Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԿՐԱԿՈ՞Ց, ԹԵ՞ ՄԱՀԱՓՈՐՁ

Հոկտեմբեր 16,2010 00:00

Նա հավասարապես կրակում էր թե աջ, թե ձախ ձեռքով

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա հունիսի 2-ին մայոր Հովսեփ Սահակյանին դատապարտեց 9 տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 4-ին որոշեց Հովսեփ Սահակյանի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ, եւ պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի վերաքննիչ բողոքը մերժել: Պաշտպանական կողմը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ ներկայացնելով տասնյակ հակափաստարկներ:
Հ. Սահակյանը մեղադրվում է մահափորձի մեջ: Ըստ մեղադրական եզրակացության, նա անցյալ տարվա հուլիսի 25-ին, ժ. 23.00-ի սահմաններում, Երեւանի Աճառյան փողոցի թիվ 44 շենքի հարակից հատվածում իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի 01 ՈՏ 888 պետհամարանիշի ավտոմեքենայով Գեւորգ Նուրբեկյանի կողմից վարած «Վազ 2107» մակնիշի 19 ԼՍ 904 պետհամարանիշի ավտոմեքենային բախվելուց հետո, վիճաբանություն է սկսվել Գ.Նուրբեկյանի եւ նրա ավտոմեքենայի ուղեւոր Արտակ Թամազյանի միջեւ: «Հ. Սահակյանը դիտավորությամբ հարվածել է Գ. Նուրբեկյանի դեմքին եւ նրա հասցեին տվել հայհոյանքներ, որի պատասխան հարվածից հետո Հ. Սահակյանը իր ավտոմեքենայից հանել է ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահած ՍՄ-5103 համարի «Մակարով» տեսակի ատրճանակը ու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել նախ Գ. Նուրբեկյանի, ապա փողոցի հակառակ կողմը փախչող Ա. Թամազյանի ուղղությամբ: Ա. Թամազյանի ուղղությամբ արձակված կրակոցներից մեկը դիպել է նրա փախուստի ուղղությամբ կայանած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկի ապակուն: Հ. Սահակյանը իր դիտավորությունը չի կարողացել հասցնել մինչեւ վերջ, իր կամքից անկախ պատճառներով, քանի որ Գ. Նուրբեկյանը եւ Ա. Թամազյանը կարողացել են խույս տալ նրա արձակած կրակոցներից եւ թաքնվել», պնդում է մեղադրանքի կողմը: Պաշտպանական կողմի համոզմամբ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ թույլ են տրվել իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա եւ առաջացրել են ծանր հետեւանքներ, այսինքն՝ ճիշտ չի կիրառվել քրեական օրենքը:
Պաշտպաններ Լ. Սահակյանն ու Ե. Վարոսյանը վճռաբեկ բողոքում նշում են, որ գործի «փաuտական հանգամանքների մաuին շարադրված դատարանների հետեւությունները չեն համապատաuխանում հետազոտված ապացույցներին»:
Մասնավորապես, ընդհանուր իրավասության դատարանը գնահատելով «դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները», հաստատված է համարել, որ «Հ. Սահակյանը 2009թ. հուլիսի 25-ին, ժ. 23-ի սահմաններում, Երեւանի Աճառյան փողոցի թիվ 44 շենքի հարակից հատվածում իր անձնական օգտագործման «Մերսեդես E 320» մակնիշի 01 ՈՏ 888 պետհամարանիշի ավտոմեքենայով Գեւորգ Նուրբեկյանի կողմից վարած «Վազ 2107» մակնիշի 19 ԼՍ 904 պետհամարանիշի ավտոմեքենային բախվելուց հետո, վիճաբանություն է սկսել, նրա հասցեին տվել հայհոյանքներ, սպանելու դիտավորությամբ կրակոցներ է արձակել նախ Գ. Նուրբեկյանի, ապա փողոցի հակառակ կողմը փախչող Ա. Թամազյանի ուղղությամբ»:
Դատարաններին ներկայացվել են փաստաթղթեր, համաձայն որի՝ Հովսեփ Սահակյանը գերազանց հրաձիգ է, «Մակարով» տեսակի ատրճանակով հավասարապես գերազանց նշանառությամբ կրակում է թե աջ, թե ձախ ձեռքով: ՀՀ եւ ԼՂՀ համաբանակային սպարտակիադայի հրաձգության մրցումներում զբաղեցրել է 2-րդ տեղը: Ըստ պաշտպան Լ. Սահակյանի. «Ակնհայտ է, որ սպանության կամ մարմնական վնասվածք հասցնելու նպատակ ունենալու դեպքում, հանդիսանալով բարձրակարգ հրաձիգ, Հ. Սահակյանը չէր կարող վրիպել եւ առնվազն չվնասել դեպքի պահին իրենից հաշված մետրերի վրա գտնվող անձանց: Այս պարագայում ակնhայտ է, որ Հ. Սահակյանը Գ. Նուրբեկյանին եւ Ա. Թամազյանին սպանելու կամ նրանց որեւէ կերպ վնասվածք պատճառելու ցանկություն ունենալու պարագայում անշուշտ կարող էր այն իրագործել»:
Դատաքննության ընթացքում հարցաքննվել են երկու տուժողները՝ Գեւորգ Նուրբեկյանն ու Արամ Թամազյանը, երկու վկաները՝ Վարդան Ղեւոնդյանը եւ Հակոբ Մուրադյանը:
Ըստ գործի նյութերի՝ տուժող Գեւորգ Նուրբեկյանի եւ դատախազի երկխոսությունն եղել է այսպես.
«Մեղադրող – Դուք նկատե՞լ եք որ ուղղությամբ ա կրակում:
Տուժող – Չէ, քանի որ փախնում էի:
Մեղադրող -Դուք նկատել եք, ձեր վազելու ընթացքում ձեր ուղղությամբ կրակող եղե՞լ է, թե՝ չէ:
Տուժող – Չեմ կարող ասել, որովհետեւ ես որ փախնում էի, մոտիկ էի Հովսեփին, եթե իմ ուղղությամբ կրակոցներ լիներ, ինձ թվում ա՝ կկպներ:
Մեղադրող – Սահակյանը սպառնո՞ւմ էր ձեզ:
Տուժող – Չէ»:
Իսկ տուժող Արտակ Թամազյանը մեղադրողի հարցերին տվել է հետեւյալ պատասխանները.
«Մեղադրող – Մինչեւ քո փախնելը, Գեւորգը, որ փախավ՝ զենքն ուղղել էր Գեւորգի՞ ուղղությամբ:
Տուժող – Հենց ուղիղ Գեւորգի վրա չի պահել»:
Դատարանը գտել է, որ պետք է հիմք ընդունել տուժողների նախաքննական ցուցմունքները, փոխարենն անարժանահավատ է համարել դատարանում հնչեցվածը:
Մեղադրանքի կողմից դատակոչված վկա Վարդան Ղեւոնդյանը դատարանում ցուցմունք է տվել, որ հուլիսի 25-ին երեկոյան տանը հեռուստացույց դիտելիս փողոցի կողմից լսել է կրակոցի ձայն, մի պահ դուրս է եկել պատշգամբ, ապա վերադարձել է տուն: Չի նկատել թե ով, ինչ հրազենից եւ ինչ ուղղությամբ է կրակոց արձակել: Զարմանում ես, թե ինչո՞ւ է այս անձը ճանաչվել վկա:
Պաշտպանական կողմը վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսված «Դեդովսկին եւ մյուսներն ընդդեմ Ռուսաստանի» գործով 15.05.2008թ. կայացված որոշումը. «Թեպետ ռուսաստանյան դատարանները թեորեապես ունեն գործի նյութերի անկախ գնահատման հնարավորություն, պրակտիկայում, սակայն, նախաքննությանը տրվող նշանակությունն այնքան բարձր է, որ հակառակն ապացուցող անգամ առավել համոզիչ ապացույցները մի կողմ են նետվում եւ իրավական պաշտպանության նման միջոցը դառնում է թեորետիկ եւ ձեւական» (Dedovskiy and Others v. Russia) (N 7178/03):
Ի դեպ, ուշադրության արժանի է ընդհանուր իրավասության դատարանի մի հետեւությունը եւս. ըստ դատարանի՝ Հ. Սահակյանը Ա. Թամազյանին հետապնդել է դեպի ճանապարհի հակառակ կողմը: Մինչդեռ, նույն դատարանի արձանագրմամբ, այդ կողմում պարկուճներ առկա չեն: Վճռաբեկ բողոքում պաշտպանները պնդում են, որ Հ. Սահակյանը Գ. Նուրբեկյանին կամ Ա. Թամազյանին վնասելու նպատակ չի ունեցել, դիտավորյալ կրակել է այնպիսի ուղղությամբ, որ նրանցից որեւէ մեկը չվնասվի:
Փորձելով անդրադառնալ վերաքննիչ բողոքում ներկայացված այդ փաստարկին, որ հանդիսանալով բարձրակարգ հրաձիգ՝ Հ. Սահակյանը տուժողներին սպանելու դիտավորություն ունենալու պարագայում հանգիստ կարող էր իր մտադրությունն իրականացնել, քանի որ դրա իրականացմանը, բացի Հ. Սահակյանի դիտավորության բացակայությունից, այլ՝ նրա կամքից անկախ որեւէ հանգամանք չի խոչընդոտել, վերաքննիչ դատարանը սահմանափակվել է հետեւյալ եզրահանգմամբ. «Ամբաստանյալի կողմից զենքի գերազանց տիրապետումը եւ այն գործի դնելու ընթացքում վրիպելը չեն կարող դիտվել նրա կողմից իրեն վերագրվող արարքը չկատարելու հիմնավորում, այլ նման փաստի առկայության պայմաններում, թե նախաքննական եւ թե ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալի արարքը գնահատելիս հանգել են ճիշտ հետեւության՝ հանցափորձ: Բացի այն ամբաստանյալի կողմից հանցագործությունը մինչեւ վերջ չի հասցվել ոչ թե իր կամքով, այլ հակառակ նրա կամքի, այսինքն՝ օբյեկտիվորեն նրա կամքից անկախ հանգամանքների հետեւանքով, որպիսին է տուժողների կողմից փախուստի դիմելու հանգամանքը»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Դեռ դռնբաց դատական նիստում հնչել է Սահակյանի նկատմամբ վրեժխնդրության մասին: ՀՀ զինվորական դատախազության Երեւան քաղաքի Կայազորի դատախազ, սույն գործով մեղադրող Ա. Մկրտչյանի ազգականը (Մխիթար Երեմյան) ծառայել է Հ. Սահակյանի հրամանատարության ներքո: Հ. Սահակյանի զորամասի պատասխանատու հանդիսանալու օրերից մեկի ժամանակ վերջինս դիտողություն է արել դատախազի ազգականին զորամասի հետ առնչություն չունեցող հարբած ընկերներին զորամաս հրավիրելու եւ ոգելից խմիչք օգտագործելու համար: Դատախազը այնքան ցավագին է տարել այդ հանգամանքը, որ իր ազգականին ինչ-որ մեկը հանդգնել է նկատողություն անել, որ քրեական գործ հարուցելու առաջին օրերին անձամբ Հ. Սահակյանին հիշեցրել է այդ դեպքը եւ խոստացել հասնել ամենախիստ պատժի: Տեղեկացնենք, որ Հ. Սահակյանը մասնակցել է արցախյան հերոսամարտին՝ Սասուն Միքայելյանի հրամանատարությամբ:
Պաշտպանական կողմը խնդրում է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը եւ կարճել գործի վարույթն ամբողջովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել