Օրեր առաջ «Առավոտին» տված հարցազրույցում «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ասել էր, որ ժողովուրդը պետք է սատարի այն ընկերությանը, որը համարում է, թե անհրաժեշտ է, որպեսզի տեղ գտնի հեռուստաոլորտում. «Ձեւերը մտածելու հարց է»: Երեկ մեր հարցին, թե արդյոք որոշեցի՞ն այդ ձեւերը՝ «Ա1+»-ի նախագահը պատասխանեց. «Արդեն որոշված է: Ստեղծվել է 8 հոգանոց «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որին մաս են կազմում մտավորականության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ: Նրանք ձեւավորում են հիմնադրամ՝ ի պաշտպանություն ազատ խոսքի եւ մրցույթներին «Ա1+»-ի մասնակցության: Խորհրդի անդամներն են՝ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ինտերնյուս» հ/կ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, արձակագիր Կարինե Խոդիկյանը (հիշեցնենք, որ նա 2001-2007-ին ՀՌԱՀ անդամ էր), «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, դերասան Կարեն Ջանիբեկյանը, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ստեղծվելիք հիմնադրամը պիտի ի մի բերի ժողովրդի ներդրելիք գումարները, որոնք կարելի է համարել իբրեւ ժողովրդի ձայն՝ հօգուտ իր նախընտրած հեռուստաընկերության: Հիմնադրամը պատվիրելու է «Ա1+»-ին հանդես գալ իբրեւ ժողովրդական հեռուստաալիք»: