Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկել են Սյունիքի բնակիչներին

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"Ուստի Սյունիքի մարզում ուրանի շահագործման ծրագրի դեմ բողոքի գործողությունը փոխարինվեց պահանջագիր-ահազանգով

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հայտնեց «Առավոտին». «Դեռ մեկ ամիս առաջ, երբ այցելել էի Սյունիքի մարզ՝ այնտեղ հանդիպումներ էի ունեցել համայնքների ներկայացուցիչների, բազմաթիվ բնակիչների հետ: Եվ նախնական որոշում էինք ընդունել, թե Տաթեւ-Հալիձոր ճոպանուղու բացման հանդիսության օրը հնարավոր է օգտագործենք անցկացնելու պիկետ՝ բողոքի ակցիա ընդդեմ Սյունիքի մարզում ուրանի շահագործման ծրագրի եւ ի զորակցություն հայրենի զբոսաշրջության: Սակայն պարզվում է, որ մարզի ղեկավարությունը շատ լավ տեղյակ էր այդ մեր պայմանավորվածությանը: Քանի որ բացմանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, մասնակցելու են Հայաստանի տարբեր պաշտոնյաներ եւ բազմաթիվ օտարերկրացի հյուրեր՝ անվտանգության ծառայությունը եւ մարզի ողջ ղեկավարությունը հատուկ միջոցառումներ են ձեռնարկում՝ ուղղված Սյունիքի մարզի տարբեր խմբերի դեմ, խոչընդոտելու, որպեսզի բողոքողները չմասնակցեն մեր ակցիային: Նրանց, ովքեր ներկա են եղել մեր այդ հանդիպմանը՝ ահաբեկել են, նշելով՝ հանկարծ չփորձեք մասնակցել այդ պիկետին կամ նման որեւէ միջոցառման: Ինձ այդ մասին հայտնել են 2 օր առաջ: Ինձ համար ցանկալի չէր, որ մարզի բնակիչներն այդ միջոցառման պատճառով բռնության կամ որեւէ հետապնդման զոհ դառնան, ուստի որոշեցի, որ պիկետն իրենց հետ չենք անցկացնի, այլ կնախաձեռնենք մեր այստեղի ուժերով՝ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդների ու մի շարք ՀԿ-ների հետ: Բայց հիմա պարզվում է, որ հանդիսության տարածքն ամբողջությամբ փակ է լինելու, որեւէ մեկը չի կարողանալու մոտենալ:
«Ժառանգություն» խմբակցությունը ստացել է անվանական հրավիրատոմսեր՝ մասնակցելու այդ միջոցառմանը: Ես ցանկացա ինքս էլ մասնակցել: Եթե նույնիսկ մենակ լինեի՝ կաշկանդված չեմ իմ բողոքն արտահայտել միայնակ: Բայց պարզվեց, թե որեւէ անձ, որը հրավիրատոմսով անձնապես հրավիրված չէ՝ իրավունք չունի մասնակցել, ու բոլոր հրավիրված անձանց անունները նախագահի անվտանգության ծառայությունում են: Եվ քանի որ իմ անունն այնտեղ չկա՝ ինձ թույլ չեն տալիս մասնակցել, եւ հետեւաբար, չեմ կարող իրականացնել ծրագրված միջոցառումը:
Այս պատճառով նախապես պլանավորված բողոքի միջոցառումը որոշեցինք փոխարինել «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավարներին եւ ողջ հանրությանը պահանջագիր-ահազանգ հղելով: Այն ծրագրի ղեկավարներին՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին կփոխանցենք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի միջոցով»:
«Ընդդեմ ուրանի շահագործման» հասարակական նախաձեռնության անունից վերոհիշյալ ահազանգում Զարուհի Փոստանջյանը հիշեցրել է, որ 2009-ի ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունը թույլատրել է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին ՀՀ տարածքում իրականացնել ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում 5 տարի ժամկետով. «Սյունիքի մարզի բնակիչները՝ բազմահազար ստորագրություններով, ՀՀ հասարակական եւ քաղաքական միավորումները՝ հայտարարություններով, Սյունիքի մարզի Կապան քաղաքի եւ Լեռնաձոր գյուղի ավագանիները՝ որոշումներով, դեմ են արտահայտվել ՀՀ տարածքում իրականացվելիք ուրանի հանքաքարի երկրաբանական որոնման, հետախուզման եւ ուրանի հանքավայրերի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմանը»: Նշելով, թե ՀՀ իշխանությունները խախտել են ազգային ու միջազգային օրենսդրությունը՝ որոշումների ընդունման գործընթացներում հաշվի չառնելով հասարակության կողմից ներկայացված կարծիքները, Զարուհի Փոստանջյանը հիշեցրել է. «Սյունիքի մարզն իր ընդամենը 4,506 քառակուսի կիլոմետր տարածքով եւ աշխարհագրական դիրքով չի կարող միաժամանակ շահագործել ուրանի հանքավայր ու զարգացնել զբոսաշրջություն»: Հարց է ուղղել. «Մի՞թե պարզ չէ, որ զբոսաշրջիկները չեն այցելի մի տարածք, որտեղ ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներ են տարվում»: Եվ այդ պահանջագիր-ահազանգով «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավարներին առաջարկել է. «Անհապաղ դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով հրաժարվել ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքների եւ ապագա ուրանի հանքավայրերի շահագործման վերաբերյալ ծրագրերից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել