Լրահոս
Օրվա լրահոսը

ՈԼՈՐՏԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾՎԵՆ

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"Քանի որ տարիների ընթացքում շատերը կարող են մրցակցությանը չդիմանալ

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը որպես տնտեսության գերակա ճյուղ զարգացնելու համար ՀՀ կառավարությունը հայեցակարգ է մշակել, ըստ որի՝ մինչեւ 2018 թվականը Հայաստանում պետք է ստեղծվի 1000 ՏՏ ձեռնարկություն: Սակայն այս ոլորտի մասնագետները հավաստիացնում են, որ երկրում տեխնոլոգիական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել ոչ թե 1000, այլ դրանից 5 անգամ ավելի ՏՏ ձեռնարկություններ, քանի որ մինչեւ 2018 թվականը, մոտավոր հաշվարկներով, մրցակցության ռիսկային պայմաններին դիմանալու է ստեղծված ընկերությունների 1/5-ը, ինչը բավարար չէ ոլորտի կայուն զարգացման համար: Սա ենթադրում է, որ տարեկան պետք է գոնե 300-500 նման ընկերություն ստեղծվի, բայց այժմ ստեղծվում է դրանից 10 անգամ պակաս՝ տարեկան ընդամենը 30 ընկերություն: Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքերով. «Նոր ընկերությունները ստեղծվում են ինքնաբերաբար, առանց կառավարության աջակցության: Ավելի շատ ընկերություններ ստեղծելու համար պետք է ենթակառուցվածքների խնդիրը լուծել: Սա պետք է շատ արագ կազմակերպել, որպեսզի դրանք առաջանան, քանի որ տարեկան 500 ընկերություն նշանակում է 500 լիդեր, այսինքն՝ 500 ամբիցիա ունեցող անձ, որոնք ունեն 500 գաղափար, կարող են հավաքել 500 թիմ: Նրանց անհրաժեշտ է գոնե մինիմում ֆինանսավորում, որ իրենց գաղափարը կարողանան վերածել բիզնեսի եւ ներկայացնել շուկա: Բացի այդ, նրանց պետք է միջավայր, որը նրանց կպաշտպանի, եւ տարածքներ, որտեղ նրանք կկարողանան աշխատել»: Այս ամենը կազմակերպելու համար, ըստ Կ. Վարդանյանի, կա հստակ մեխանիզմ: Նրա կարծիքով, առաջին հերթին պետք է ի հայտ բերել այն մարդկանց, ովքեր որեւէ գաղափար ունեն. «Մեր երիտասարդների մի զգալի մասն ամբիցիաներ չունի: Եթե այդ մարդիկ եկան ասպարեզ եւ ստեղծեցին իրենց ձեռնարկությունը, կկարողանան իրենց բիզնեսում հաջողությունների հասնել: Նրանց ասպարեզ հանելը հիմնականում արվում է մրցույթների ձեւով: Մրցույթների ժամանակ կարելի է ընդօրինակել ավստրիական մոդելը, որը սկսում է շատ փոքր պետական գումարային աջակցություններից, որոնցով մարդիկ կարողանում են ներկայացնել իրենց գաղափարը: Եվս մեկ կարեւոր հատված՝ նորաստեղծ ընկերությունները որտեղի՞ց պետք է վերցնեն այն խնդիրները, որոնց պետք է լուծումներ տան: Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք ԱՄՆ-ի ճանապարհով, որտեղ յուրաքանչյուր նախարարություն հրապարակում է իր բոլոր խնդիրները: Օրինակ՝ ՆԱՍԱ-ի SBIR ծրագիր կա, որին կարող են դիմել ընկերությունները եւ ներկայացնել որեւէ խնդրի իրենց լուծումը: Առաջարկը ընդունվելու դեպքում սկսում են բանակցել՝ գումար ստանալու նպատակով: Մեզ մոտ էլ, կարծում եմ, պետք է ազգային մարմին ստեղծել, որտեղ ամեն նախարարություն կասի իր խնդիրը, որի լուծումներն էլ բյուջեով նախատեսված կլինեն: Այսպիսի ծրագիր արդեն ներկայացրել ենք կառավարություն»:
Բացի այդ, ըստ նրա, նորաստեղծ ընկերություններին պետք է վերապատրաստել, ինչի համար միջազգային ճանաչված առաջնորդության դպրոցներից՝ Հարվարդի կամ Ստենֆորդի, մասնագետները պետք է գան այստեղ եւ վերապատրաստեն նորաստեղծ ընկերություններին, որպեսզի նրանց բիզնես գիտելիքներն արդեն լինեն միջազգային ու լոկալիզացված. «Պիտի ինկուբատորներ ու տեխնոպարկեր լինեն, որպեսզի նորաստեղծ ընկերությունը այլեւս ջանք չթափի ցանց ստեղծելու վրա, իրենք գան միանան ցանցին ու սկսեն աշխատել: Մտավոր սեփականության խնդիրն էլ կա. եթե մենք ունենք 500 ընկերություն, ապա 500 գաղափար պետք է պաշտպանենք: Նորաստեղծ ձեռնարկությունների ճանապարհային քարտեզի առանձին հանգույցները ռեալիզացնելու ճանապարհին որոշ կազմակերպություններ մեզ աջակցում են, մասնավորապես USAID-ի «Caps» ծրագիրը, որը աջակցում է նորաստեղծ ընկերություններին, որպեսզի նրանք մասնակցեն այս ոլորտի միջոցառումներին, այդ թվում՝ Digitec-ին: Մենք այդ ծրագրի հետ կազմակերպում ենք արտագնա հանդիպումներ, տարբեր ֆորմատների քննարկումներ, որոնց ընթացքում ՏՏ ոլորտը հնարավորություն է ունենում ընդհանուր խնդիրների լուծումներ առաջարկել: Այդ միջոցառումներին առնվազն 5-10 ընկերություն է մասնակցում, մինչդեռ շահագրգիռ մասնակիցները պետք է բազմապատկվեն, որպեսզի մենք հաջողության հասնենք: Բայց պետք է նկատել, որ մեր ցուցահանդեսներին՝ Digitec-ներին արդեն մոտ 15 հազար մարդ է այցելում, հիմնականում երիտասարդներ: Այս տարի Digitec-ին, որը կկայանա հոկտեմբերի 29-30-ը, նույնպես մեծ ակտիվություն ենք ակնկալում, քանի որ սա արդեն կայացած լավագույն հարթակն է, որտեղ ընկերությունները կարողանում են ներկայացնել իրենց ապրանքը, եւ միաժամանակ երիտասարդները համոզվում են, որ այս ոլորտում իրենց հասակակիցներից շատերը լուրջ հաջողությունների են հասել»: Մեր այն հարցին, թե ինչու երիտասարդները չեն ուզում մտնել այս ոլորտ, չնայած նրան, որ այդքան աշխատանքներ արվում են եւ դեռ նախատեսվում են, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Երկրում գործող բիզնես մոդելները արատավոր են, եւ այդ երեխաներին չեն տրամադրում աշխատել ոլորտում: Բացի այդ, տեղյակ չեն, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք արդեն միջազգային լուրջ ճանաչում ունեն: Երիտասարդներին պետք է կանաչ ճանապարհ տալ, եւ այդ առումով կարեւորում եմ CAPS-ի կողմից սկսնակներին աջակցելու նախաձեռնությունը»:
USAID-ի «Caps» ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանն էլ պատասխանելով մեր հարցերին, ասաց. «Դա ինքնանպատակ չի արվում, նպատակը ՏՏ զարգացման հայեցակարգի իրականացմանն աջակցելն է: Մինչեւ 2018 թվականը պետք է ՏՏ նոր ընկերությունների ստեղծմանը լուրջ զարկ տրվի: Առաջին հերթին՝ դա անելու համար պետք է համապատասխան միջավայր ստեղծվի, իսկ քանի որ այս ոլորտում հիմնականում երիտասարդներ են՝ նորավարտ երիտասարդներ, պետք է նրանց նորարարական գաղափարներն իրականացնելու նախնական փուլի ֆինանսավորումն ապահովվի, եւ, ի վերջո, պետք է ստեղծվեն վենչուրային հիմնադրամներ, որպեսզի, եթե որեւէ երիտասարդ կամ ընկերություն ունի որեւէ լավ գաղափար, ապա հնարավորություն ունենա դիմել վենչուրային հիմնադրամին եւ նորարարական գաղափարները իրականացնելու աջակցություն ստանա: Եթե նորաստեղծ ընկերություններից գոնե 10-ը հասնեն հաջողության, ապա մենք կհամարենք, որ ոլորտին աջակցելն արդարացված է: Մենք աշխատում ենք, որպեսզի համապատասխան միջավայր ստեղծենք այս ամենն իրականացնելու համար»: Արտակ Ղազարյանի խոսքերով, կարեւոր է աջակցել սկսնակ ընկերություններին՝ եւ իրենց գաղափարները բիզնեսի վերածելու, եւ ապրանքը շուկային ներկայացնելու, եւ արտահանելու հնարավորություններ ստեղծելու տեսակետից, եւ, իհարկե, նաեւ պետք է պայմաններ ստեղծել նոր գիտելիքներ ստանալու ու համաշխարհային զարգացումներին համընթաց առաջ շարժվելու առումով: Դրա համար «Caps»-ն անցած տարիների ընթացքում կազմակերպել է բազմաթիվ սեմինարներ, ամառային դպրոցներ, հրավիրել է արտասահմանյան մասնագետների, փորձագետների՝ ոլորտում անհրաժեշտ գիտելիքների բացը լրացնելուն ուղղված հատուկ ծրագրեր իրականացնելով:
Նշենք, որ վենչուրային հիմնադրամ ստեղծելու գործունեություն ծավալում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Այս հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի տեղեկացմամբ. «Այս գումարները տրամադրելու է Համաշխարհային բանկը վարկի տեսքով եւ մասնավոր հատվածը, ամեն կողմից $3 միլիոնի չափով, նորաստեղծ ընկերություններին գաղափարներն իրականացնելու համար կտրամադրվի մոտ $200 հազար: Սակայն այս ամենը կսկսվի միայն հաջորդ տարվա հունվար ամսից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել