Առաջիկայում էլ ՀՀ եւ Վրաստանի ԿԳ նախարարները համատեղ ասուլիս կունենան
Այս օրերին երկօրյա պաշտոնական այցով Երեւանում է Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դիմիտրի Շաշկինիի ղեկավարած պատվիրակությունը: Երեկ նրանց հյուրընկալել էր Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերջերս Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ ԵՊԼՀ-ում երեկ բացվեց վրացագիտության կենտրոն եւ վրացերենի լսարան: Դ. Շաշկինիի հավաստմամբ, կենտրոնի միջոցով բարեկամական կապեր կհաստատվեն երկու երկրների համալսարանների եւ համալսարանականների միջեւ. «Սա առաջին քայլը չէ, Թբիլիսիի պետական համալսարանում էլ գործում է հայագիտության կենտրոն եւ հայկական լսարան»:
Դ. Շաշկինիի խոսքով, վրացական կենտրոն բացելու գաղափարը առաջացել է 4 ամիս առաջ. «Շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի նախարարը իրականացրեց մեր նախաձեռնությունը, ինչը գովեստի է արժանի: Պարոն Աշոտյանի հետ արդեն քննարկել ենք երկու երկրների նախարարությունների միջեւ հնարավոր համագործակցությունների դաշտը: Կարծում եմ՝ ահռելի ներուժ ունենք համատեղ աշխատելու համար»:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը նշեց. «Սա լավագույն հնարավորությունն է հայ եւ Հայաստանում սովորող վրացի ուսանողներին վրացական մշակույթը, լեզուն, պատմությունը ուսումնասիրելու համար: Լսարանի եւ կենտրոնի առկայությունը լեզվաբանական համալսարանում ավելի քան կարեւոր է: Մինչեւ վերջերս Բրյուսովի անվան համալսարանում, բացի վրացերենից, դասավանդվում էին 20-ից ավելի՝ Արեւելյան Ասիայից մինչեւ եվրոպական երկրների լեզուներ: Կենտրոնի բացումով այդ հարցը եւս լուծվեց»:
Ա. Աշոտյանը նշում է, որ կենտրոնը կլուծի նաեւ Հայաստանում սովորող վրացահայերի որոշ խնդիրներ. «ՀՀ-ում սովորում են մի քանի 100 մեր հայրենակիցներ՝ Վրաստանի քաղաքացիներ, որոնք Հայաստանում ուսանելու տարիներին կտրված են վրացերենի ուսումնասիրության եւ ուսուցման հնարավորություններից: Այս կենտրոնում ստեղծելու ենք պայմաններ, որպեսզի վրացահայերը, իրենց հիմնական կրթությանը զուգահեռ, սովորեն նաեւ վրացերեն: Արդյունքում մեր հայրենակիցները, բուհն ավարտելուց հետո, հեշտությամբ կկարողանան ներգրավվել վրացական հասարակության մեջ՝ ապահովելով վրացահայերի վերադարձը Վրաստան»:
ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանն էլ ասաց. «Կենտրոնը պետք է դառնա կամուրջ Վրաստանի ակադեմիական հանրության, համալսարանների հետ: Եվ եթե կարողանանք հաստատել սերտ հարաբերություններ Թբիլիսիի պետական համալսարանի հետ, դա մեծ նվաճում կլինի հայկական կրթական համակարգում»:
Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլին տեղեկացրեց, որ իրենց մոտ հայերենը ուսուցանվում է 1922 թվականից. «Սա նշանակում է՝ մենք հայոց լեզվին մոտ ենք վաղուց: Այժմ փոխադարձ քայլ արվեց նաեւ Հայաստանի կողմից՝ համալսարանում կենտրոն բացելով, հայերին մոտեցնելով վրացերենին եւ վրացական մշակույթին»:
Վրաստանի եւ Հայաստանի ԿԳ նախարարները առաջիկայում հանդես կգան համատեղ ասուլիսով: Կքննարկվեն երկու երկրների կրթության եւ գիտության ոլորտում համատեղ աշխատանքներն ու վրացահայերի խնդիրները:
Հավելենք, որ երեկ Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինիին ԵՊԼՀ-ն պարգեւատրեց համալսարանի մեդալով, իսկ մյուս հյուրերին հանձնվեցին ԵՊԼՀ խորհրդանիշով հատուկ նվերներ: