Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՐՁԱՆՈԹՈՒՄ

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"Կրկին հայաստանյան իրականության մասին

Համաձայն ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի եւ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների անձնագրային տվյալների վերլուծության արդյունքների՝ ՀՀ գիտական հիմնարկներում աշխատող գիտության թեկնածուների միջին տարիքը 51 տարեկանն է, եւ որպես գիտությամբ զբաղվող գիտնականների ծերացման հիմնական պատճառ է բերվում գիտության մեջ ընդգրկված 30-40 տարեկան երիտասարդ գիտաշխատողների փոքր թիվը, ինչը հանգեցնում է գիտության ոլորտի ծերացմանը եւ ճգնաժամին: Նշվում է նաեւ երիտասարդ գիտնականների արտահոսքի խնդրի մասին:  Մասնավորապես 2 անգամ պակասել է գիտական կոչում ունեցող եւ պետական ծրագրերի մեջ ընդգրկված երիտասարդների թիվը: Միանշանակ համաձայն եմ վերլուծության արդյունքների հետ, սակայն չեմ կարող հաշտվել ոլորտում տիրող իրավիճակի հետ:
Մասնավորապես վերջերս պարզ է դարձել, որ ՀՀ-ում կասեցվել է հայցորդների ձեւակերպման գործընթացը, ինչը բացատրվում է առկա եւ հեռակա ասպիրանտուրայի եւ հայցորդների համակարգերի մեջ առաջացած տարբերություններով: Նախ ասեմ, որ կասեցման որոշումը հրապարակվեց հենց հայցորդների գրանցման մեկնարկից, ինչը արդեն իսկ լուրջ հարված էր այն երիտասարդների համար, ովքեր չեն մասնակցել առկա ասպիրանտուրայի տեղերի համար հայտարարված մրցույթին: Հարց է ծագում, թե ինչո՞ւ այս որոշման մասին հասարակությանը չի տեղեկացվել ավելի վաղ: Ի դեպ՝ կասեցման մասին տեղեկատվությունը մինչ այժմ բացակայում է ՀՀ ԿԳՆ կայքում: Ինչպես հայտնի է՝ առկա եւ հեռակա ասպիրանտուրայում ներդրվել է կրեդիտային համակարգը: Շատ ողջունելի է, որ կրթության ոլորտի պետական այրերը ձգտում են մեր կրթական համակարգը մոտեցնել եվրոպական չափանիշներին, սակայն, ինչպես միշտ, հաշվի չեն առնում կամ անտեսում են բազմաթիվ խոչընդոտներ, առանց որոնց հաղթահարման՝ նմանատիպ փորձարկումները լուրջ սպառնալիք են մեր երկրի անվտանգության համար: Խնդիրն այն է, որ հայցորդությանը փոխարինման եկած հեռակա ասպիրանտուրան (տեւողությունը՝ 4 տարի) իր մեջ ներառում է 3-ամյա ուսումնական գործընթաց, որն իր ծանրաբեռնվածությամբ չի տարբերվում առկա ասպիրանտուրայի ուսումնական դասընթացից եւ պահանջում է ասպիրանտից մասնակցել գրեթե ամենօրյա դասընթացներին: Տպավորություն է ստեղծվում, որ մոռացվել է այն հանգամանքը, որ ասպիրանտական կրթությունն առաջին հերթին ենթադրում է գիտահետազոտական գործընթացի իրականացում:
Եթե հայ երիտասարդը ցանկություն հայտնի իր կրթությունը շարունակել արտերկրում, ապա նա ստանում է ամենամսյա կրթաթոշակ՝ շուրջ 1500 եվրոյի չափով, ինչը լուծում է իր կեցության բոլոր խնդիրները, եւ նա աշխատելու կարիք չունի: Իսկ հայաստանյան իրականության մեջ բոլորիս էլ հայտնի է, որ 25-35 տարեկան երիտասարդ գիտնականը գոյատեւելու համար պետք է աշխատի եւ համատեղի գիտահետազոտական աշխատանքը, ինչը բացառվում է կրեդիտային համակարգով առկա եւ հեռակա ասպիրանտուրայի դեպքում: Փաստորեն, թե ում հաշվին է ապրելու երիտասարդ գիտնականը 4 տարվա ընթացքում՝ ոչ մեկին չի հետաքրքրում: Մյուս խնդիրն այն է, որ 4 տարի հետո ստացած գիտական կոչումը երիտասարդի կյանքում էական փոփոխություններ, ցավոք, չի ապահովի, եւ լավագույն դեպքում նրան սպառնում է գիտաշխատողի 15-50 000 դրամ աշխատավարձը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ չշարունակել ուսումը եւ հետագա գործունեությունն արտերկրում: Մինչ այժմ գործող հայցորդների համակարգը երիտասարդին հնարավորություն էր տալիս գիտահետազոտական աշխատանքը կազմակերպել ըստ իր ցանկության եւ համատեղել աշխատանքի հետ:
Իսկ ի՞նչ են անելու այն մարդիկ, ովքեր չեն ընդունվում առկա կամ հեռակա ասպիրանտուրա, սակայն կատարում են գիտական աշխատանք, աշխատում են գիտահետազոտական հիմնարկներում: Փաստորեն, այդ մարդիկ կորցնում են գիտական կոչում ունենալու եւ իրենց աշխատանքը զարգացնելու բոլոր հնարավորությունները: Քայլեր են արվում կրճատելու գիտական կոչում ունեցող երիտասարդների քանակը: Դրա վկայություններն են թե առկա ասպիրանտուրայում տեղերի կտրուկ կրճատումը, թե հայցորդների համակարգի գործունեության կասեցումը: Սակայն այս քայլերը լիովին հակասում են գիտության ոլորտի զարգացմանը միտված ռազմավարությանը: Երիտասարդ գիտնականների քանակը կրճատելու փոխարեն անհրաժեշտ է բարձրացնել գիտական աշխատանքների որակը: Մասնավորապես՝ եթե գիտության թեկնածուի կամ դոկտորի կոչմանը հավակնող անձանց համար պարտադիր լինի գիտական հոդվածների առկայությունը հեղինակավոր (բարձր impact factor-ունեցող) միջազգային գիտական պարբերականներում կամ իրականացվի աշխատանքների անկախ փորձաքննություն արտերկրում, ապա մենք կունենանք աշխատանքների որակական աճ:
Այսպիսով կոչ եմ անում ՀՀ ԿԳՆ-ին՝ հանդես գալ երիտասարդության շրջանում լուրջ անհանգստություններ առաջացրած հայցորդների գրանցման կասեցման խնդրի շուրջ պարզաբանումներով եւ ետ կանչել կասեցման մասին որոշումը, ինչպես նաեւ կազմակերպել հետբուհական կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների համապարփակ, բազմակողմանի վերլուծություն՝ շահագրգիռ կազմակերպությունների եւ հասարակության մասնակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել