Վաշինգտոնը անհանգստացած է բրիտանական կոալիցիոն կառավարության կողմից սպառազինությունների գծով ծախսերի կրճատման ծրագրով: Դա, BBC-ի մատուցմամբ, խոստովանել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, թե ՆԱՏՕ-ն արդիականացման կարիք ունի, որովհետեւ համաշխարհային պատմության մեջ այն ամենահաջողված պաշտպանական դաշինքն է:
Քլինթոնն այդ մասին հայտարարել է բրիտանական կառավարության կողմից զեկույցի հրապարակման նախաշեմին: Փաստաթուղթը, որը հրապարակվելու է հաջորդ շաբաթ, նաեւ որոշակիացնելու է ռազմական ոլորտի ծախսերը: Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ այդ հարցի առնչությամբ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել:
Միացյալ Թագավորության ֆինանսների նախարարությունը ուզում է, որ պաշտպանության նախարարության բյուջեն, որը 2011-2015թթ. պետք է կազմի 37 մլրդ ֆունտ ստերլինգ, 10 տոկոսով կրճատվի: Սակայն բրիտանացի հայտնի զինվորականներն ու մասնագետները պնդում են, որ երկրի պաշտպանունակությունը անհրաժեշտ է պահել բարձր մակարդակի վրա:
Քլինթոնը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ երկրից, պաշտպանության ընդհանուր համակարգում ակնկալվում է համարժեք ներդրում: