Ռուսաստանից հրավիրված եւ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն դարձած 64 կգ քաշային բռնցքամարտիկ Էդուարդ Համբարձումյանը լքո՞ւմ է ազգային հավաքականը:
Որոշ ժամանակ առաջ սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ Հայաստանի ընտրանին Եվրոպայի գավաթի խաղարկությանը, հնարավոր է, որ նախապատրաստվի Մարոկկոյի հավաքականի հետ, ընդ որում, նման ցանկություն հայտնել էին հյուսիսաֆրիկացիները:
«Armsport.am»-ը տեղեկացնում է, որ ներկայումս երկու երկրների ընտրանիները Աբովյանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում: Ռաֆայել Մեհրաբյանը նշել է. «Մարոկկոյի ազգային հավաքականը բավականին ուժեղ կազմ ունի: Միայն այն, որ այդ երկիրը նախորդ օլիմպիական խաղերում տասը ներկայացուցիչ էր դուրս բերել ռինգ, արդեն ամեն ինչ ասում է: Այս համատեղ ուսումնամարզական հավաքը օգտակար է թե նրանց եւ թե մեր բռնցքամարտիկների համար»:
Հավաքականի գլխավոր մարզչի ներկայացմամբ, մեր թիմի հիմնական կազմից բացակայում են միայն 64 կգ քաշայիններ Հրաչյա Ջավախյանը, որը վնասվածք ունի, ու Էդուարդ Համբարձումյանը, որը չի վերադարձել Ռուսաստանից եւ այս երկրի դրոշի ներքո հանդես գալու ցանկություն է հայտնել:
Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են հինգ բռնցքամարտիկներ՝ Հովհաննես Դանիելյանը, Դերենիկ Գիժլարյանը, Վոլոդյա Հայրապետյանը, Անդրանիկ Հակոբյանը եւ Արթուր Խաչատրյանը: