Օրերս կալանավորվել է ՀՀ քաղաքաշինության պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի առաջատար մասնագետ, նույն կառույցում պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայող, արթիկցի Գեղամ Հակոբյանը: Բանն այն է, որ վերջինս 2 տարի շարունակ՝ 2006-2008թթ. ընթացքում, ձեռքից բաց չի թողել փող աշխատելու եւ ոչ մի առիթ. Արթիկի ու շրջակա գյուղերի կառուցապատում իրականացնող բնակիչների գլխին իր ծառայության գծով թույլտվություն տրամադրելու համար «հախ» է դրել, նրանցից անձամբ պահանջել ու ստացել 2 մլն 230 000 դրամ՝ առանձնապես խոշոր չափի ապօրինի վարձատրություն:
Այսպես, նա գումար է վերցրել Արթիկի թվով 17, Փանիկ գյուղի թվով 4, Անուշավանի՝ 3, Մեծ Մանթաշի՝ 2, Գեղանիստի՝ 1 կառուցապատողներից: Հանրային ծառայողի նկատմամբ խափանման միջոց ընտրված է կալանքը: 5 օր առաջ Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում նրա դեմ քրեական գործ է հարուցվել: