Կիեւի կենտրոնում անհայտ չարագործները հրկիզել են խորհրդային T-34 տանկի հուշարձանը: Խուլիգանները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել հուշարձանի վրա ու փախել մոտակա այգու ուղղությամբ: Newsru-ի մատուցմամբ, ենթադրվում է, որ վանդալիզմի այդ ակտին առնչություններ ունեն «Բրատստվո» հասարակական կազմակերպության անդամները, որոնք դա իրականացրել են Կիեւում նշվող «Ուկրաինայի ապստամբության բանակի» հիմնադրման 68-ամյակի առիթով:
«Հոկտեմբերի 14-ին «Ուկրաինայի ապստամբության բանակի» անհայտ հետեւորդները Կիեւի կենտրոնում ոչնչացրել են խորհրդային զավթիչների տանկը: Դաժան մարտը տեղի է ունեցել գիշերը, մետրոյի «Շուլյավկա» կայարանի շրջանում: Նախաձեռնության մեջ առավելություն ունենալով, ճեղքելով մթության քողը, գերհակառակորդի թույլ պաշտպանությունը, ապստամբները այրել են թշնամու զրահատեխնիկան եւ առանց կորուստների նահանջել են անտառածածկ գոտի: Փա՛ռք ազգին»,- ասված է «Բրատստվո» հ/կ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Կազմակերպության ներկայացուցիչներից մեկը, սակայն, հերքել է վանդալիզմի ակտի հետ «Բրատստվո»-ի առնչությունը: «Դա մշակութային կազմակերպություն է եւ նման տիպի ակցիաներով չի զբաղվում: Թե հատկապես ով է հրկիզել տանկը՝ դժվար է ասել. ամենայն հավանականությամբ դա արել է երիտասարդների մի անկազմակերպ խումբ, որը տանկի կողքով անցնելիս այն հրկիզել է»,- հայտարարել է հ/կ-ի անդամ Ալեքսեյ Սերդյուկը: