Պերմի երկրամասում գտնվող ավիացիոն 40383 զորամասում, որը տեղակայված է «Բոլշոյե Սավինո» օդակայանի հարեւանությամբ, Հյուսիսային Կովկասից զինակոչված 120 զինծառայող հրաժարվել է ենթարկվել հրամանատարությանը: Զորամասի հրամանատար, գնդապետ Դմիտրի Կուզնեցովը ստիպված է եղել կարգուկանոն հաստատելու համար օգնություն խնդրել մահմեդականների Պրիկամիեի հոգեւոր վարչությունից:
Կուզնեցովի ասելով, կովկասցիները զորամասում «մարտական միկրոկոլեկտիվ» են ձեւավորել, զբաղվում են դրամաշորթությամբ եւ ստիպում են իրենց ծառայակից զինվորներին՝ իրենց փոխարեն կատարել բոլոր աշխատանքները: Գնդապետը շեշտել է, որ կովկասցիների այդ պահվածքի առնչությամբ միայն այս տարի 14 քրեական գործ է հարուցվել:
Պերմի զինվորական դատախազությունում չեն հաստատել զորամասում կովկասցիների խռովության մասին տեղեկությունը: Այստեղ նշել են, որ թեեւ զորամասում կարգուկանոնը հեռու է բավարար լինելուց, բայց կովկասցիների կողմից խռովություն բարձրացնելու մասին խոսք չկա: