Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՐ ՈՒՆԵՆ, ՍԵՌ ՈՒՆԵՆ, ՈՒՆԵՆ ԸՆՏԱՆԻՔ

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"«Գրական տանիք չունեցողների պոեզիան» շարքից

«Լավի կամ վատի խնդիր չունեն Վաչե Պետրոսյանի ստեղծագործությունները, դրանք անցել են բանաստեղծության բանաստեղծականացման սահմանը ու գոյացել ճշմարիտ ծննդաբերությամբ եւ հանգույն: Իրենց բնազանցումի պատրանքում դրանք չեն խճողվել հաճախ արտաքուստ մանվածապատ թվացող ձեւերի մեջ, թորած չեն, սեռ ունեն, սեր ունեն, ունեն ընտանիք, ընկերներ եւ ազգություն, ավելին՝ հայրենիք ունեն դրանք: Բազում են հայրենիքին նվիրված կամ հայրենիքի թեմայով գրված բանաստեղծությունները, որոնք շատ ու շատ դեպքերում չափածո լոզունգներ են, պլակատներ, որովհետեւ արյուն չունեն ու անարյուն զոհաբերության փորձեր են հայրենյաց զոհասեղանին»:
Օրեր առաջ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի «Գրական թանգարան» սրահի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Թուջե մառախուղ» գրքի շնորհանդեսին իր խոսքն այսպես սկսեց բանաստեղծ Վարուժան Խաստուրը: Նա նաեւ ներկայացրեց գրական այսօրը՝ «Այսօրվա անհայրենիք բանաստեղծականացումների դարաշրջանը», «երբ ակամա հեղձվում ես պոլիէթիլենային պոեզիայի պռնկե-պռունկ լցված աղբանոցների թերայրվող դառը ծխից, երբ գրականություն է նետվում սեքսուալ չկայացումների ու ապականությունների գարշահոտը, երբ նողկագրությունների ստվարացումից ծառերի ատաղձը վերածվում է գրքերի գերեզմանոցի ու առատանում են արտաքնոցային թղթե արտադրության ապագա ծավալները»:
Քանդակագործ Վաչե Պետրոսյանի բանաստեղծությունների երկրորդ գիրքը շահեկանորեն տարբեր է, որովհետեւ ինչպես նրա գրչընկերն է ասում. «Նա ինքնակամ պատասխանատվություն է ստանձնել իր տեքստի առջեւ»: Գրականագիտության դոկտոր Հենրիկ Բախչինյանն ասաց. «Ես մարդկայնորեն նախանձում եմ, որ չեմ հայտնվել գրքի ընկերներին նվիրված բանաստեղծությունների շարքում: Վստահ եմ, որ մեր հասարակությունն էլ կգտնի իր բանաստեղծին, ինչպես որ ես գտել եմ իմ բանաստեղծին»:
Շնորհանդեսին ներկա քանդակագործ Արա Շիրազն ասաց. «Ես ոչինչ չեմ հասկանում: Ես պոեզիա էլ չեմ հասկանում: Զգում եմ, որ Վաչեն հեքիաթ է ստեղծել եւ այդ հեքիաթի մեջ ենք հայտնվել բոլորս»:
Շնորհանդեսից հետո էլ սկսվեց մեր զրույցը ճանաչված քանդակագործ, բանաստեղծ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ  Վաչե Պետրոսյանի հետ:
ՈՐԵՎԷ ԱՓՍԵԻ
ՄԵՋ ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՄ ԶԳՈՒՄ

– Ինչո՞ւ է ժողովածուն կոչվում «Թուջե մառախուղ»:
– Մեր իրականությունը, ուր ենք, պարսպված է հոգեւոր սնանկության թանձր մառախուղով: Հասարակական փոխհարաբերություններում, մշակույթում, ներանձնային կյանքում որեւէ նշանակալի, ճշմարտակերպ, դրական լիցքերով օժտված  մտագործունեություն «անդիմության» կողմից  միտված է արգահատման ու ոչնչացման: Սա, թերեւս, ամենավատթարը չէ: Կա ավելի սարսափելին, երբ ստեղծագործող անհատը մոռացված է, արհամարհված, հոգեւոր պահանջատերը՝ բացակա, կասկածամիտ, համակերպված իրեն թելադրված տգիտության պահանջարկին:
Էլ չխոսեմ՝ անկինոթատրոն կինոյից, անգրախանութ գրքի մայրաքաղաքից:
Չխոսեմ գրողների, նկարիչների եւ այլոց սրճարաններից, որ օտարվեցին հանուն մտավորականների անմիաբանության:
Էլ չխոսեմ…
Ի՞նչ է, դժվա՞ր բան է 100 հաստավզի փոխարեն նույնքան արվեստագետ պահելն ու գուրգուրելը հանուն մեր մշակույթի: Դժվար չէ, ուստի կամ վախենում են, կամ թքած ունեն ազգի հոգեւոր մշակույթի հիշողության վրա:
«Թուջե մառախուղ», որովհետեւ գործող իրավակարգի թուջե, անթափանց ներկայությունը այլեւս խաթարել է մեր մարդաբանական տեսակը:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր պոեզիան գնահատողների գնահատականներին: Արդյոք ճի՞շտ է ընկալվում պատկերը, տողը:
– Եվ դրական, եւ բացասական:
Պոեզիայի իրական գնահատողը ժամանակն է: Սակայն խնդիրն այն է, որ ամենուր զգացվում է ժամանակի խիստ սղություն:
Մարդը շտապում է: Շտապում եմ եւ ես: Փորձեր եմ անում ետ բերել կորցրածս:
Իմ ընթերցողն ունեմ: Իհարկե՝ ունեմ, բայց չեմ համարձակվի ասել, թե նա ինչպես է զգում, ընկալում գիրս, տողս: Իմ խնդիրն ամենեւին այլ է. ես ընթերցողիս որեւէ բան չեմ պարտադրում, ուզածս նրան վախից հրաժարելն է, նրա մեջ ազատության վեհությունը արթնացնելը:
– Դուք Ձեզ համարում եք խաչքարագո՞րծ, քանդակագո՞րծ, թե՞ բանաստեղծ: Ո՞ր ափսեում եք Ձեզ հանգիստ զգում:
– Ինչ ասել է՝ խաչքարագործ, քանդակագործ, թե բանաստեղծ: Այս ամենը  ու նաեւ այլ ամեններ ստեղծագործելու ժամանակ գործում են միասնաբար, գործում են իրարից անկախ, սակայն ուղղորդված են բանաստեղծության կամ մյուսների հոգեւոր մթնոլորտի կայացմանը:
Փորձեք հիշել այն ընդհանրությունները, որոնք առկա են շարականում, մանրանկարում, խաչքարում, հարթաքանդակում եւ ընդհանրապես վաղ միջնադարի հայ հոգեւոր արարչության մեջ:
Իսկ ավելի հստակ պատասխանեմ. որեւէ ափսեի մեջ ինձ հանգիստ չեմ զգում:
– Դուք գրողների միության անդա՞մ եք:
– Ոչ եւ ոչ էլ ուզում եմ լինել:
– Պարոն Պետրոսյան, առհասարակ, ինչպե՞ս կբնութագրեք հայ պոեզիայի 2010-ը:
– Հետեւում ու չեմ հետեւում: Ունեմ իմ մտքի ճաշակին հարիր բանաստեղծներ, որոնց կարդում եմ: Եվ վերջին հաշվով, գնահատելը իմ գործն էլ չէ: Դա գրականագետի, գրական քննադատի սուրբ պարտականությունն է, որոնք, ցավոք սրտի, Հայաստանում չեն գործել եւ չեն գործում հավուր պատշաճի:
Թե չէ, այ քեզ բան: Նրանց ուսումնասիրության նյութը մեռած պոետն է, նրա ստեղծագործությունը: Համաձայնեք, դժվար է գործ ունենալ կենդանի պոետի հետ, անգամ անբարենպաստ է, քանի որ նա  թելադրելու է պոետական վարքի իր կանոնները, եւ այս պարագայում գրականագետն այնքան հասու  պետք է լինի, մեծ առումով, ողջ մշակութային կյանքին, որ կարողանա գրող-քննադատ առնչությունում ձեւավորի իր տեսակի կարեւոր անհրաժեշտությունը:
– Դուք ունեք մի խորագիր. «Էլ Չարենցից ոչինչ չկա ինձնից բացի», ինչը հարցադրումների տեղիք է տվել: Ի՞նչ եք դրանով ուզում ասել:
– Այս խորագիրը, բնականաբար, գրգռիչ է, հարցահարույց, անսպասելի: Առանձնապես, կարծում եմ, որեւէ բան չի պատահել, դա ես եմ, իմ պատկերացրած Չարենցի ներկայով, երբ մարտյան չարագույժ գիշերում գնդակահարվեցին մի խումբ հայորդիներ՝ պոետի ու իմ եղբայրները: Ուրեմն ինչո՞ւ հայ գրողական միտքն ու խիղճը անհաղորդ մնացին այս դաժան  իրողությանը: Չէ՞ որ սպանվածները իրենց ընթերցողներն էին:
Չարենցն այլ կերպ կարձագանքեր:
Ես պատասխանեցի նրա պես:
Երբ Անգլիական այգում 2008թ. հունիսի սկզբներին տեղադրեցի 1921թ. փետրվարի 19-ին Երեւանի բանտում բոլշեւիկների  կողմից կացնահարված հայ մտավորականներին նվիրված խաչքար-կոթողը ու խաչի թեւատակերի նռների վրա խորագրեցի «Մարտյան զոհերի հիշատակին», գրող-մտավորականները կողքիս չէին, չբարեհաճեցին իրենց ներկայությամբ հարգել իրենց պապերի, եղբայրների հիշատակը:
Երբ Թամանյանի անմահ ստեղծագործության՝ «Ժողտան», ժող-ժողովուրդ  արմատն անջատել ու նետել են փողոց, տունն էլ վարձով տվել հակահայկական մուղամի պայծառ աստղերին, նրանք լռում են, ավելին՝ զարմացած ու  հուզված են գրքիս երկրորդ անվանումից:
Ուրեմն, ես այս խորագրի իրավունքն ունեմ, եւ այդ նրանք են ինձ հուշել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031