«Ավստրիան պետք է վերջ տա երեխաների ձերբակալություններին եւ դադարեցնի լավ ինտեգրված ու ապաստանի հարցում մերժում ստացած ընտանիքների արտաքսումը»,- «Ազատություն» ռ/կի մատուցմամբ, հայտարարել են Amnesty International եւ երեք այլ իրավապաշտպան կազմակերպություններ: Հայտարարության հեղինակները գտնում են, որ Ավստրիան պետք է ավելի լավ պաշտպանի ոչ-ավստրիացի փոքրամասնությունների իրավունքները եւ ավելի մեղմ լինի՝ մարդասիրական նկատառումներից ելնելով թույլ տալով երկրում մնալ ապաստան հայցող երիտասարդներին ու նրանց ծնողներին: Օրեր առաջ Ավստրիայում ձերբակալվել եւ հայրենի Կոսովո են արտաքսվել 8-ամյա երկվորյակները եւ նրանց հայրը: Երկրում մնացել է ընտանիքի մայրը, ով հոգեբուժական օգնություն է ստանում: Ընտանիքը Ավստրիայում էր 2004 թվականից: Associated Press-ը հայտնում է նաեւ 14-ամյա հայ աղջկա մասին, ով անհետացել էր չորեքշաբթի օրը՝ մինչ ոստիկանությունը նրան դպրոցից կվերցներ եւ կվտարեր երկրից: Աղջկա մայրը հսկողության տակ է՝ նրա ինքնասպանության իրական վտանգի պատճառով:
Երեկ ավստրիական լրատվամիջոցները հաղորդել են աղջկա հայտնվելու մասին՝ առանց այլ մանրամասներ փոխանցելու: