Առաջին անգամ երկու հայկական մրցանակակիր վավերագրական ֆիլմեր կցուցադրվեն ԱՄՆ հանրային՝ PBS հեռուստատեսությամբ: Հոկտեմբերի 17-ին PBS հեռուստակայանները ԱՄՆ ողջ տարածքում կներկայացնեն «Հայաստանի վերջին լարախացը» ֆիլմը, որը «Ոսկե ծիրան» փառատոնում արժանացել է «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին, իսկ «Ռոսիա» վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» եւ «Սցենարի լավագույն զարգացում» մրցանակներին: Ըստ «Արմինֆոյի», հոկտեմբերի 24-ին նույն հեռուստակայանները կցուցադրեն նաեւ «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» կինոնկարը: Վերջինս արդեն ցուցադրվել է BBC, ARTE եւ այլ միջազգային հեռուստաընկերությունների կողմից՝ արժանանալով ավելի քան 20 մրցանակների՝ ներառյալ FIPRESCI–ի՝ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը, իսկ Նյու Յորքի Տրիբեկա ֆիլմերի փառատոնում ֆիլմի ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանին շնորհվել է «Վավերագրական ֆիլմերի լավագույն նոր ռեժիսոր» մրցանակը:
«Հայաստանի վերջին լարախաղացը» երիտասարդ ռեժիսորներ Իննա Սահակյանի եւ Արման Երիցյանի համատեղ աշխատանքն է: Երկու հեղինակներն էլ մի քանի վավերագրական ֆիլմեր են ստեղծել վերջին տասնամյակում: Փետրվար ամսից նախատեսվում է նաեւ ֆիլմերի լայնէկրան ցուցադրումը Հայաստանի կինոթատրոններում: