Ալտահար, կոմպոզիտոր Գեւորգ Ներսիսյանի հերթական գիրքը
Լույս է տեսել Գեւորգ Ներսիսյանի «Հրաժեշտ դժոխքին» աֆորիզմների գիրքը: Ըստ գրչակիցներից մեկի, ի տարբերություն հեղինակի նախորդ՝ «Մտասեւեռումներ» աֆորիզմների գրքի, սա իսկապես արժեք է, առանձնանում է խորագրային ընդգրկումների շրջանակով՝ աշխարհ, սփյուռք, օտարություն, պայքար, պարտություն, փող, շահ, ագահություն, դավաճանություն, կրոն, սեր…
«Առավոտը» հանդիպեց Գ. Ներսիսյանի հետ:
Մեր առաջին հարցը, թե ինչո՞ւ պրոֆեսիոնալ երաժիշտը (կոմպոզիտոր եւ ալտահար) հանկարծ սկսեց խոսել աֆորիզմների լեզվով, մնաց անպատասխան:
– Սկսենք գրքի անունից՝ «Հրաժեշտ դժոխքին». ո՞րն է այն դժոխքը, որին հրաժեշտ եք տվել:
– Դժոխքը մարդու մեջ է, քանի դեռ մարդը դա չի գիտակցում, հետեւաբար չի էլ կարող դուրս գալ: Դժոխքը նկատի չեմ ունեցել այն վայրը, որտեղ ապրում եմ, դժոխքը բոլորիս ներսում է: Ուր էլ գնանք, այն մեզ հետ տանում ենք: Նույնիսկ դրախտը կարելի է վերածել դժոխքի:
– Կարելի՞ է ենթադրել, որ ձեր փիլիսոփայական մտքերը ցանկություն եք ունեցել, ոչ ավել-ոչ պակաս, «փաթաթել» ընթերցողի «վզին»:
– Մտքերը ոչ թե փաթաթելու, այլ մտորելու համար են…
– Ծանոթանալով գրքին, այն տպավորությունն է, որ աֆորիզմները հիմնականում մինոր «լադում» են:
– Դրանք ոչ մինորային են եւ ոչ էլ մաժորային, այլ ընդամենը իրատեսական են:
– Այնուամենայնիվ, աֆորիզմներից մեկում կարդում ենք. քանի դեռ իշխում են փող ու պաշտոն, չի լինելու ոչ սեր, ոչ հոգու տոն:
– Փողը, պաշտոնը եւ սերը անհամատեղելի են: Հանրահայտ է, որ սերը ամեն ինչից վեր է: Երբ սիրում ես՝ կյանքդ իսկական տոն է դառնում:
– Սիրո տարբեր հոգեվիճակներ կան: Կոնկրետ ձեզ մոտ ո՞ր վիճակի մասին են մտքերը:
– Սերն ամեն ինչ է՝ ինչ տեսնում եւ չես տեսնում, ինչ լսում եւ չես լսում, ինչ կա եւ չկա…
– Գրքում բաժին կա՝ ուժ, իշխանություն, ընտրություն…
– Բոլոր բաժինները, այդ թվում եւ ձեր նշածը, այն միջավայրն են կամ երեւույթները, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել կյանքն ընդհանրապես: Ըստ իս, կյանքը սխալներն ուղղելու մեզ տրված միակ հնարավորությունն է:
– Կյանքին էլ հաջորդում է մահը…
– Մահն էլ դերերից դուրս գալու միակ հնարավորությունն է: Եվ մահն էլ պետք է աննպատակ չլինի:
– Ասում են՝ կյանքում ամենաանմահը արվեստն է եւ չկա մարդ, որ ընդհանրապես չառնչվի դրա որեւէ ճյուղի հետ…
– Այն ամենը, ինչ չկա կյանքում՝ կգտնես արվեստում: Դա ավելին է, քան շնորհների դրսեւորումը: Այ, օրինակ, եթե կինոարվեստը գոյություն ունենար փարավոնների ժամանակ, նրանց չէին զմռսի:
– Որպես վերջաբան մեր զրույցի՝ կխնդրեի «Չի կարելի», «Պետք է» եւ «Երանի» բաժիններից համապատասխանաբար դրանք ընդհանրացնող մեկական աֆորիզմ:
– Չի կարելի դադարել մարդ լինել, պետք է երկիրը կառավարեն իմաստունները, երանի վստահություն վայելող ղեկավարին…