Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւորը առաջին երեք րոպեներն են»

Հոկտեմբեր 16,2010 00:00

Դերասան, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը այդ ընթացքում է որոշում՝ դիտե՞լ, տվյալ ներկայացումը, թե՝ ոչ:

Վերջերս Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ նույն  թատրոնի բեմադրիչ եւ դերասան Գրիգոր Խաչատրյանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» ներկայացման պրեմիերան: 
Գրիգոր Խաչատրյանը հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես դրամատիկականի դերասան:  Ռոմեո, Կասիոս, Լաերտ… Գրիգորի մարմնավորած դերերը կարելի է շարունակել: Սակայն արվեստագետն իրեն ավելի շատ բեմադրիչ է համարում:
«Դերասանը պետք է հավատա իր արածին, պիտի հավատա, որ ամենալավը հենց  ինքն է խաղում, որ, օրինակ, այդ Ռոմեոն հենց իր համար էր գրված: Կոնկրետ ես անընդհատ վերանայում եմ ամեն ինչ, անընդհատ դժգոհ եմ իմ կատարած աշխատանքից. այդպիսի խառնվածքն այնքան էլ բնորոշ չէ դերասանին: Ես ավելի շատ պրպտող, փնտրող տեսակն եմ: Իմ տեսակը բեմադրիչի է: Ռեժիսուրան հնարավորություն  է՝ ասել այն, ինչ ուզում ես»,- ասում է Գրիգորը:
Հանդիսատեսին հայտնի նրա երեք ներկայացումներում էլ («Ֆանտոմային ցավեր», «Արնախումի ընտանիքը», «Ցիանակալիում…կաթով կամ առանց կաթի») կյանքի հատակում հայտնված մարդիկ են, ովքեր ունեն կոնկրետ խնդիրներ: Հենց խնդիրներն են հետաքրքրում բեմադրիչին, հենց դրանց շնորհիվ է, որ նա ստեղծագործում է:  «Եթե կյանքի հատակը չլիներ, արվեստ չէր լինի ընդհանրապես: Դանթեի հայտնի ստեղծագործության մեջ էլ բոլորս հաճույքով կարդում ու հետո նաեւ հիշում ենք դժոխքի նկարագրությունը, ոչ թե քավարանը կամ դրախտը»:
Կյանքի հատակում հայտնված մարդը էքստրեմալ վիճակում է: Ըստ բեմադրիչի՝ հանդիսատեսը չի նայի ներկայացում, որտեղ էքստրեմալ իրավիճակ չկա:
«Ես երբեք այն լարվածությունը չեմ կարող ցույց տալ  «Ֆանտոմային ցավերում» Օլգայի ու Դմիտրիի տեսարանում, եթե չիմանամ, որ շուտով Գլեբը գալու է: Այդ թրթիռը ինձ հնարավորություն է տալիս խիստ լարված իրավիճակ ստանալ: Նույնը եւ «Արնախումի ընտանիքում»: Գրիգորի թատրոնը ընտրության հնարավորության թատրոնն է: Նրա բեմադրություններում երբեք լուծում չի տրվում, «ճիշտ» կամ «սխալ» պիտակավորումներ չկան:
«Ես բժիշկ չեմ, ես հիվանդն եմ, ես կարող եմ խոսել պրոբլեմի մասին, ցույց տալ այն, սակայն ես չեմ կարող միանշանակ բուժում առաջարկել: Թատրոնը դեմոկրատական երեւույթ է, այստեղ պետք է լինի երկու գաղափար, եւ բեմադրիչը երբեք չպետք է լուծի ներկայացումը՝  հանուն  գաղափարներից մեկի: Եթե ներկայացումից հետո հանդիսատեսն ասում է, օրինակ. Անտիգոնեն ճիշտ էր, ուրեմն ներկայացումը չի կայացել:   Ես կարող եմ միայն իրավիճակ ներկայացնել, խնդիրը ցույց տալ, սակայն  երբեք չեմ ասի, թե Գլեբը  սխալ է անում, որ խմում է, կամ նա վատն է («Ֆանտոմային ցավեր»): Կամ Ռոմանը «Արնախումի ընտանիքում» ինչո՞ւ է թմրամոլ դարձել: Ես ի՞նչ գիտեմ, թե ի՞նչ կա նրանց ներսում: Հարցեր կան, որոնց պատասխանների մասին մտածել է պետք՝ նախքան մեղադրելը»: 
Գ. Խաչատրյանը իր ներկայացումներում առաջ է քաշում կոնկրետ խնդիրներ: Իսկ առհասարակ թատրոն երեւույթի խնդիրն ու առաքելությունը բեմադրիչը համարում է հայ հասարակությանը որպես քաղաքացի դաստիարակելը. «Մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել: Հզոր, կազմակերպված  թատրոնը կարող է գոյություն ունենալ այն ժամանակ միայն, երբ գոյություն ունի հզոր   պետություն:  Եվ զարմանալի է, որ այսօր հաճախ պահանջում են սկսել թատրոնից, այսինքն՝ կազմակերպված թատրոն ունենալ այն ժամանակ, երբ որպես մեր երկրի քաղաքացիներ դեռեւս  շատ կարճ ճանապարհ ենք անցել, ընդամենը 20 տարի: Այսօր թատրոնը կարող է ունենալ հասարակությանը, մարդկանց քաղաքացի դարձնելու դեր»:
Մեր զրուցակիցը կարեւորում է խաղացանկի դերը. «Թատրոնի խաղացանկը լուրջ քաղաքականություն է: Առանց լուրջ դրամատուրգների հետ աշխատելու՝ հնարավոր չէ կազմակերպված թատրոն ունենալ:  Օրինակ, շեքսպիրյան չորս ներկայացումների առկայությունը մեր թատրոնում  ոգեւորիչ է»:
Խոսելով հայ հանդիսատեսի մասին, նա փաստում է. «Բեմի վրա խաղալիս դահլիճից անպայման էներգիա է գալիս դեպի դերասանը: Հայ հանդիսատեսը բավականին բարդ հանդիսատես է: Նա որոշակի պատկերացումներ ունի, ըստ որոնց՝ ներկայացման առաջին երեք րոպեում որոշում է՝ արժե՞ նայել ներկայացումը, թե՞ ոչ: Կարեւորը հենց այդ երեք րոպեներն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել