Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարված, աննախադեպ, սոցիալական, երազախաբություն

Հոկտեմբեր 19,2010 00:00

Սրանք էին 2011-ի բյուջեի երեկվա որակումները

2011 թվականի պետական բյուջեի նախագիծը երեկ սկսեց քննարկվել ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում:
Բյուջեն ներկայացրեց անձամբ ՀՀ վարչապետը, ներկա էին հատուկենտ նախարարներ, պատգամավորները եւս շատ չէին, ամենամեծաթիվ ներկայությունն ապահովել էր Հանրապետական խմբակցությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ, 2011-ի բյուջեն կլինի լարված, իսկ կենսաթոշակների, աշխատավարձերի, նպաստների բարձրացման առումով լրջագույն սպասելիքներն առայժմ տեղին չեն: Ընդդիմադիր պատգամավորները երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը համարում են գոյատեւման բյուջե, իսկ վարչապետը այն որակեց «լարված»: Վարչապետը ենթադրում է, որ. «Մենք կունենանք պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 850 միլիարդի շրջանակներում, եւ դա բավականին լուրջ թիրախ է մեզ համար: Ծախսային մասը կկազմի 998 միլիարդ դրամ: Բյուջետային դեֆիցիտը չի գերազանցի 4 տոկոսը: Բավականին լարված բյուջե է եկամտային մասի ապահովման տեսակետից, բայց այն ռեզերվները, որ մենք ձեւավորում ենք, լավատեսություն է ներշնչում, որ մենք կկարողանանք ամբողջությամբ կառավարել ռիսկերը, որոնք կարող են բացահայտվել 2011-ին»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը եկող տարվա կարեւոր մարտահրավեր է համարում «բարձր գնաճը», եւ բարձր գնաճի զսպմանն է ուղղված լինելու դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ հարց ուղղեց ֆինանսների նախարարին, եւ պատգամավորի ու նախարարի միջեւ տեղի ունեցավ հետեւյալ երկխոսությունը:
– Ֆանտազիան լավ բան է, սակայն երբ երազանքը կամ հեքիաթը փորձում ենք իրականություն դարձնել, վերջում երազախաբությունը շատ ավելի վատ հետեւանքներ է ունենում: Նվազագույն աշխատավարձի բարձրացման համար հիմք հանդիսացան այս հանգամանքները, ինչո՞ւ է որոշվել, որ ընդամենը 8,8 տոկոս պետք է բարձրանա, եւ կառավարության գնահատումներով՝ այն որքան նվազ է կենսապահովման նվազագույն բյուջեի կամ սպառողական նվազագույն զամբյուղի մեծությունից, եւ արդյոք դուք համարո՞ւմ եք, որ 32 հազար 500 դրամ նվազագույն աշխատավարձը Հայաստանում ապահովում է աղքատության թեկուզ չնչին հաղթահարման քաղաքականությունը:
– Եթե մենք խոսում ենք ամբողջ պետական համակարգի մասին, դա արդեն տասնյակ միլիարդների մասին է խոսքը, եւ նաեւ պետք է հասկանանք մեր հնարավորությունները առաջիկայում:
– Պարոն նախարար, նախ ասեմ, որ դուք պատասխանի հենց սկզբից զբաղվեցիք քաղաքական պոպուլիզմով:
– Ինչ վերաբերում է այդ որակումներին, այդ որակումները ես միանգամից կարող եմ հետադարձել, որովհետեւ ավելի շատ բնորոշ են ձեր ելույթներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել