Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ ԹԵ ԹՈՇԱԿ ՏԱՆ, ԱՅԼ ՍՊԱՌՈՂԻՑ ԴԱՐՁՆԵՆ ՀԱՐԿԱՏՈՒ»

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"Հաշմանդամների ու նրանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների կարծիքով, մասնավորին պարտադրելու փոխարեն պետությունը պետք է քայլ անի, քանզի հաշմանդամին մի փոքր պետական աջակցություն ու ուշադրություն է հարկավոր:

2005-2009 թվականներին Լոռու մարզպետարանի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի կատարած վերլուծության արդյունքում հաշմանդամների թիվը մարզում աստիճանաբար աճել է՝ 13 086-ից հասնելով 15 442-ի: Նրանց 7.5 տոկոսը՝ առաջին, 59.4 տոկոսը՝ երկրորդ եւ 27.8 տոկոսը՝ երրորդ խմբի հաշմանդամներ են: Մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները կազմում են հաշմանդամների 5.1 տոկոսը: Լոռու թիվ 1 բժշկա-սոցիալական հանձնաժողովի նախագահ Արոնա Սիմոնյանի խոսքով, հաշմանդամների թվի ավելացումը պայմանավորված է մի շարք հիվանդությունների աճով՝ առավել հաճախ հանդիպում են չարորակ ուռուցքներ, էնդոկրին եւ սրտանոթային համակարգերի ախտահարում: Եթե վերջինս պայմանավորված է բարձր լեռնային տարածքին հատուկ եղանակային կտրուկ փոփոխություններով, ապա ուռուցքները կերակրացանկում հաճախակի օգտագործվող ոչ բնական սննդի հետեւանք են: Հաշմանդամների թվի ավելացմանը նպաստող երկրորդ կարեւոր գործոնը բնակչության մոտեցումն է հաշմանդամի կարգի հանդեպ: «Ելնելով սոցիալական վիճակից՝ մեր քաղաքացիները մտածում են, իսկ ինչո՞ւ չունենան հաշմանդամության կարգ, չէ՞ որ կարգ ունեցողը օգտվում է բազմաթիվ արտոնություններից, հատկապես առողջապահական հիմնարկներում անվճար բուժօգնությունից»,- ասում է Արոնա Սիմոնյանը:
Ինչպես ողջ Հայաստանում, Լոռիում էլ՝ սահմանափակ հնարավորություն ունեցողները դժվարությամբ են աշխատանք գտնում եւ ապրում են պետության տված թոշակով: Հաշմանդամների զբաղվածության խնդիրն այնքան արդիական է Լոռու մարզում, որ ընդգրկվել է մարզի 2010-2012 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցապահովության վարչության սոցապահովության բաժնի պետ, հաշմանդամություն ունցող անձանց մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը պնդում է, որ վերջին տարիներին հաշմանդամների հանդեպ պետության վերաբերմունքը փոխվել է: Մեր գործող օրենսդրությունը պարունակում է գործատուին շահագրգռող դրույթներ (աշխատավարձի մասնակի փոխհատուցում եւ այլն), որոնք պետք է երաշխավորեն հաշմանդամներին աշխատանքով ապահովումը: Սրանից բացի՝ Հայաստանը միացել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային կոնվենցիային: «Օրենքը որքան էլ կատարյալ լինի՝ հասարակությունը դեռեւս պատրաստ չէ սահմանափակ կարողություններով եւ սակավաշարժ անձանց հասարակության լիարժեք մարդ ընդունելու, հատկապես գյուղերում ամաչում եւ թաքցնում են հաշմանդամ երեխաներին եւ բարեկամներին»,- նկատեց մեր զրուցակիցը: Խտրականություն կա նաեւ քաղաքային համայնքներում: Ստեփանավանի թիվ 1 դպրոցը, որ ներառական կրթություն է իրականացնում, հաշմանդամ երեխաների ավելանալու հետ՝ նվազել է դպրոցի ոչ հաշմանդամ սաների թիվը, ծնողները երեխաներին տեղափոխել են այլ դպրոց: «Ինչ երաշխիք կա, որ նույն ծնողը սպասարկման ոլորտում աշխատող հաշմանդամին նույն ձեւով չի վերաբերվի»,- մտահոգված ասում է Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջանները համակարգող, «Լիարժեք կյանք» հ/կ նախագահ Սուրեն Մաղաքյանը:
Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում մշակութային օջախների եւ սպորտային կենտրոնների մուտքը մատչելի դարձնելու, թեքահարթակների կառուցման համար կտրամադրվի 7,3 միլիոն դրամ, որից 6.6 միլիոնը՝ պետբյուջեից, մնացածը կտրամադրի համայնքը: Թեքահարթակների կառուցումը առաջին հերթին կապահովի հաշմանդամի ընտրական իրավունքը, ինչ-որ չափով կհեշտացնի եւ կխթանի զբաղվածության խնդիրների լուծմանը, սակայն, Վալերի Ջաղինյանի խոսքով, հաշմանդամներն իրենք էլ չեն ցանկանում աշխատել, ակտիվ մարդիկ շատ քիչ են, նրանց համար ավելի հարմար է նստած թոշակ ստանալ, քան աշխատել՝ մի քանի հազար դրամ ավելի ստանալու համար:
Մարզկենտրոն Վանաձորում լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն կա: Հիմնախնդիր է մնում հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամների մուտքի մատչելիության ապահովումը դեպի պետական ու տեղական ինքնակառավարման հիմնարկներ, հասարակական, մշակութային, մարզական կառույցներ: Թեեւ վերջին տարիներին նախագծված կառույցներն ունեն թեքահարթակներ, բայց մեծամասամբ դրանք կառուցվել են առանց չափորոշիչները հաշվի առնելու: Քաղաքում կան թեքահարթակներ, որոնց թեքությունը մինչեւ 35 աստիճանի է հասնում՝ նախատեսված 12-ի փոխարեն: Իսկ նման թեքահարթակը անհաղթահարելի է հաշմանդամի համար:
Լոռիում կույրերը տեղաշարժվելու հնարավորություն չունեն: «Մեր խնդիրները շատ տարբեր են մնացած հաշմանդամների խնդիրներից, մեզ համար շատ կարեւոր է ուղեկցորդների առկայությունը, վերջին տարիներին նրանց չլինելու պատճառով շատերը տնից չեն կարողանում դուրս գալ»,- ասում է Կույրերի միավորման փոխնախագահ Լարիսա Ծատուրյանը: Բացի դրանից, կույրերի ազգային միավորումից ամիսը մեկ հատկացվող օգնությունն ստանալու նպատակով մարզկենտրոնից կամ նախկին շրջկենտրոնից դուրս ապրող կույրը մեծ գումար է ծախսում շրջկենտրոն հասնելու համար: Ըստ Լարիսա Ծատուրյանի, նախկինում օգնությունը տանում տանն էին տալիս, հիմա տարածաշրջան են տանում. «Տրանսպորտից անվճար օգտվելու նախկին արտոնություն չկա, մարդը մինչեւ ուղեկցողով տեղ է հասնում՝ 1000 դրամ է ծախսում, որ 800 դրամ ստանա»: Դրան ի պատասխան, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը ասում է. «Անվճար երթեւեկության արտոնությունը չի կարող վերականգնվել, մասնավոր ընկերություններն են ուղեւորափոխադրումներ իրականացնում, ներքաղաքային երթուղիներում հնարավոր է փոխզիջման գնան»:
Վերջին 3 տարիներին սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միջոցով պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով բավարարվել է ավելի քան 400 մարդ, 300-ից ավելին ստացել են սայլակներ եւ լսողական սարքեր: Ըստ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տվյալների, 2010 թ. առաջին կիսամյակում մարզում 18 հաշմանդամի հատկացվել է նստասայլակ, 61 անձի՝ լսողական սարք, 12 ձեռնափայտ, 7 հենակ, 4 քայլակ, 13 պրոթեզ (ոտքի, ձեռքի, կրծքագեղձի), 233 անձանց տրամադրվել է տարբեր վերականգնողական պարագաներ: Հիմնախնդիրները շատ են նաեւ որակյալ սայլակներ եւ լսողական սարքեր ձեռք բերելու գործում: «Վանաձորի սոցիալական ծառայությունը տրամադրում է, բայց շահառուները դժգոհում են, ասում են՝ ստիպված 200 դոլար ենք տալիս առնում, իսկ եթե տանը 2 չլսող կա, ինչքան դժվար է ապահովել»,- ասում է Լոռու մարզի խուլերի միավորման նախագահ Գագիկ Սերոբյանը: Լոռու մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցապահովության բաժնի պետ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը պարզաբանում է. «Չափահաս մարդկանց տրվող լսողական սարքերը ռուսական կամ չինական արտադրության են, իսկ մինչեւ 14 տարեկան երեխաներինը՝ եվրոպական ֆիրմաներն են ապահովում, հնարավոր է, որ չափահաս մարդը օգտագործելով երեխայի լսողական սարքը՝ որակի տարբերություն է զգում»:
Լոռու մարզում հաշմանդամների զբաղվածության խնդիրը մասնակի լուծող Կույրերի միավորման Վանաձորի գործարանը այս տարվա սկզբից չի աշխատում: Աշխատանք ունեցող 30 կույր այժմ համալրել է գործազուրկ հաշմանդամների շարքերը: Գործարանն արտադրում էր էլեկտրաբլոկներ, ստվարաթղթե տուփեր, լվացքակալներ: Պատկան կառույցներն ասում են, որ գործարանի աշխատելը անմիջականորեն կապված է պահանջարկի հետ՝ ճգնաժամի պատճառով ՌԴ-ում էլեկտրաբլոկների արտահանման պահանջարկ չկա, իսկ ստվարաթղթե տուփերը պահանջվում էին Վանաձորի «Ավտոգեն Էմ» գործարանի արտադրանքը փաթեթավորելու համար, որը կրկին ՌԴ էր արտահանվում: Քիչ թե շատ պահանջարկ ունեցքող լվացքակալներն էլ չեն արտադրվում թանկ ինքնարժեքի պատճառով՝ փայտի թանկացման հետ զուգահեռ:
Շուտով Վանաձորում կգործարկվի աղբի տեսակավորման եւ վերամշակման գործարանը: Պետությունն ու գործարարը համաձայնության են եկել, վերջինս պարտավորվել է աշխատանքի ընդունել հաշմանդամների, սակայն նրանց մի մասը հրաժարվել է՝ աշխատանքը դուր չի եկել: Այժմ զբաղվածության Լոռու մարզային կենտրոնում այդ աշխատանքի համար ցուցակագրել են 15 հաշմանդամի, սակայն մտավախություն կա, որ նրանց թիվը կնվազի:
Հաշմանդամների եւ գործատուների հետ պարբերաբար հանդիպումներից հետո Զբաղվածության Լոռու մարզային կենտրոնի պետ Արա Առաքելյանը եզրակացնում է, որ իրականում գործատու-աշխատակից դաշտը լիարժեք ձեւավորված չէ: «Սահմանափակ աշխատատեղերի պատճառով գործատուները նախընտրում են աշխատանքի ընդունել իրենց բարեկամներին կամ շրջապատից, հետո աշխատակիցը միայն նեղ մասնագիտական խնդիրներ չի լուծում, այլ պարտականություններ էլ է կատարում, առողջական խնդիրներ ունեցող մարդը այդքան հնարավորություն չի ունենա»,- ասում է Արա Առաքելյանը:
2009 թվականին մասնագիտական վերապատրաստման երեք ծրագրերում 139 քաղաքացի է ընդգրկվել, որից՝ 15 հաշմանդամ, նրանցից 9-ը աշխատում է, 2-ը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում: «Այստեղ օրենքի անկատարությունն է պատճառը, մարդն իրենից անկախ ընկնում է բյուրոկրատական քաշքշուկի մեջ: Պարտադիր պայման է շահութաբեր բիզնես-պլան ներկայացնելը եւ համաձայնեցման ու տնտեսական հաշվարկների կոմիտեի քննարկումից հետո միայն կորոշվի, եթե դա առողջ մարդու համար է անհաղթահարելի, հաշմանդամի համար որքան դժվար կլինի»,- նկատեց Արա Առաքելյանը: Նաեւ բացատրեց, որ հատկապես դժվար տեղաշարժվող մարդկանց համար աշխատանքի գնալը իսկական փորձություն է եւ հոգնեցուցիչ, եթե հաշվի առնենք, որ նրանք բարձրահարկերում են բնակվում, իսկ վերելակներ եթե շենքում կան էլ՝ չեն աշխատում: Վանաձորի հաշմանդամները չունեն ազատ տեղաշարժվելու հնարավորություն՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձը պետք է մեծ ջանքեր գործադրի քաղաքի մի շարք, օրինակ՝ Վարդանանց փողոցի դար ու փոսերը շրջանցելու համար:
Ստեփանավանում գործող «Լիարժեք կյանք» հ/կ նախագահ Սուրեն Մաղաքյանը, ով ոչ միայն իր, նաեւ իր ճակատագիրը կիսողների համար է աշխատանք փնտրում, հասկացել է. «Չնայած բազում արտոնություններին, բիզնեսի ներկայացուցիչները խանդավառված չեն հաշմանդամներին աշխատանքի ընդունելու հարցում, քանի որ դա տարբեր ծախսերի հետ է կապված, տարածքը պետք է հարմարեցվի հաշմանդամի ազատ տեղաշարժի համար՝ սկսած մուտքից, հաշմանդամը բազում խոչընդոտների է հանդիպում, ինքնագնացներ ու հարմարեցված ավտոբուսներ են անհրաժեշտ, որ դեռ մեր մարզում չկան»:
Սուրեն Մաղաքյանը չի ընդունում, թե հաշմանդամին պետք է խղճալ, նրա կարծիքով՝ դա սխալ քաղաքականություն է: Պետությունը պետք է ոչ թե աջակցի նպաստի կամ թոշակի ձեւով, այլ տրամադրի որոշակի գումար՝ անկախ կյանք ապահովելու համար եւ խթանի, որ հաշմանդամը սպառողից վերածվի հարկ վճարողի՝ թեկուզ կոշիկի վերանորոգման մի փոքր կրպակ ունենալով:
«Ունիսոն» հ/կ-ն ստեղծել է ինտերնետային կայք, որից հաշմանդամները կարող են տեղեկություն ստանալ աշխատատեղերի մասին եւ գրանցվել աշխատանք ունենալու համար: Կայքը ունի «Իրավաբանի անկյուն» բաժին: «Ցավոք, մենք այնքան ֆինանս չունենք, որ մարզերի բնակիչներին ուղղորդենք Երեւան եւ այլ մարզեր՝ աշխատելու, սակայն մեր էջի միջոցով նրանք կարող են համապատասխան աշխատանք գտնել իրենց մարզում, եթե աշխատելու ցանկություն ունեն»,- ասում են հ/կ ներկայացուցիչները: Հաշմանդամների սոցիալական պաշտպանության եւ հաշմանդամների հասարակությանը լիարժեք ինտեգրվելու բնագավառում տարբեր ծրագրեր են իրականացնում՝ հաշմանդամների խնդիրներով զբաղվող այլ հասարակական կազմակերպություններ: Բայց հ/կ-ները ունեն մի շարք ծրագրեր, չունեն բավարար ֆինանսական միջոցներ եւ ակնկալում են պետական աջակցություն: Օրինակ, «Լուսաստղը» պատրաստ է իրականացնել «Հավասար հնարավորություններ երիտասարդ հաշմանդամների համար» ծրագիրը, որի համար պահանջվում է 10 միլիոն դրամ: «Խուլերի կրթամշակութային կենտրոն» հ/կ-ն կարող է իրականացնել լսողության խնդիրներ ունեցող անձանց մասնագիտական ուսուցում, պահաջվում է 9,3 միլիոն դրամ: Վանաձորում գործող հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամների հարցերով զբաղվող «Արան» հ/կ-ն առաջիկա տարիներին կիրականացնի «Կռունկ 6» եւ «Կռունկ 7» ծրագրերը՝ Լոռու մարզի հաշմանդամների բժշկական օգնության եւ սպասարկման այլ ծառայությունների մատուցում, հաշմանդամների սոցիալական վիճակի բարելավում, վերականգնողական պարագաների վերանորոգում, նոր աշխատատեղերի ստեղծում: Ծրագրի արժեքը՝ 8.43 միլիոն դրամ: «Մոլորակ մշակութային լրատվական» կազմակերպությունն էլ շեշտը դրել է մշակութային կապերի ամրապնդման վրա: Ծրագրի անվանումն է «Իմ մոլորակը», ներառված են Լոռին, Տավուշը, Արագածոտնը: Ծրագրի արժեքը՝ 4.462 միլիոն դրամ: Այս ծրագրերն ընդգրկվել են Լոռու մարզի սոցիալ-տնտեսական ծրագրում, միայն վերջերս պարզվել է, որ ճգնաժամի պատճառով մի շարք ծրագրեր հետաձգվել են: Հ/կ-ները հուսալքության մեջ են եւ պետական աջակցության հույս չունենալով, փորձում են միավորվել եւ գրանտային ծրագրերի միջոցով իրականություն դարձնել իրենց երազած աշխարհը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել