Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ-4

Հոկտեմբեր 16,2010 00:00

\"\"Հայաստանի հեռուստաընկերությունների վերաբերյալ իրականացվող հարցումները վկայում են՝ հազիվ 5 ալիք կա, որը դիտում է լսարանի 5 տոկոսից ավելին: Եվ դրանց շարքում են «Արմենիան», «Շանթը» եւ Հ2-ը:

«Շանթ»
Այս հեռուստաընկերությունը հեռարձակման արտոնագիր ստացավ 2002-ի ապրիլին: Եվ իր մրցութային առաջարկում նշել էր. «Շանթ» հեռուստաընկերության լրատվական քաղաքականությունը կառուցվում է հավասարակշռված, ազնիվ, անկողմնակալ եւ օպերատիվ տեղեկատվություն մատակարարելու սկզբունքի վրա»: Նաեւ գյումրեցուն բնորոշ հպարտությամբ ազդարարել էին. «Այս ժանրում ընկերությունն ամենամեծ փորձն է կուտակել եւ ունի լավ պատրաստված թե՛ լրագրողական, թե՛ ղեկավար կազմ»:
Մրցութային առաջարկում նշված ծրագրերը «Շանթը» թեեւ իրականացրել է, սակայն՝ նախատեսվածից որոշ շեղումներով: Ասենք, «Հեռանկար» հաղորդաշարն ի սկզբանե այսպես էր ծրագրված. «Այս ծրագրի հիմնական ձեւը լինելու է թոք շոու, ակտիվ լսարանի եւ հրավիրված մի քանի կոմպետենտ հյուրերի միջեւ բանավիճելու եղանակով»:
Նախատեսվում էր նաեւ ամիսը 2 անգամ ուղիղ եթերում հեռարձակել մեկ այլ թոք շոու՝ «Դե յուրե», որը պետք է նվիրված լիներ դատաիրավական համակարգին: Հիշեցնենք, որ համանման մի թոք շոու «Շանթը» 2004 թվականին հեռարձակեց «Ազատություն» ռադիոկայանի հետ համատեղ, սակայն դադարեցրեց հաղորդաշարն առաջին իսկ թողարկումից հետո:
«Շանթի» մրցութային առաջարկում առավել մեծ տեղ են գրավում երգիծական, ժամանցային ծրագրերը, որոնք հայկական եթերում իրականացնելու համար, բնականաբար, չկա եւ ոչ մի խոչընդոտ:
«Արմենիա»
2003-ի մրցութային առաջարկում «Արմենիա» հեռուստաընկերությունն իր ծրագրային քաղաքականությունը ներկայացնելիս գերազանցապես շարադրել էր արդեն իրականացված ծրագրերը: Եվ առանց մանրամասնելու՝ ուղղակի նշել. «Ապագայում դրանք էապես փոփոխվելու են»: Այնպես որ՝ այս առումով գրեթե առանձնացնելու բան չկա, թե ինչ էին խոստացել ու չեն կատարել:
Միայն մի նկատառում՝ իր ծրագրերը ներկայացնելով՝ «Արմենիան» հընթացս կարծես անընդհատ բանավիճել էր՝ շեշտելով դրանց տարբերությունն այլոց համեմատ: Ասենք՝ «Օրվա հերոսը» հաղորդաշարի կապակցությամբ առաջարկում նշված է. «Ճիշտ է, որոշ լրատվամիջոցների համար գործում է «ինչքան վատ, այնքան լավ» խոցելի սկզբունքը, եւ նրանք հետամուտ են բացասական «սենսացիաների» մատուցմանը հեռուստալսարանին, այս դեպքում, սակայն, կադրում ներառվում է կենդանի, արարող եւ խորհող Հայ Մարդը՝ մեր այսօրվա իրականության հերոսը»: Կամ՝ «Ժամը» լրատվական ծրագրի կապակցությամբ նշված է. «Ինչպես ցույց են տալիս անցկացված մի շարք հարցումները, հատկապես Մերձավոր Արեւելքում շատ-շատերը նախընտրում են տվյալ ծրագրի բնույթը՝ հավասարակշռված, ազատ, բայց խոսքի պատասխանատվությունը գիտակցող լրատվական այս ծրագրի ստեղծագործական մոտեցումը. չընկնել էժանագին սենսացիաների հետեւից, ապակողմնորոշել հասարակությանը՝ գրգռելով եւ արթնացնելով չարը հասարակության անապահով խավերի հոգիներում»: Մի խոսքով, նրանք եւս շեշտել են, որ, ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր նշում՝ «ազատ եւ պատասխանատու» լրատվամիջոց են:
Մրցութային առաջարկում նաեւ նշված է, թե «Արմենիա» հեռուստատեսության հետագա ժամանակաշրջանի ծրագրային քաղաքականությունը կառուցվելու է այդ չափանիշների եւ սկզբունքների հիման վրա: Այդ մի խոստումը հաստատ կատարեցին:

Հ2
Նույն սկզբունքով էլ 2003 թվականի իր մրցութային առաջարկը կառուցել էր հետագայում Հ2 վերանվանված «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը, այսինքն՝ ներկայացրել արդեն իրականացված ծրագրերը: Եվ այստեղ նույնպես արվել են պնդումներ սեփական գործունեության վերաբերյալ, որոնք, ինչպես եւ վերոհիշյալ երկու հեռուստաընկերությունների պարագայում՝ առնվազն քաղաքական մասով, շատերի համար վիճարկելի կհնչեն. «Օպերատիվ եւ ճշգրիտ կերպով «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրի թղթակիցները մեր հեռուստադիտողին են ներկայացնում այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում օրվա ընթացքում քաղաքականության, տնտեսության, մշակույթի, սպորտի ոլորտներում եւ ընդհանրապես հասարակական կյանքում»:
Նույն կերպ նշել էին, թե «Պրոմեթեւսի 4-րդ ստուդիա» կամ «Խոսքի իրավունք» ծրագրերի շրջանակներում իրենց կարծիքը հայտնելու եւ բանավիճելու հնարավորություն են ստանում քաղաքական գործիչները: Մինչդեռ հանրահայտ է, որ ոչ միայն այս, այլ նաեւ այլ հեռուստաընկերությունների եթերն առնվազն այդ շրջանում (եթե ոչ մինչ այժմ) բաց էր առավելապես իշխանական գործիչների համար, եւ 7 փակի տակ՝ արմատական ընդդիմության համար:

«Հայ TV»
Վերոհիշյալ բոլոր հեռուստաընկերություններն էլ այն ժամանակ արդեն իսկ գործող էին, ու թերեւս նաեւ բնական էր, որ մրցութային առաջարկում առավել ներկայացրել էին այն, ինչ արել էին:
Մինչդեռ այլ է 2002-ի ապրիլին նոր հեռարձակման հնարավորություն ստանալու հայտ ներկայացրած «Շարկ» ՍՊԸ-ի պարագան, որը հիմնադրեց «Հայ TV» հեռուստաընկերությունը: Մրցութային առաջարկում ներկայացնելով իրենց ծրագրերը՝ նրանք բազմաթիվ պայմանական անուններով հաղորդումներ էին նշել, որոնք հետագա տարիներին այդպես էլ չիրականացրին՝ «Պատմության առեղծվածները», «Նշանավոր մարդկանց կյանքը», «Տնային ուսուցիչ», «Երկիր Հայաստան», «Մեր հյուրը» թոք շոու, «Մենք ուրիշ ենք» զրույց շոու եւ այլն:
Առաջիններից մեկը նշել էին «Միայն լավ նորություններ» լրատվական թողարկումը, որը պետք է հեռարձակվեր օրը 2 անգամ. «Կներկայացնի օրվա լրահոսում տեղ գտած դրական նորությունները: Այդպիսիք են, օրինակ, օրվա ընթացքում ծնված երեխաների թիվը կամ շուտով սպասվող տոնախմբությունների մասին լուրերը: Վստահաբար՝ այս թողարկումը դրական լիցք կհաղորդի բոլոր հեռուստադիտողներին»:
Ուշագրավն այն է, որ թեեւ «միայն լավ լուրեր» հաղորդելու խոստում տվել էին երկու ընկերություններ՝ «Շարմն» ու «Շարկը», սակայն նրանցից եւ ոչ մեկը հետագայում չիրականացրեց այն: Իրականացրեց երրորդը՝ «Արմնյուզ» ընկերությունը: Ի դեպ՝ վերջինիս հեռուստատեսային լսարանի ծավալը գոնե սեպտեմբերի ընթացքում երբեմն հազիվ է 1 տոկոսի հասել, եւ այն մշտապես տեղ է գրավել վարկանիշային ցուցակի վերջին հնգյակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել