ պահանջը եւ այլն:
– Մենք չենք հանել: Ողջ ծանրությունը տեղափոխվել է բացառապես «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենք: Եվ լրացուցիչ որեւէ պայման մեր կողմից չի առաջադրվել՝ բացի արարողակարգային հարցերից, թե երբ են ներկայացնելու փաստաթղթերը եւ այլն:
– ԵԱՀԿ կազմակերպած քննարկման ընթացքում նոր մրցույթների առնչությամբ առաջարկ հնչեց, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները զուգահեռ իրականացնեն մրցութային հայտերի փորձաքննություն: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան, ու նաեւ այն առաջարկին, որն արվել էր ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում, որ ԵԽԽՎ-ի կողմից իրականացվի մրցութային գործընթացի դիտարկում:
– Փորձագետների ներգրավումը, կարծում եմ, որեւէ պետական մարմնում արվում է ըստ անհրաժեշտության եւ այն դեպքում, երբ տվյալ մարմինն իր մասնագիտական պատրաստվածության պարագայում լրացուցիչ մասնագիտական օժանդակության անհրաժեշտություն է զգում, կամ թերեւս նաեւ այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում եւս մեկ անկախ աղբյուրից հավաստել իրողությունները: Անկեղծ ասած՝ դեռեւս վերջնականապես չենք կողմնորոշվել, թե կհրավիրե՞նք փորձագետների կամ ոչ, բայց այդ գաղափարի նկատմամբ չունեմ կանխակալ բացասական վերաբերմունք:
Ինչ վերաբերում է գործընթացի դիտարկմանը՝ ասեմ, որ մրցութային գործընթացը մշտապես է եղել հրապարակային ու թափանցիկ: Այսինքն՝ հանրության ներկայությամբ, դռնբաց նիստերում հրապարակվել են բերված փաստաթղթերը, նույն կերպ արվել են նաեւ քվեարկությունները: Եվ չեմ հիշում որեւէ դեպք, երբ շահագրգիռ կողմերին հրաժարվել ենք տրամադրել մասնակիցների փաթեթները կամ այն որոշումները, որոնք կայացրել է ՀՌԱՀ-ը: Ուստի՝ ցանկացա՛ծ պահի կարող են իրականացնել մրցույթների դիտարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել