Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԱԿԱՍՈՂ ԵՆ

Հոկտեմբեր 19,2010 00:00

\"\"Կարծում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը

– «Ընտրական օրենսգիրքը» հերթական փոփոխությունների առաջ է, կոալիցիոն տարբերակը ներկայացված է, եւ կարծեմ սպասում եք առաջարկությունների, բայց ընդդիմության կողմից արդեն որոշակի առաջարկություններ կան, հայտնի են, ասացեք, թե որքանո՞վ եք հակված ընդունել ընդդիմության առաջարկները եւ հատկապես որո՞նք:
– Չեմ կարող ասել, որ ընդդիմության բոլոր առաջարկությունների հետ ես համամիտ եմ, նաեւ՝ վաղ է ասել, թե որ առաջարկությունները կընդունվեն, եւ որոնք չեն ընդունվի: Ի վերջո այս նախագիծը կոալիցիոն գործընկերների կողմից ստեղծված նախագիծ է, եւ, բնականաբար, պետք է քննարկման առարկա դառնա կոալիցիայի կողմից: Թեեւ ես համարում եմ, որ անգամ այդ քննարկման արդյունքում այն, ինչ ընդունել ենք կամ չենք ընդունել, ի վերջո, վերջնական եզրակացություն կտրվի հենց քննարկման ժամանակ, եւ բոլոր առաջարկները մենք կամփոփենք մեկամսյա ժամկետը լրանալուց հետո: Իսկ մեկամսյա ժամկետը կլրանա նոյեմբերի 11-ին: Մի քանի առաջարկություններ մենք արդեն քննարկել ենք Վենետիկի փորձագետների հետ, եւ պետք է ասեմ, որ ներկայացված մոդելը կարող է համարվել բավականին հաջողված: Բայց սա չի նշանակում, որ չի կարող նաեւ փոփոխվել: Ասեմ, որ որոշ առաջարկություններ ամենեւին կապ չունեն Վենետիկի հանձնաժողովի հետ, ինչպես օրինակ՝ մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու մասին առաջարկը: Անձամբ ես դեմ եմ մեծամասնականից հրաժարվելու այս առաջարկին: Հիմնավորեմ, թե ինչու՝ համամասնական համակարգը հայտնի է իր մի շարք թերություններով, առաջին հերթին նրանով, որ հանրապետության շրջանները ներկայացված չեն լինում խորհրդարանում: Հաջորդը՝ խզվում է ընտրող եւ պատգամավոր կապը, այնպես որ, այս փուլում չեմ կարծում, թե սա լավագույն առաջարկն է: Կան երբեմն նաեւ իրար հակասող առաջարկություններ: Օրինակ, ՀԱԿ-ը համարում է, որ ընտրությունը պետք է կազմակերպի պետությունը, եւ ընտրական հանձնաժողովներում պետք է ներկայացված լինի առաջին հերթին պետական ապարատը: Մյուս ընդդիմադիր կուսակցությունները հակված են հակառակ մոդելին՝ ամբողջովին պահպանել կուսակցական մոդելը: Մոդելը, որ մենք ենք առաջարկում, կարծես թե ներկայացնում է մի քանի տարբեր գաղափարների սիմբիոզ, եւ, մեր կարծիքով՝ հաջողված սիմբիոզ է: Մեր կարծիքով, ԿԸՀ-ն եւ ԸԸՀ-ները պետք է կազմավորվեն ոչ թե կուսակցական, այլ մասնագիտական սկզբունքով: Մարդիկ պետք է զբաղվեն դրանով ոչ թե հանուն իրենց կուսակցության, այլ հանուն ընտրության: Սա երեւույթ է, որը շատ տարածված է հատկապես նոր ժողովրդավարություններում, երբ կուսակցության ներկայացուցիչը համապատասխան ընտրական հանձնաժողովում ավելի շատ պաշտպանում է իր կուսակցության շահերը եւ ոչ թե ընտրությունները: Մասնագիտացված հանձնաժողովները, անշուշտ, շատ ավելի մեծ առավելություն ունեն, քան զուտ կուսակցական ներկայացուցչությամբ ձեւավորված հանձնաժողովները:
– Ըստ էության, դարձյալ ընտրություններից շատ կարճ ժամանակ առաջ, մոտ մեկ տարի, փոփոխվում է «Ընտրական օրենսգիրքը», մինչդեռ հայտնի է, որ դա այնքան էլ լավ բան չէ, հիմա դուք ինչպե՞ս եք նախատեսել, ե՞րբ եք փոփոխված տարբերակն ընդունելու:
– Նախ ասեմ, որ մեկ տարի ժամկետը Սահմանադրությամբ ամրագրված ժամկետ չէ, եւ օրենսդրական նման պահանջ չկա: Սա, իհարկե, պատշաճ ընտրությունների կազմակերպման համար ողջամիտ ժամկետ է, որը, որպես չգրված նորմ, շատ տարածված է ժողովրդավարական երկրներում: Մենք փորձում ենք հավատարիմ մնալ այս սկզբունքին եւ անել առավելագույնը, որպեսզի ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ ունենանք փոփոխված «Ընտրական օրենսգիրքը»:
– Կոալիցիոն ձեր որոշ գործընկերները հիմա արդեն խոսում են այն մասին, որ հանձնաժողովներում նախագահի, տեղակալի եւ քարտուղարի տեղեր են տրվելու ընդդիմությանը, եւ, իբր, դրանով ընդլայնվելու են ընդդիմության հնարավորությունները:
– Բանն այն է, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները միշտ էլ կարող էին լինել եւ նախագահ, եւ տեղակալ, եւ քարտուղար, կյանքը ցույց տվեց, որ նրանք չեն ընտրվում, եւ քանի որ մեծամասնություն ունեն իշխանական ուժերը, իրենք էլ ձեւավորում են հանձնաժողովների ղեկավարությունը:
– Ուրեմն, ի՞նչ երաշխիք, որ հետայսու կկարողանան:
– Հենց առանձնահատկությունն էլ այն է, որ մենք այս անգամ դա առաջարկում ենք ամրագրել օրենքում՝ որպես երաշխիք, այսինքն՝ այդ տեղերը պետք է հատկացվեն կուսակցություններին՝ ըստ խորհրդարանում իրենց ներկայացվածության: Եթե չեմ սխալվում, վերջին նախագահական ընտրություններից հետո միջազգային դիտորդների վերջնական զեկույցում խոսվում էր դրա մասին, եւ մենք փորձել ենք դա ամրագրել նախագծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել