Լրահոս
Օրվա լրահոսը

Արջերը սոված են, բայց՝ պաշտպանված

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"Գերմանացիները զարմացել են հայոց բնաշխարհի կենդանիների առատությունից

Վերջերս Մեղրիի տարածաշրջանում արջերն իջել-հասել էին մարդկանց բնակավայրեր եւ ներխուժելով այգիներ՝ ծառերը ջարդել ու ամբողջ միրգը կերել են: Այս միջադեպը բնապահպանները բացատրեցին արջերի սոված լինելով: Եվ քանի որ այս տարին նախորդների համեմատությամբ անպտուղ էր, արջերը քաղցից չկոտորվելու համար հասել էին մարդկանց մշակած պտղատու այգիներ: Երեկ, սակայն, «Առավոտի» հետ զրույցում Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն այդ ամենի մասին այլ կարծիք ուներ: Պարոն Մանվելյանին երեկ հանդիպեցինք Հայաստանի բնության պետական թանգարանում՝ Կենդանիների պաշտպանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Նրա համոզմամբ, քանի որ արջերն այդ տարածաշրջանում շատ լավ պաշտպանված են, ուստի նրանց թիվն ավելացել է եւ արդեն մարդկանց բնակավայրեր են իջնում: Կ. Մանվելյանը, որն ի պաշտոնե երկար տարիներ զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ, օրերս է գերմանացի իր գործընկերների հետ վերադարձել Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից. ե՛ւ ինքը, ե՛ւ գերմանացիները զարմացած են այդ տարածքներում ազատորեն թափառող կենդանիների առատությունից: Մեր զարմացած հարցին, թե կատակո՞ւմ է, որ մեր երկրում կենդանիները պաշտպանված են, պարոն Մանվելյանն ասաց. «Ոչ, հատկապես հարավային հատվածներում կենդանիների վիճակը շատ լավ է: Իհարկե, որոշ աշխատանքներ դեռեւս պետք է արվեն կենդանիների համար առավել ապահով միջավայր ստեղծելու նպատակով: Ինչ վերաբերում է արջերին, ապա Մեղրիի «Արեւիկ» ազգային պարկում իսկապես խնդիր ունենք բնակիչների եւ արջերի միջեւ, բայց պահակային ռեժիմը կուժեղացնենք, որ որեւէ մեկը չտուժի»:
Պարոն Մանվելյանից հետաքրքրվեցինք, թե այսօր որո՞նք են մեր բնաշխարհի անհետացող կենդանիները: Ըստ նրա՝ ընձառյուծը, բեզուարյան այծը, հայկական մուֆլոնը եւ որոշ թռչուններ ու սողուններ:
Երեկ Բնության թանգարանում երիտասարդ նկարիչ Դավիթ Հակոբյանի գեղանկարների ցուցահանդեսն էր նաեւ: 26-ամյա Դավիթը ստեղծագործել սկսել է 4-5 տարեկանից: Սակայն այդ տարիքում, ինչպես ինքն է պատմում, պատերազմ, զենք, կռիվ ու սպանություն է նկարել: Այսօր նրա կտավներում միայն բնություն է:
Հասուն տարիքում սա Դավիթի անհատական առաջին ցուցահանդեսն է:
Դավիթից հետաքրքրվեցինք, թե դժվար չէ՞ երիտասարդ նկարչին կայանալը եւ, արդյոք, իր ճանապարհին որեւէ խոչընդոտ չի՞ առաջանում. «Շատ է լինում, որ մեծամիտ նկարիչները սխալ խորհուրդներ են տալիս կամ այնպիսի քամահրանքով են գործերին վերաբերվում, որ սկսնակ նկարիչը կոտրվում է: Նկարելը երգել չի, որ մեկը երաժշտությունը գրի, մյուսը՝ խոսքերը ու համատեղ գործ ստացվի, նկարելը միայն դու ես ու մի սխալ խորհուրդ ու խոչընդոտ՝ կարող է վատ անդրադառնալ սկսնակի վրա: Բայց եթե բախտդ բերի ու ավագ սերնդից լավ մարդու հանդիպես, նա ճիշտ խորհուրդ կտա ու շատ բան կսովորես»: Թանգարանի ցուցասրահում ներկայացված էր Դավիթի շուրջ 66 աշխատանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել