Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրիժորի 115-ամյակը

Հոկտեմբեր 16,2010 00:00

Երեկ Վանաձորի արվեստի քոլեջի դահլիճում կազմակերպված համերգ-հանդիսությունը նվիրված էր հայ դասական երաժշտության երախտավոր, Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Կզարթմյանի 115-ամյակին: Կզարթմյանը Կիրովականի երաժշտական աշխարհի մեծություններից է: Նրա ստեղծագործական գործունեությանն ու կյանքի ուշարժան դրվագներին մանրամասնորեն անդրադարձավ արվեստաբան, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս Նելլի Պապանյանը: «Այսօրվա մեր սերունդը ճաշակում է նրա թողած երաժշտական առատ ժառանգությունը: Երբ խոսում ենք մշակույթի մասին, առաջին հերթին նկատի ունենք նրանց, ովքեր նպաստել են դրա կայացմանն ու զարգացմանը: Այդպիսին էր նաեւ Էդվարդ Գերասիմիչը, որին ուսանողական միջավայրում հաճույքով Էդգեր էինք անվանում: Նա վաստակեց այնպիսի մի կոչում, որը ոչ մի հիմնարկի հաստիքացուցակում չկար. քաղաքի գլխավոր դիրիժորն էր»,- ասաց Ն. Պապանյանը: Խոսելով քաղաքի երաժշտական կյանքի մեջ կոմպոզիտորի ունեցած մեծ ավանդի մասին՝ բանախոսը շարունակեց. «Երբ 1934թ. Կզարթմյանը գյուղաքաղաք Ղարաքիլիսայում հիմնեց առաջին երաժշտական դպրոցը, այստեղ ընդամենը 3-4 դաշնամուր կար, այն էլ՝ մասնավոր տներում: Նա հիմնադրեց երգի տոնը, որն ավանդաբար նշվում էր քաղաքի Սոճիների պուրակում»: Կզարթմյանի ստեղծագործություններից կատարեցին Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբը (գեղ. ղեկ.՝ Ռուզաննա Մխիթարյան), երգիչ Մհեր Մելիքյանը, արվեստի պետական քոլեջի դասախոսներ եւ ուսանողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել