Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ

Հոկտեմբեր 19,2010 00:00

Այս կարգախոսով այսօր Երեւանում միջոցառում է անցկացնելու ե՛ւ Եվրոպայի խորհուրդը, ըստ էության՝ ե՛ւ Հայ ազգային կոնգրեսը

Այսօր Երեւանում մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» միջազգային եռօրյա (հոկտեմբերի 19-21) համաժողովը, որին մասնակցելու են ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, որին ՀԱԿ-ը տարբեր ժամանակահատվածներում ու տարաբնույթ խնդիրների առնչությամբ արդեն երեք նամակ է հասցեագրել եւ ստացել է նույնքան պատասխան: Այդ օրերին Երեւանում են գտնվելու նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն ու եվրոպական հեղինակավոր այդ կառույցի  պաշտոնատար այլ անձինք:
Հայաստանյան ընդդիմությունը, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, մտադիր է «ըստ արժանվույն» դիմավորել եվրոպացի բարձրաստիճան  հյուրերին. Կոնգրեսը բոլոր երեք օրերի ընթացքում, այդ թվում՝ այսօր, նախատեսում է ակցիաների մի ողջ շարք՝ բողոքի ցույցեր եւ համապետական հանրահավաք անցկացնել: Ընդդիմությունը հույս ունի, որ այսօր եղանակն այդ ակցիաների անցկացման համար ավելի բարենպաստ կլինի, քան ուրբաթ օրը կայացած հանրահավաքի ժամանակ էր: Հիշեցնենք, որ համապետական նախորդ հանրահավաքն անցավ հորդառատ անձրեւի տակ: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի ասելով՝ Կոնգրեսը հնարավորություն կունենա մասնավորապես ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդի հետ ավելի մոտիկից զրուցելու:
Ինչ վերաբերում է ընդդիմության նախաձեռնած ակցիաներին, ապա՝ նկատի ունենալով այն, որ միջազգային համաժողովի նիստերը տեղի են ունենալու Մատենադարանի տարածքին հարող Կառավարության ընդունելությունների տանը, ՀԱԿ-ը ծրագրել է արդեն այսօր, ժամը 12-ից սկսած, 6-ժամյա պիկետ անցկացնել նիստերի վայր հանդիսացող շենքի մոտ՝ ի նշան բողոքի  Հայաստանում տեղի ունեցող զարգացումների եւ առկա վիճակի նկատմամբ ԵԽ-ի  ոչ ադեկվատ պահվածքի: Ընդդիմությունն արդեն դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ անպայմանորեն մասնակցել այդ պիկետին:
6-ժամյա բողոքի ակցիայից հետո, ժ. 18:00-ին, Մատենադարանի  մոտ տեղի կունենա համապետական հանրահավաք, որի ընթացքում ընդդիմադիր գործիչները կանդրադառնան Հայաստանում ժողովրդավարության աղետալի վիճակին ու սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված Կոնգրեսի  հետագա անելիքներին, քաղբանտարկյալների ազատությանը հասնելու հնարավոր ուղիներին: Հանրահավաքի ընթացքում, Լ. Զուրաբյանի մատուցմամբ, կխոսվի նաեւ մեր երկրում անկախ հեռուստաընկերության բացակայության, մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում սպանված 10 զոհերի մահվան հանգամանքների առնչությամբ հարուցված քրգործերի՝ ավելի քան երկուսուկես տարի  բացահայտված չլինելու մասին: Ընդդիմությունն այսօր եւս մեկ անգամ պահանջելու է երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Հանրահավաքում ելույթ կունենա նաեւ ՀՀ առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Լ. Զուրաբյանը կարեւորում է այդ ակցիաներին ՀՀ քաղաքացիների մասնակցությունը, որպեսզի առկա խնդիրներն ավելի տեսանելի ու լսելի դառնան եվրոպական ժողովրդավարական հանրության համար: Ակնկալվում է, որ այսօրվա հանրահավաքից հետո դրա մասնակիցները Կառավարության ընդունելությունների տան առաջ մի բողոքի ցույց էլ կանցկացնեն, որից հետո տեղի կունենա ցուցադրական երթ՝ Ազատության հրապարակի շուրջ: Ընդդիմությունը, ՀԱԿ ներկայացուցչի ասելով, դրանով ցույց կտա, որ ինքն ու իր համակիրները «Ազատության հրապարակի պահանջատերն են»:
Երեկ «Առավոտը» զրուցեց նաեւ «մարտիմեկյան» իրադարձությունների զոհերի հարազատներից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի հետ: Ինչպես հայտնի է, 10 զոհերից հատկապես 9-ի ծնողները, որոնք դատական ատյաններում եւ ՀՔԾ-ում հարուցված քրգործերով անցնում են որպես զոհերի իրավահաջորդներ, բավականին համախմբված են եւ պարբերաբար հանդես են գալիս սպանությունների բացահայտման պահանջով՝ բողոքի տարատեսակ ակցիաների նախաձեռնությամբ:
Ա. Հովհաննիսյանը մեզ փոխանցեց, որ մյուս զոհերի ծնողների հետ նախապես համաձայնեցնելուց հետո երեկ ինքը դիմում է հանձնել Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանը՝ առ այն, որ մարտիմեկյան զոհերի հարազատներն ուզում են հանդիպել ԵԽ եւ ԵԽԽՎ ղեկավարության եւ բարձրաստիճան մյուս ներկայացուցիչների հետ: Տիկին Հովհաննիսյանը մանրամասնեց, որ իրենք ուզում են հանդիպել  մասնավորապես նաեւ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի ու Մարդու իրավունքների հանձնակատարի հետ: «Մարտի 1»-ի զոհերի հարազատները հույս ունեն, որ այդ հանդիպումը կկազմակերպվի, իսկ եթե ոչ, ապա զոհերի հարազատները պատասխան միջոցներ կձեռնարկեն: Թե որոնք կլինեն այդ պատասխան միջոցները՝ տիկին Ալլան չմանրամասնեց: Որեւէ պատասխան կամ հարցադրում՝ ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչության կողմից դիմումի հանձնման ժամանակ, չի արվել: «Ուղղակի ես ասացի, որ եթե մեզ չընդունեն, մենք կդիմենք կտրուկ միջոցների՝ անգամ նստացույցի կամ հացադուլի: Ներկայացուցիչը հարցրեց, թե արդյոք դրա մասին մեր դիմումում նշվա՞ծ է, թե՞ ոչ: Երբ ասացի, որ մենք մեր դիմումում ընդամենը հանդիպում ենք խնդրել, մեզ խոստացան մեր դիմումը թարգմանել եւ հանձնել պատկան անձանց»,- ներկայացրեց Ա. Հովհաննիսյանը: Այսօրվա պիկետին զոհերի հարազատները, գուցե, չմասնակցեն, բայց Ա. Հովհաննիսյանի փոխանցմամբ,  իրենք անպայմանորեն իրենց առանձին ակցիան են անելու: «Ես չեմ ուզում դրա մասին նախապես ոչինչ ասել, որովհետեւ դա պետք է համաձայնեցվի մյուս ծնողների հետ: Մենք կորոշենք մեր հետագա անելիքն էլ, ասելիքն էլ, կարծում եմ»,- հավելեց 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել