Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ հինգերորդ

ԳՐՈՂՆԵՐ ԵՎ ՀՍԿԻՉՆԵՐ

Չնայած Թումանյանն ապահովված ու բարեկեցիկ կյանքով ապրած մեր եզակի գրողներից է, եւ չնայած Դոստոեւսկին իր ունեցվածքով ու բարեկեցությամբ բազմաթիվ ռուս գրողների է զիջել, այդուհանդերձ, Դոստոեւսկու բնակարանի սենյակների քանակությունը մի քանի անգամ ավելի էր Թումանյանի բնակարանի սենյակների քանակությունից, եւ չնայած սենյակների էդ մեծ քանակությանը, Ֆյոդոր Միխայլիչն, ի տարբերություն Լեւ Նիկոլաեւիչի, իր էդ բազմաթիվ սենյակներից որեւէ մեկը խաղասրահի չէր վերածել, եւ չնայած հետագայում իրազեկվեցի, որ Ֆյոդոր Միխայլիչը Լեւ Նիկոլաեւիչից պակաս խաղասեր ու խաղամոլ չի եղել, հիմա՝ հետին թվով էդ երկուսի բնակարաններն իրար հետ համեմատելով՝ կարող եմ ձեզ վստահեցնել, որ Դոստոեւսկին Տոլստոյից ավելի խաղամոլ է եղել, որովհետեւ իսկական ու ամենաերդվյալ խաղամոլներն իրենց տներից ու իրենց բնակավայրերից հեռու են իրենց էդ շուրջօրյա խաղերը խաղում, մինչդեռ Տոլստոյն ու իրենց օջախների մեջ էդ խաղերը խաղացողներն ավելի խաղասեր են, քան՝ խաղամոլ, ու էս հատկությունն էլ է մեծության նշան, եւ հեչ պարտադիր չի, որ էդ մեծությունները նաեւ գրական մեծություններ լինեն, եւ չնայած Տոլստոյը բոլոր առումներով է մեծություն, այդուհանդերձ, ուրիշ մեծություններ էլ են եղել ու հիմի էլ էդպիսի մեծություններ կան, որոնք իրենց սեփական բնակարանի ամենագողտրիկ ու ամենաերեւելի անկյունը տրամադրել ու տրամադրում են խաղամոլներին ու խաղասերներին եւ առաջին հերթին՝ իրենք իրենց, եւ մարդու էդ հյուրասեր ու հյուրընկալ տեսակը հազվադեպ պատահող է ոչ միայն գրողների, այլեւ խաղամոլների ու խաղասերների մեջ, որովհետեւ խաղամոլների գերակշիռ մասն իրենց տնից ու իրենց ընտանիքի անդամների աչքից հեռու են իրենց էդ մշտական ու հանապազօրյա խաղերը խաղում, քանզի էդ մշտական ու հանապազօրյա խաղերն առաջին հերթին խփում են իրենց իսկ ընտանիքներին ու իրենց իսկ ընտանիքների անդամներին, բայց, այդուհանդերձ, խաղասերների ու խաղացողների մեջ հազվադեպ պատահող մեծություններ կան, որոնք էդ հանապազօրյա խաղերն էնքան են սիրում ու իրենց կյանքի իմաստը համարում, որ գերադասում են էդ խաղերն իրենց իսկ օջախում կազմակերպել ու խաղալ, ու էս դեպքում արդեն անձնական օգտագործման սեփական խաղաչիպեր ունենալը պարտադիր պայման է, որովհետեւ սեփական օջախում էդ խաղերը կազմակերպելն ու անցկացնելը հյուրասիրության ու հյուրընկալության պես բան է, եւ, ինչպես սովորական հյուրասիրությունն ու հյուրընկալությունը, հյուրասիրության ու հյուրընկալության էս տեսակն էլ է տանտիրոջն ահագին հոգս պատճառում ու որոշակի ծախսի տակ գցում, եւ էս հյուրասիրության ու հյուրընկալության սպասարկողները հիմնականում դույն ընտանիքի չխաղացող անդամներն են, եւ դա միանգամայն տրամաբանական ու բնական է, որովհետեւ ընտանիքի խաղացող անդամը խաղի մեջ հյուրերին հավասար ներգրավված լինելով՝ հյուրերի հյուրասիրությամբ զբաղվելու տարբերակ չունի, ու իր փոխարեն էդ գործը տանտիկինն ու ընտանիքի այլ անդամներն են անում, եւ, անկախ հյուրասիրության ծավալից ու բովանդակությունից, հյուրասիրության ու հյուրընկալության գործը ստանձնածներն աշխատում են իրենց ստանձնած էդ պարտականությունն էնքան աննկատ կատարել, որ իրենց էդ կատարմամբ խաղացողների ու մանավանդ իրենց ընտանիքի խաղացող անդամի ուշադրությունը չշեղեն բուն խաղից, որովհետեւ ընտանիքի խաղացող անդամի հարազատներն ինչքան էլ հյուրասեր լինեն, էդ մշտական ու շարունակական խաղերում միայն ու միայն իրենց սիրասուն հյուրերի պարտությունն են կամենում ու ակնկալում, ընդ որում՝ բոլո՛ր հյուրերինն անխտիր, որովհետեւ անխտիր բոլոր հյուրերի պարտության դեպքում է միայն ընտանիքի խաղացող անդամի հաղթանակը հարյուր տոկոսով երաշխավորված ու ապահովված, եւ, ինչպես երեւի դուք էլ արդեն հասկացաք, ընտանիքի խաղացող անդամի հարազատները մշտապես ու հոգեպես չափազանց բարդ վիճակում են գտնվում. մի կողմից սրտանց ու սրտաբաց հյուրասիրում են, մյուս կողմից՝ հյուրասիրվողների պարտությունն են ի խորոց սրտի տենչում, եւ սա ոչ թե անցած ու գնացած ինչ-որ պատմություն է, այլ՝ միանգամայն ռեալ ու իրական կյանք, եւ հատկապես ու առանձնապես ինձ համար է իրական ու ռեալ, որովհետեւ Տոլստոյից ու Դոստոեւսկուց հետո էլ են էդ հանապազօրյա խաղերը խաղացվում ու շարունակվում, եւ հատկապես ու առանձնապես ինձ համար են շարունակվում, եւ չնայած տասը տարի կլինի՝ էդ խաղերից ու խաղաչիպերից վերջնականապես եմ կտրվել, այդուհանդերձ, շարունակում եմ ապրել ու հիշել էդ խաղերի մթնոլորտն ու ամեն ինչը ու էդ ամենը հիշելով՝ պիտի ձեզ համեստորեն իրազեկեմ, որ ես ընդամենը միլիոնավոր խաղացողներից մեկն եմ ու Դոստոեւսկին էլ էր էդ միլիոնավորներից մեկը, մինչդեռ Տոլստոյը, Գորիկն ու մյուս հյուրընկալ բացառիկները ոչ թե էդ միլիոնավորներիս պես շարքային մահկանացուներ էին եւ են, այլ՝ բացառիկ կազմակերպիչներ, ընդ որում՝ ոչ թե խաղերի կազմակերպիչներ, այլ՝ կյանքի, որովհետեւ էդ հյուրընկալ բացառիկների համար էդ հանապազօրյա խաղերը ոչ թե կործանման պատճառ են, այլ՝ երանելի ու երանավետ կյանք, եւ իրենք էդ կյանքն իսկապես լիասիրտ վայելել ու վայելում են, որովհետեւ մշտապես ու շարունակաբար ոչ թե կործանման ու անդունդի եզրին են, այլ՝ բուն կյանքի մեջ. ավելին. իրենք առավոտ ու իրիկուն կործանման եզրին գտնվողների հետ շփվելով ու նրանց հետ էդ հանապազօրյա խաղերը խաղալով՝ կործանման եզրին գտնվողների անվտանգության երաշխավորներն են նաեւ, որովհետեւ միայն էդ բացառիկներն են ի վիճակի իրենց հյուրընկալ հարկի տակ առնել մշտապես անդունդի եզրին գտնվող միլիոնավորներին. այսինքն, իրենք երբեւէ կործանման եզրին չգտնվելով՝ մշտապես կործանման եզրին գտնվողների հետ են շփվում ու խաղում, եւ մշտապես կործանման եզրից հեռու գտնվելով՝ կարողանում են ոչ միայն կործանման եզրին գտնվողներին կողքից նայել, այլեւ՝ իրենք իրենց, եւ իրենց ու կործանման եզրերին գտնվողներին անվերջ ու շարունակաբար կողքանց նայելով՝ շարունակում են կործանման եզրին գտնվողների հետ խաղալով ապրել եւ ոչ միայն կործանման եզրերին գտնվողներին են կործանումից հնարավորինս հեռու պահում, այլեւ՝ իրենք իրենց, եւ չնայած Յասնայա Պոլյանայի պառավ հսկիչն ինձ չափազանց խիստ ձեւով նկատողություն արեց, ես ահագին երկար լռվեցի Տոլստոյի խաղասրահում՝ փորձելով հնարավորինս տեղափոխվել Լեւ Նիկոլաեւիչի ապրած ժամանակների ու վիճակների մեջ, իսկ ավելի ստույգ, հիմա՝ էս պահին ու չափազանց հետին թվով եմ փորձում տեղափոխվել իր կյանքի ու իր վիճակների մեջ, որովհետեւ պառավ հսկիչի չափազանց խիստ նկատողությունից հետո Տոլստոյի էդ խաղասրահում բավական երկար մնալով՝ ոչ միայն Տոլստոյի վիճակների, այլեւ իմ վիճակի մեջ չէի կարողանում մտնել, քանի որ, էդ պահի դրությամբ, դեռեւս թանգարանի տնօրեն չէի եղել ու չգիտեի, որ թանգարանային հսկիչների ու մանավանդ պառավ հսկիչների նմանատիպ նկատողություններն ու դիտողությունները թանգարանային կյանքի պարտադիր եւ նույնիսկ ցանկալի բաղադրիչներն են, եւ դրանց բացակայության դեպքում թանգարանային կյանքը պարզապես կարող է ընդհատվել ու կանգ առնել, իսկ որ մեր էս համընդհանուր կյանքի մեջ նաեւ թանգարանային կյանք գոյություն ունի, իմացա միայն անցյալ հազարամյակի ամենավերջին տարիներին, երբ թանգարանային էդ սպեցիֆիկ կյանքը մուտք գործելով ու էդ կյանքն ապրելով՝ որոշ ժամանակ անց հրաժարվեցի ու ինքս ինձ վտարեցի մեր համընդհանուր կյանքին զուգահեռ ընթացող էդ, ուրեմն, սպեցիֆիկ կյանքից, ամենեւին էլ ոչ էն պատճառով, որ ես ու էդ սպեցիֆիկն անհամապատասխան ու անհամատեղելի էինք, այլ հիմնականում էն պատճառով, որ ես տնօրենի պաշտոնին էի անհամապատասխան, որովհետեւ էդ թանգարանում տնօրեն աշխատելով՝ շուտով հասկացա, որ, այնուամենայնիվ, մեր էս համընդհանուր կյանքին զուգահեռ գոյություն ունի նաեւ թանգարանային կյանք, որը մեր էս համընդհանուր կյանքին զուգահեռ ընթանալով՝ ոչ միայն իր ուրույն ու սպեցիֆիկ օրենքներն ու դրվածքն է զուգահեռաբար առաջ տանում, այլեւ մեր համընդհանուր կյանքին հարելով՝ լավ էլ ենթակա է ու ենթարկվում է մեր համընդհանուր կյանքի համընդհանուր օրենքներին. այսինքն, շատ ու շատ առումներով, թանգարանի տնօրենի պաշտոնն էլ է սովորական ու նորմալ պաշտոն, եւ, ինչպես սովորական հիմնարկներում սովորական տնօրեններին են մյուս աշխատողները ենթարկվում եւ նույնիսկ քծնում, նույն կերպ էլ թանգարանի սովորական աշխատողներն են իրենց տնօրենին ենթարկվում եւ նույնիսկ քծնում, բայց, այդուհանդերձ, թանգարանի աշխատողներն ու հատկապես հսկիչները, ի տարբերություն այլ հիմնարկների աշխատողների, հարկ եղած դեպքերում նաեւ իրենց տնօրենին դիտողություն եւ նույնիսկ խիստ նկատողություն են անում, եւ նույնիսկ իրենց տնօրենին մշտապես քծնող հսկիչներն են էդ բանն անում՝ դրանով իրենց տնօրենին հասկացնելով, որ տնօրեններն անցողիկ են, իսկ թանգարանային կյանքը՝ մնայուն, եւ, էս ասածիցս էլ բացի, թանգարանների աշխատողները, ի տարբերություն սովորական հիմնարկների սովորական աշխատողների, անառարկելի ու անսակարկելի մի կուռք ունեն, եւ էդ անառարկելի կուռքը վաղուց մեռած ու երկրային կյանքից հեռացած էն անձնավորությունն է, որի գույքն ու իրերն են տվյալ թանգարանում պահվում ու պահպանվում, եւ իմ աշխատողների դեպքում էդ անառարկելի կուռքը Հովհաննես Թումանյանն էր, եւ էս ասածս հատկապես իմ աշխատողների առումով է իրական ու ճիշտ, որովհետեւ իմ աշխատողները Հովհաննես Թումանյանի անունն ու ազգանունը հազվադեպ էին ասում եւ Հովհաննես Թումանյան անվան ու ազգանվան փոխարեն հիմնականում ասում էին՝ Ամենայն հայոց բանաստեղծ, եւ իմ աշխատողների բախտից՝ Թումանյանն էդ թանգարանում չաշխատող շատերի համար էլ էր Ամենայն հայոց բանաստեղծ, եւ էդ շատերից մեկն էլ ես էի, որ էդ պահին էդ թանգարանի տնօրենի պաշտոնն ստանձնելով՝ շարունակում էի Թումանյանին Ամենայն հայոց համարել, բայց, ի տարբերություն Թումանյանի թանգարանում աշխատող մյուսների, ես Թումանյանին Թումանյան կամ Հովհաննես Թումանյան էի ասում, այլ ոչ թե՝ Ամենայն հայոց բանաստեղծ, որովհետեւ, ի տարբերություն մյուսների ու մանավանդ ստաժավորների, ես էդ թանգարանում միանգամայն պատահական ու միանգամայն ժամանակավոր մարդ էի, եւ եթե մանավանդ տարեց ստաժավորների համար թանգարանային կյանքն իսկական ու հիմնական կյանք էր, ինձ համար էդ սպեցիֆիկ կյանքը չափազանց ժամանակավոր ու չափազանց անցողիկ էր եւ կողքովս համարյա աննկատ էր անցնում նույնիսկ էն օրերին, երբ էդ թանգարանի տնօրենն էի, ու երեւի էդ էր պատճառը, որ, ի տարբերություն իմ աշխատողների ու մանավանդ տարեց ստաժավորների, ես Թումանյանին ոչ թե Ամենայն հայոց բանաստեղծ էի անվանում, այլ հիմնականում՝ Հովհաննես Թումանյան, բայց երբ իմ աշխատողները Թումանյանին Ամենայն հայոց բանաստեղծ էին անվանում, ես ինձ չափազանց լավ էի զգում՝ ոչ միայն էն պատճառով, որ անձամբ ինքս էի հանդիսանում Ամենայն հայոցի թանգարանի տնօրենը, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ ինքս էլ էդ թանգարանում տնօրեն աշխատելուց առաջ ու հիմա էլ Թումանյանին մեր գրողներից ամենամեծն եմ համարում՝ ի տարբերություն սփյուռքահայ շատ ու շատ գրականագետների եւ մանավանդ սփյուռքահայ գրականագետ Պողոս Սնապյանի ու սփյուռքահայ բանաստեղծ Վահե Օշականի, բայց էս երկուսն էլ Թումանյանին Ամենայն հայոց բանաստեղծ չհամարելով՝ էդ թանգարանը շատ էին սիրում՝ մանավանդ տնօրեն աշխատածս տարիներին, եւ հատկապես էդ թանգարանի այգին էին սիրում ու մանավանդ էդ այգու հոնն էին սիրում ու առանձնապես տիկին Ռիմայի եփած սուրճն էին սիրում, եւ երբ տիկին Ռիման Վահե Օշականի ներկայությամբ Թումանյանին Ամենայն հայոց բանաստեղծ էր անվանում, Վահեն քմծիծաղ տալով՝ բազմանշանակ լռում էր, եւ տիկին Ռիման Վահեի էդ քմծիծաղը չէր էլ նկատում, որովհետեւ տիկին Ռիման անտեղյակ էր, որ Վահե Օշականի անմիջական նախորդ Հակոբ Օշականն առանձնապես հիացած չէր Թումանյանով եւ հատկապես Թումանյանի լեզվով ու լեզվամտածողությամբ, եւ երբ տիկին Ռիման Վահե Օշականի համար սուրճ էր եփում, եւ երբ Վահեն տիկին Ռիմայի եփած սուրճը գովելով ասում էր՝ «շատ անուշիկ սուրճ է, տիկին Ռիմա», տիկին Ռիման համեստորեն ասում էր՝ «Ամենայն հայոց բանաստեղծի օջախին մեջ ամեն ինչն ալ անուշիկ կըլլա», եւ տիկին Ռիման սփյուռքահայերի հետ հիմնականում արեւմտահայերեն էր հաղորդակցվում՝ ոչ թե մյուսներիս պես սփյուռքահայերին հաճոյանալու նպատակով, այլ էն պատճառով, որ ինքը սփյուռքահայերի հարս էր եւ մեր թանգարանի ցերեկային պահակ պարոն Հայկազի կողակիցը, եւ երբ տիկին Ռիման ամոթխած ժպտալով ասում էր՝ «Ամենայն հայոց բանաստեղծի օջախին մեջ ամեն ինչն ալ անուշիկ կըլլա», Վահեն խորիմաստ ու բազմիմաստ լռում էր եւ վատագույն դեպքում բազմանշանակ քմծիծաղ էր տալիս, եւ իր էդ քմծիծաղը միայն ինձ էր հասկանալի, որովհետեւ տիկին Ռիման սփյուռքահայոց հարս լինելով եւ գիտակցական կյանքի մեծ մասը Թումանյանի թանգարանում հսկիչ աշխատելով՝ ոչ մի կերպ չէր պատկերացնում, որ որեւէ հայորդու համար Թումանյանից մեծ գրող կարող է լինել, եւ հատկապես սփյուռքահայ բանաստեղծ Վահե Օշականին եւ սփյուռքահայ գրականագետ Պողոս Սնապյանին սուրճ մատուցելիս էդ բանը չէր պատկերացնում, բայց, ի տարբերություն Վահեի, Պողոսը տիկին Ռիմային բացատրելով՝ փորձում էր համոզել, որ Թումանյանն ամենեւին էլ Ամենայն հայոց բանաստեղծը չի, եւ առանձնապես քչախոս Սնապյան Պողոսն ամեն անգամ չափազանց երկար ու չափազանց կրքոտ բանավեճի մեջ էր մտնում մեր թանգարանի հսկիչ տիկին Ռիմայի հետ՝ մշտապես մոռանալով, որ տիկին Ռիման ընդամենը թանգարանի հսկիչ է, ընդ որում՝ հենց Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանի հսկիչը, ու տիկին Ռիմայի հետ Պողոսի բանավեճը շատ կրքոտ էր ընթանում, որովհետեւ տիկին Ռիմայի պես Սնապյանն էլ ի՛ր Ամենայն հայոց բանաստեղծն ուներ, ու իր Ամենայնը, ի տարբերություն Վահեի ու սփյուռքյան այլ գրագետների, ոչ թե արեւմտահայ որեւէ բանաստեղծ էր, այլ՝ արեւելահայ Եղիշե Չարենցը, եւ չնայած Չարենցի Ամենայն հայոց բանաստեղծ լինելը Պողոսն ավելի գիտականորեն ու գրականագիտորեն էր բացատրում ու հիմնավորում, քան տիկին Ռիման՝ Թումանյանինը, այդուհանդերձ, Պողոսին չէր հաջողվում տիկին Ռիմային համոզել, եւ սովորաբար իրենց էդ պերմանենտ վեճերին չէի խառնվում, բայց եթե խառնվեի էլ, Պողոսն ինձ էլ չէր կարողանալու համոզել՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ պահի դրությամբ Թումանյանի թանգարանի տնօրենն էի ու ի պաշտոնե պարտավոր էի տիկին Ռիմայի տեսակետը պաշտպանել, այլեւ էն պատճառով, որ ինքս էլ էի Թումանյանին ամենայն հայոց բանաստեղծ համարում, եւ չնայած էդ բնորոշումից գրեթե չէի օգտվում, ինձ համար էլ էր Թումանյանը մեր գրողներից ամենա-ամենան, եւ չնայած Սնապյան Պողոսն, ի տարբերություն Վահե Օշականի եւ սփյուռքահայ որոշ գրագետների, Թումանյանին առանձնապես չէր թերագնահատում, ինքը տիկին Ռիմայի էդ բնորոշումից ակնհայտորեն ավելի էր նյարդայնանում ու սրտնեղում, քան Վահեն՝ ոչ միայն էն պատճառով, որ, ի տարբերություն Վահեի, Պողոսը միանգամայն լուրջ էր ընդունում տիկին Ռիմայի կարծիքն առ Հովհաննես Թումանյան, այլեւ տիկին Ռիմայի կարծիքը միանգամայն լուրջ ընդունելով՝ չափազանց կրքոտ էր հակադրվում տիկին Ռիմային, որովհետեւ, ի տարբերություն Վահեի, Պողոսի համար հայ գրողի տիպարը ոչ թե իր հարազատ հայրն էր, այլ՝ Եղիշե Չարենցը, եւ եթե Վահեն անհարմար ու անտեղի էր համարում նշել ու շեշտել իր հարազատ հոր՝ Հակոբ Օշականի առավելությունները մյուս հայ գրողների հանդեպ, Պողոսն էդ բանը Չարենցի առումով միանգամայն հանգիստ խղճով էր անում. միանգամայն հանգիստ խղճով, բայցեւ՝ միանգամայն կրքոտ ու նյարդային, որովհետեւ եթե տիկին Ռիմայի համար Թումանյանն էր ամեն ինչ, Սնապյան Պողոսի համար էդ ամեն ինչը միանշանակ Չարենցն էր, եւ Չարենցի հանդեպ իր գերագույն սերը ոչ միայն իր հոդվածներում էր արտահայտում, այլեւ՝ բանավոր ու ամեն քայլափոխի, եւ մի անգամ, երբ իր ու տիկին Ռիմայի հերթական վեճն ընդհատելով՝ տիկին Ռիմային աչքունքով հասկացրի, որ գնա, եւ երբ տիկին Ռիման գնաց, Պողոսը դժգոհելով ինձ ասաց՝ «աշխատողներուդ չե՞ս կրնա բացատրել, որ հայ գրականության մեջ Չարենցն իր ուրույն տեղն ունի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Պողոս ջան, էս ոչ թե գրականության ինստիտուտ ա, այլ՝ թանգարան» եւ ծիծաղելով ավելացրի՝ «տիկին Ռիման էլ ոչ թե գրականագետ ա, այլ ընդամենը՝ թանգարանի հսկիչ», եւ Պողոսն ինձ հարցրեց՝ «հսկիչներու պարտականությունը ո՞րն է», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հսկում են, որ Թումանյանի ունեցվածքը չփչացնեն ու չգողանան», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ոստիկաններու պես բա՞ն մըն են», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փոխարեն Թումանյանի ունեցվածքը պահպանեն, Չարենցի ունեցվածքը կգողնան», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞վ ա Չարենցի ունեցվածքը գողացել», եւ Պողոսը պատասխանեց ու ասաց՝ «քո այդ տիկին Ռիման», եւ ես ժպտալով ասացի՝ «իզուր ես իրա հետ գլուխ դնում. իրա համար Թումանյանից բացի ուրիշ գրող գոյություն չունի», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վատ է» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «շատ վատ է», եւ ես ժպտալով ավելացրի՝ «ինչքան Թումանյանին մեծ համարի, էնքան Թումանյանի ունեցվածքը լավ կհսկի ու կպահպանի», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դուն ալ պիտի իրենց հսկես, որ Չարենցի ու այլ գրողներու ունեցվածքը չգողնան», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Չարենցի ունեցվածքն էնքան շատ ա, որ ինչքան էլ գողանան, չի պրծնի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «հսկիչների հետ չարժի գրականությունից վիճել, Պողոս ջան», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «տնօրեններու հետ ալ չարժե» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դուն գրականության հարցերուն ավելի անլուրջ կվերաբերվես, քան նույնիսկ՝ տիկին Ռիման», եւ ես ժպտալով ասացի՝ «մեր վերաբերմունքից ոչ Չարենցն ա փոքրանում, ոչ էլ՝ մանավանդ Թումանյանը», եւ Պողոսը կասկածանքով ինձ նայեց ու հարցրեց՝ «ինչո՞ւ մանավանդ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որովհետեւ Թումանյանը մեր պաշտպանության կարիքը չունի», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Չարենցն ալ չունի», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա խի՞ ես պաշտպանում», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեզի համար կպաշտպանեմ եւ ոչ թե՝ իր», եւ ես ժպտալով ասացի՝ «տիկին Ռիման էլ Թումանյանին ա մեր համար պաշտպանում», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու վիրավորված ասաց՝ «ինձի այդ հսկիչին հե՞տ կհավասարեցնես», եւ ես ժպտալով ասացի՝ «դու ես իրա հետ ժամերով գրականությունից խոսում», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ես մեղավոր չեմ, որ հսկիչները գրականությանն ու գրողներուն առավել լուրջ կվերաբերվեն, քան՝ տնօրենները», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ես որպես տնօրեն՝ լրիվ պատահական մարդ եմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «գրականության մեջ էլ եմ լրիվ պատահական մարդ», եւ Պողոսը ժպտալով ասաց՝ «բայց սոնետներուդ պսակը բավական հաջող էր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «լրիվ պատահական ա ստացվել», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «տա Աստված՝ ավելի հաճախակի ատանկ պատահականություններ պատահեն», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մեկ ա՝ Թումանյանն ա Ամենայն հայոց բանաստեղծը», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «ես պիտակավորումներուն միշտ ալ դեմ եղած եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «հայաստանցիներդ մականուններուն ու էպիտետներուն մեծ նշանակություն կուտաք», եւ ես ժպտալով ասացի՝ «գրականագետներդ էդ էպիտետներին ավելի մեծ նշանակություն եք տալիս», եւ Պողոսը ժպտալով հարցրեց՝ «գրականագետ ըսելով՝ տիկին Ռիմայի՞ն նկատի ունիս», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «քեզ նկատի ունեմ», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ամենայն հայոցն իմ բնորոշումը չէ. քո այդ թանգարանային ոստիկանուհու բնորոշումն է» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «հսկի՞չ կըսեք», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Պողոսը նեղսրտած հարցրեց՝ «գրողներու եւ գրականության վրա հսկողությո՞ւն սահմանած եք», եւ ես ժպտալով ասացի՝ «տիկին Ռիմայի էդ բնորոշումը սրտիդ շատ մոտ ես ընդունել», եւ Պողոսը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «տիկին Ռիման բացառություն չէ. տիկին Ամալյան ու մյուս աշխատողներդ ալ Թումանյանին Ամենայն հայոց բանաստեղծ կըսեն», եւ ես ժպտալով ասացի՝ «իրանք բոլորն էլ բարի նպատակով են էդ բանն ասում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «իրանց մտքով չի անցնում, որ դրանով Չարենցին կամ որեւէ մեկին վիրավորում են»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել